
Սիրիայում ամերիկյան ուժերի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդը

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերի (CENTCOM) կողմից դեկտեմբերի 19-ին Սիրիայի Դեյր-ազ Զաուր նահանգում հասցված ճշգրիտ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԴԱԻՇ) առաջնորդ Աբու Յուսիֆը, ինչպես նաև խմբավորման մեկ այլ անդամ։
Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերի կայքը։
Նշվում է, որ հարվածն իրականացվել է նախկինում սիրիական ռեժիմի և ռուսների կողմից վերահսկվող տարածքում։
«Ինչպես նախկինում ասվել է, Միացյալ Նահանգները, համագործակցելով տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ, թույլ չի տա ԻՊ-ին օգտվել Սիրիայում ստեղծված իրավիճակից և վերակազմավորվել:
ԴԱԻՇ-ը մտադիր է կալանքից ազատել ավելի քան 8000 ԴԱԻՇ-ի անդամների, որոնք ներկայում պահվում են Սիրիայում գտնվող հաստատություններում:
Մենք ագրեսիվ կերպով թիրախավորելու ենք այդ առաջնորդներին և անդամներին՝ ներառյալ նրանց, ովքեր փորձում են գործողություններ իրականացնել Սիրիայից դուրս»,- ասել է CENTCOM-ի հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլիան: