Բաժիններ՝

«Փյունիկ»-ը ներկայացրել է ՀՖՖ նախագահի իր թեկնածուին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի իր թեկնածուին:

Ակումբի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, մենք շեշտադրում ենք նաև այն փաստը, որ նոր նախագահը պետք է լինի ֆուտբոլին նվիրյալ մարդ, որը կցանկանա հիմնովին փոփոխություններ կատարել հայկական ֆուտբոլում, և անի ամեն բան այն առողջացնելու համար: «Փյունիկ» ՖԱ-ի կարծիքով Արսեն Աղաջանյանը լիովին համապատասխանում է այդ բոլոր չափանիշներին: Նա խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի: Պարոն Աղաջանյանը պատմական գիտությունների դոկտոր է, հեղինակավոր կինոփառատոններում մրցանակ ստացած գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ»:

Մինչ այս ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրվելու ցանկություն էր հայտնել Խորեն Հովհաննիսյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս