«Ակնհայտ է՝ գործող իշխանությունը դիրքորոշումը չի փոխելու՝ համարելով, որ արցախահայերի վերադարձը սպառնալիք է Հայաստանին». Արտակ Բեգլարյան

Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների ու Արցախից բռնի տեղահանված արցախահայերի հարցը նույն տրամաբանության մեջ դիտարկելը սխալ է։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունից՝ 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու և արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների վերադարձին զուգահեռ՝ միայն կարող է քննարկվել 1988-1990 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի հարցը։

«Արցախահայերի վերադարձը որևէ կերպ համադրելի ու համեմատելի չէ արտագաղթած ադրբեջանցիների հարցի հետ։ Մանրամասնեմ՝ ինչո՞ւ, կան մի քանի հիմնական հանգամանքներ։ Նախ, Արցախի ժողովուրդը կոմպակտ բնակվող, բնիկ ժողովուրդ էր Արցախում և ուներ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այսինքն՝ որպես ժողովուրդ համապատասխանում էր միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ուներ իշխանություն, ընդ որում, խորհրդային տարիներին ու դրանից հետո։ Արցախահայերը՝ որպես ժողովուրդ, ազգային կամ էթնիկ փոքրամասնություն չեն եղել որևէ երկրի կամ, ինչպես Ալիևն է պնդում՝ «Ադրբեջանի տարածքում»։

Ի տարբերություն արցախահայերի, ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանում և հայերը Խորհրդային Ադրբեջանում եղել են էթնիկ փոքրամասնություն, ոչ կոմպակտ բնակության, առանց որևէ կառավարման միավորի, հիմնական մասն առանց իրենց բնիկ հայրենիքում, բնակավայրում բնակվելու։ Ադրբեջանում բնակվող հայերի մի մասը բնիկ է եղել, որոնք բռնի տեղահանվել են՝ Դաշտային Արցախի, Ուտիքի հատվածներում բնականաբար բնիկ են եղել»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով միտքը, նա նաև ընդգծեց՝ նույնիսկ այս երկու հարցերի պատճառներն էլ համեմատելի չեն։ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է Ադրբեջանի կողմից կատարված ցեղասպանական քաղաքականության հետևանքով, իսկ Հայաստանում ժամանակին բնակվող ադրբեջանցիներն արտագաղթել են խաղաղ ճանապարհով, առանց որևէ բռնի ուժի, որևէ սպառնալիքի, կարողացել են իրենց տները փոխանակել հայերի հետ։ Եթե ադրբեջանցիները բռնի տեղահանված լինեին, ապա նրանք չէին կարող վաճառել իրենց տները կամ որևէ այլ գործարք անել։

Հայերի պարագայում այլ է եղել, քանի որ Ադրբեջանից հայությունը բռնի տեղահանվել է, արյունահեղության ճանապարհով՝ կյանքը փրկելու համար։ Արցախահայերի պարագայում ավելի ծանր վիճակ է ստեղծվել՝ արցախահայերն առերեսվել են ցեղասպանական քաղաքականության հետ, միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարվել են Ադրբեջանի կողմից՝ շրջափակում, սովամահության ռիսկեր, պատերազմական հանցագործություններ, ամբողջական ֆիզիկական բնաջնջման ռիսկեր և այլն։

«Արցախահայերը, իրենց կյանքը փրկելու համար, ստիպված են եղել բռնի տեղահանվել իրենց բնօրրանից։ Դրա համար այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, մենք ժողովուրդ ենք եղել Արցախում ու հիմա էլ ժողովուրդ ենք և որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ունեցել ենք մեր Հանրապետությունը։ Հետևաբար՝ բանակցություններում արցախահայերի հարցն այս երկու հարցերի հետ չպետք է համեմատվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է՝ արցախահայերի Արցախ վերադառնալու հարցն օրակարգ բերելուն, Արտակ Բեգլարյանն ասաց՝ այդ հարցն այժմ բարձրաձայնում են միայն արցախահայերը և միջազգային տարբեր գործիչներ կամ մարմիններ, օրինակ, Շվեյցիարիայի խորհրդարանն օրերս ընդունեց բանաձև՝ ԼՂ հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ, ինչը կարևոր է։

«Առանց ՀՀ իշխանությունների դիրքորոշման փոփոխության, ես չեմ տեսնում, որ մենք կարող ենք հաջողության հասնել։ Բայց ակնհայտ է, որ գործող իշխանություններն իրենց դիրքորոշումը չեն փոխելու, որովհետև իրենք համարում են, որ արցախահայերի վերադարձը սպառնալիք է Հայաստանին։ Իսկ առանց Հայաստանի պաշտոնական դիրքորոշման և միջազգային հարաբերություններում արցախահայերի վերադարձի հարցը առաջնային հարցերից մեկը դարձնելու, իսկապես չենք կարող հաջողության հասնել։ Բնականաբար, այս հարցը պետք է լինի բանակցությունների սեղանին, դառնալով սկզբունքային հարցերից մեկը։ Սա չի նշանակում, որ Հայաստանը տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մենք խոսում ենք արցախահայերի ինքնորոշման իրավունքի մասին»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուրջ 300.000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։

Ըստ նրա, խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:

Տեսանյութեր

Լրահոս