«Ինչո՞ւ են խուսափում դատարանից, եթե կարծում են, որ ճիշտ են». «Լիդիան» ընկերության իրավախորհրդատու
Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները բողոքում են, որ իրենց դեմ «Լիդիան» ընկերությունը դատական հայցեր է ներկայացնում: Այժմ ընթացքի մեջ է ակտիվիստ, իրավաբան Նազելի Վարդանյանի դեմ դատական գործը: Նազելի Վարդանյանը սա համարում է ընդդիմախոսներին լռեցնելու փորձ: Այս մասին զրուցել ենք «Լիդիանի» իրավախորհրդատու Սայադ Բադալյանի հետ:
– Ընկերությունը սկսել է ավելի հաճախ դատարան դիմել Ամուլսարի շահագործման դեմ արտահայտվող մարդկանց նկատմամբ։ Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ դուք որոշել եք պայքարը տեղափոխել իրավական դաշտ։
– Նախ՝ մի ճշտում: Մինչև Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումը «Լիդիանը» զրպարտության համար որևէ հայց չի ներկայացրել, որքանով որ ես եմ տեղյակ, չնայած զրպարտության հազարավոր դեպքերին: Ընկերությունը նախկինում փորձել է շարժվել ապատեղեկատվությանը հրապարակային պատասխանելու սկզբունքով, հնավարորինս խուսափելով դատական հայցերից: Բայց, ինչպես ցույց տվեցին Ամուլսարի շուրջ իրադարձությունները, բանավեճի դաշտում դժվար է հաղթել, եթե դիմացինի նպատակը ճշմարտությունը բացահայտելը չէ, այլ՝ մանիպուլյացիա անելը: Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են իրենց բնապահպան հռչակած մարդիկ հնչեցնում իրականությանը չհամապատասխանող կեղծ լուրեր, և երբ այսօր ընկերությունը որոշել է պատասխան պահանջել դատարանում, նրանք անմիջապես հայտարարում են, թե ընկերությունն իրենց լռեցնելու նպատակ է հետապնդում։ Ստացվում է, որ նրանք նախապես վստահ են, որ դատարանում պարտվելու են, քանի որ իրենց խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող ոչ մի փաստ չունեն, մինչդեռ ընկերության ձեռքում բազմաթիվ են հակառակն ապացուցող փաստերը։
– Արդյո՞ք նման հայցերով չեք ստիպում, որ Ամուլսարի դեմ խոսողները լռեն:
– Թյուր պատկերացում կա, որ դատարան կարելի է դիմել ցանկացած ընդդիմախոսի դեմ: Որևէ մեկին հնարավոր չէ արգելել արտահայտել իր տեսակետը, այդ թվում՝ հանքի շահագործման դեմ: Բայց խնդիրն այն է, որ տարիներ շարունակ այս ակտիվիստներից շատերը հանրությանն ասել են, որ դեմ են Ամուլսարի շահագործմանը, և իրենց տեսակետը հիմնավորելու համար բերել են կեղծ տվյալներ: Եթե ակտիվիստը չի կարողանում հիմնավորել իր դիրքորոշումն առանց զրպարտության ու ակնհայտ կեղծիք տարածելու, եթե վիրավորում է հանքի հազարավոր կողմնակիցներին, ներգրավված գիտնականներին, ոլորտի մասնագետներին, դրան անհրաժեշտ է արձագանքել, քանի որ հանդուրժող վերաբերմունքը հաճախ ընդունում են՝ որպես փաստարկ չունենալու նշան։ Ի դեպ, Ամուլսարի աջակիցները, այդ թվում՝ համայնքներից, հաճախ են «Լիդիանին» այդ հարցը տվել, որ, եթե նրանք սուտ են ասում, ինչո՞ւ դատի չեք տալիս: Հիմա սկսել ենք մտածել, որ դա միգուցե ճիշտ հարցադրում է: Մի՞թե իրավունքների պաշտպանության կարիք ունեն միայն ակտիվիստները: Չէ՞ որ հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանք, չէ՞ որ համայնքներում Ամուլսարի ծրագիրը բազմաթիվ աջակիցներ ունի, ու նրանք նույնպես իրավունք ունեն պաշտպանված լինելու կեղծիքից:
– Նազելի Վարդանյանը նշում է, որ կոնկրետ իրեն դատի տալով՝ դուք նրան վախեցնելու նպատակ ունեք։
– Զարմանալի է։ Ի՞նչ կարիք կա «վախենալու», եթե վստահ է իր ասածի վրա: Իսկ եթե զրպարտել է, ներեցեք, պետք է պատասխանատվություն կրի դրա համար, նախ և առաջ՝ հանրության առաջ: Մասնավորապես՝ Նազելի Վարդանյանն ընկերությանը մեղադրել է «կաշառք տալու մեջ»: «Լիդիան Արմենիան» մշտապես գործել է օրենքի շրջանակում, և նման պնդումը ստվեր է գցում ընկերության վրա։ Այդ հայտարարության հեղինակը պետք է հրապարակային հերքի այդ պնդումը, նաև դրամական պատասխանատվություն կրի, որպեսզի շոշափելիորեն ավելի ընկալելի լինեն զրպարտչական տեղեկատվության տարածման հետևանքները։
– Բայց չէ՞ որ շատերն են նման պնդում արել:
– Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր «Լիդիանը» նման պնդումներ անողներից մի քանիսի դեմ է հայց ներկայացրել: Հիմա իրենց «իրավացիությունը» դատարանում ապացուցելու փոխարեն՝ այս մարդիկ իրենց «լռեցնելու» մասին են բողոքում: Ո՞վ է իրենց ստիպում լռել, թող դատարանում ապացուցեն, որ ճիշտ են, եթե վստահ են, որ ճիշտ են: Այն, որ «Լիդիանն» աշխատել է բացառապես օրենքի սահմաններում, ապացուցեցին նաև ավելի քան 1,5 տարի Ամուլսարի ծրագրի շուրջ անվերջ ստուգումները, աուդիտները, որի արդյունքում կառավարությունն ընդունեց, որ ոչ մի իրավական հիմք չկա «Լիդիանի» իրավունքները սահմանափակելու համար:
– Բայց ճանապարհները շարունակում են փակ մնալ: Ստացվում է, որ իրավական հիմք չկա, բայց պետությունն իր գործառույթները չի՞ կատարում:
– Դա արդեն առանձին խոսակցության թեմա է, և պետության՝ ներդրողի հանդեպ արդար ու մրցակցային պայմաններ չապահովելու դաշտում է, ինչը, անհրաժեշտության դեպքում, քննվելու է այլ իրավական գործընթացների շրջանակում:
– Իսկ ե՞րբ է ընկերությունը նման որոշում կայացնելու։
– Ես ընկերության փոխարեն այդ հարցին պատասխանել չեմ կարող, բայց որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ այն, ինչ պետության մասնակցությամբ և անգործությամբ կատարվում էր և շարունակում է կատարվել Ամուլսարի շուրջ այս մեկուկես տարվա ընթացքում, մի շարք ներպետական իրավական ակտերի ու միջազգային պայմանագրերի կոպտագույն խախտում է, եթե նույնիսկ մի կողմ թողնենք երկրի վարկանիշին հասցված վնասը: