Կառավարությունը հետևողականորեն շարունակում է այն, ինչի համար մեղադրում էր նախկիններին

Ո՞ւմ և ինչի՞ համար են այդ գումարները, երբ բյուջեի փողերը մնացել են օդում կախված, հայտնի չէ

Նախորդ շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց միանգամից երեք նոր վարկային համաձայնագրերի։ Այդ համաձայնագրերով Հայաստանը կստանձնի շուրջ 86 մլն եվրոյի նոր վարկային պարտավորություններ։ Բոլոր երեք համաձայնագրերն էլ ընդունվեցին չզեկուցվող հարցերի շարքում` հասարակության աչքից ու ականջից հեռու։

Հասկանալի է, կառավարությունը հակված չէ շատ խոսել նոր վարկերի ներգրավման մասին։ Առավել ևս, այն կառավարությունը, որի ղեկավարը տարիներ շարունակ դեմ է արտահայտվել վարկերին։ Ու ոչ միայն դեմ է արտահայտվել, այլև լուրջ մեղադրանքներ հնչեցրել նախկինների հասցեին` երկիրը և բնակչությանը պարտքերի մեջ թաղելու համար։

Վարկերի ներգրավումը միշտ էլ ցավոտ խնդիր է եղել Հայաստանում։ Եվ հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, որ ժամանակները փոխվել են, այժմ արդեն վարկերը ոչ թե չարիք, այլ բարիք են, միևնույն է՝ հասարակությունը բացասաբար է տրամադրված վարկերի նկատմամբ` անկախ նրանից, թե ովքեր են կանգնած դրա հետևում` «հակաժողովրդակա՞ն», թե՞ «ժողովրդական» իշխանությունները։

Թերևս, դա էլ ստիպում է կառավարությանն աչքից հեռու պահել վարկերի ներգրավման գործընթացը։ Բայց դրանով, իհարկե, երևույթի էությունը չի փոխվում։ Պարտքը մնում է պարտք, և դա մի օր պետք է վերադարձնել։

Մինչև վերջերս կառավարությունը փորձում էր ցույց տալ, թե այլ մոտեցում ունի վարկերի հարցում, թե իշխանափոխությունից հետո սահմանափակել է դրսից ֆինանսական միջոցների ներգրավումը, թե երկրի արտաքին պարտքը թեթևացել, նույնիսկ կրճատվել է։ Բայց շատ ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ։

Պարտքի նվազումը կապված էր ոչ այնքան՝ նոր վարկեր չներգրավելու՝ կառավարության մոտեցումների, որքան՝ վարկային միջոցներով նախատեսված ծրագրերը թերակատարելու հետ։ Դա է պատճառը, որ կառավարությունը սկսել է որոշ վարկային համաձայնագրերի իրականացման ժամկետների վերաձևակերպման նոր հնարավորություններ փնտրել։

Վերջերս այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Ու դա պայմանավորվել է նրանով, որ գործող պայմանագրերում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում կատարել փոփոխություններ` հիմնականում ժամկետների երկարաձգման նպատակով։ Ոչինչ, որ այն կապվել է իրականացվող ծրագրերի պատասխանատուների ու կառուցվածքային փոփոխությունների հետ։

Մինչ ժամկետների շեղումների հետևանքով հետաձգվում են նախկին վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքները, կառավարությունն ակտիվորեն նորերն է վերցնում։ Ընդ որում, դրանք այլևս նախկին արտոնյալ կամ գրեթե անտոկոս վարկերը չեն։ Ներգրավվող նոր միջոցները հիմնականում առևտրային կամ դրանց հավասարեցված վարկեր են։

Թերևս, պատահական չէ, որ Հայաստանի պարտքը գնալով թանկանում է. միջին տոկոսադրույքն արդեն տատանվում է 5-5,1 տոկոսի շրջանակում։ Այդպես է, որովհետև ավելանում է թանկ փողերի մասնաբաժինը։

Նոր վարկերի ներգրավման նպատակով վերջին շրջանում կառավարությունը բավական ակտիվ աշխատում է Վերականգնման վարկերի բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման բանկի հետ։ Նրանք բոլորն էլ հաճույքով վարկեր են տրամադրում` ձեռքի հետ էլ գովերգելով կառավարության գործունեությունը։

Վերջերս Հայաստանի տնտեսության ու կառավարության արձանագրած «աննախադեպ» հաջողությունների վերաբերյալ նման մի զեկույց հրապարակեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Ու դա արեց բանկի հետ 45,8 մլն եվրոյանոց նոր վարկային համաձայնագրի վավերացմանը համաձայնություն տալուց անմիջապես հետո։

Դժվար է ասել, թե մեկը մյուսի հետ ինչքանո՞վ է կապված։ Բայց որ ինչ-որ բան այնպես չէ, նույնպես անհերքելի է։

Մինչև վերջերս բանկը Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատում էր 5 տոկոսից ցածր։ Օրերս հրապարակած նոր զեկույցում այն բարձրացրեց մինչև 6 տոկոսի։ Տարօրինակը, սակայն, ոչ թե բարձրացումն է, այլ դրա հիմնավորումները։ Զեկույցը փաստում է, որ  կառավարությանը հաջողվել է պահպանել ՀՆԱ կայուն աճը, չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված անկմանը։

Որ գյուղատնտեսությունն իսկապես անկումային է, այդպես էլ կա։ Բայց ինչպե՞ս կարելի է նույնն ասել հանքարդյունաբերության մասին, որտեղ, տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ աճը հասնում է գրեթե 20 տոկոսի։ Արտահանման ոլորտի ոչ այնքան բարվոք վիճակը ևս զեկույցի հեղինակը կապել է հանքարդյունաբերության «անկման» հետ։ Այդ ամենից հետո կարևոր չէ, թե ինչի արդյունքում է տնտեսական աճի ցուցանիշը թարմացվել միանգամից ավելի քան 1 տոկոսով։

Բայց դա էլ մի կողմ թողնենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունը ֆինանսական միջոցների կարիք կարծես չունի, փողը «լռվել»  է բյուջեում, բայց դրսից մի գլուխ գումարներ են ներգրավվում։ Գումարներ, որոնք պետք է ուղղվեն այս տարվա բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Տարվա ավարտին ընդամենը մեկ ամիս ժամանակ է մնում, ու զարմանալի է, թե ինչպե՞ս է կառավարությունը հասցնելու ծախսել այդ միջոցները։ Հատկապես որ, խոսքը բավական խոշոր գումարների մասին է։

Գործադիրի միայն վերջին նիստում հավանության արժանացած 3 վարկային համաձայնագրերով նախատեսվում է ստանալ շուրջ 86 մլն եվրո կամ գրեթե 100 մլն դոլար։ Դրան նախորդած մեկ-երկու նիստերում էլ համաձայնություն տրվեց գրեթե 150 մլն դոլար վարկային միջոցների ներգրավմանը։

Սրանք գումարներ են, որոնք գալու են համալրելու կառավարության արտաքին պարտքը։ Թեև, առանց այդ էլ, այն փոքր չէ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության միայն արտաքին պարտավորությունները հասնում են 5 մլրդ 59 մլն դոլարի` չհաշված վերջին օրերի ակտիվ ներգրավումները։

Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, և կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ Ակնկալվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստանալ ևս շուրջ 150 մլն դոլարի նոր վարկային միջոցներ։ Ո՞ւմ և ինչի՞ համար են այդ գումարները, երբ բյուջեի փողերը մնացել են օդում կախված, հայտնի չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս