«Իշխանություններին ամենաշատը ձեռնտու է, որպեսզի ընտրությունները լինեն արտահերթ». Արփինե Հովհաննիսյան
Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ Արփինե Հովաննիսյանն է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) քաղաքականացվածության մասին
Պրոցեսն իրոք քաղաքականացված է: Սա փաստում եմ ոչ միայն ես, սա փաստում է ԿԿՀ նորընտիր նախագահը և Վենետիկի հանձնաժողովը: Պրոցեսի և մարմնի քաղաքական լինելը մի պարզ բանաձևում ունի, որն իրենց բառամթերքում օգտագործել են թե միջազգային կառույցը, և թե հանձնաժողովի նախագահը: Նրանք ասել են, որ այս հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում: Բոլոր միջազգային մասնագիտացված կառույցները, այդ թվում՝ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը, ողջունել են այն կարգը, որը նախկինում է եղել, հենց մրցութային կարգը՝ ասելով, որ դրանով Հայաստանն ավելի է մոտենում միջազգային չափանիշերին, և իշխանություններին ներկայացրել է երկու հանձնարարական դեռևս 2018թ.: Դրանցից առաջինը, որը չի կատարվել, վերաբերում էր նրան, որ իշխանություններին ժամկետային բոնուս է տրվել՝ սահմանելու համար մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, և երկրորդ հանձնարարականը՝ ապահովել ԿԿՀ անդամների ընտրության թափանցիկությունն ու օբյեկտիվությունը և անել այնպես, որ նրանք զերծ լինեն որևէ ազդեցությունից, այդ թվում՝ քաղաքական: Սա նշանակում է, որ միջազգային լավագույն փորձն ասում է՝ մարմինը պետք է լինի ապաքաղաքական: Հիմա ինձ կբացատրե՞ք՝ ապաքաղաքական ինչպե՞ս կարելի է անվանել մի մարմնի, որի բոլոր անդամները նշանակվել են քաղաքական մարմինների կողմից:
ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի քաղաքական հայտարարությունների մասին
Այո, քաղաքական որոշակի հայտարարություններ նա արդեն իսկ արել է: Տիկին Հարությունյանը փաստացի հաջողված փորձը ներկայացրել է՝ որպես ձախողում, և դա՝ այն փորձի մասին, որի մասին մասնագիտացված միջազգային կոմպետենտ թիմը դրական է արտահայտվել: Խորհուրդս՝ թող շատ զգույշ լինի իր արտահայտություններում: Ես կարծում եմ՝ Հայկուհի Հարությունյանին առաջիկայում լուրջ մարտահրավերներ են սպասվում՝ բազմաթիվ հարցադրումների պատասխանելու ընթացքում անաչառություն դրսևորելու տեսանկյունից: Փաստում եմ, որ բացառիկ անաչառության, անկաշկանդության, ընդդիմության թեկնածու լինելու, իշխանությանը լոյալ չլինելու և նման այլ նկատառումների վերաբերյալ պատկերացումները չափազանցված են:
Սահմանադրական փոփոխությունների մասին
Երբ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է «Լուսավոր Հայաստանը», իրենց հիմնական խնդիրներից մեկն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը Խորհրդարանին հաշվետու դարձնելն է. դա առանց սահմանադրական փոփոխության անհնար է: Սա մի փոքր դետալ է, բայց այլ շերտերում այդ «կոստյումը», անկասկած, դուր է եկել, օգտագործվում է, բայց երկարաժամկետ պրոցեսում մի շատ մեծ թերություն ունի. այն շատ արագ մաշում է կրողին այն տեսանկյունից, որ խորհրդարանական կառավարման ձևում քննադատության թիրախն ուղիղ վարչապետն է: Նիկոլ Փաշինյանն իրականում այս երկու տարվա ընթացքում հասկացել է, որ այդ «կոստյումը», որքան էլ այն ժամանակ սուպերվարչապետական էր՝ գերլիազորությունների առկայության տեսանկյունից, ենթադրում է գերպատասխանատվություն: Իրեն են քննադատում ցանկացած քայլի համար, և դա օբյեկտիվ է: Ինքն է վարչապետը, ինքն է քաղաքական պատասխանատվություն կրողը: Հիմա ես չեմ կարող, իհարկե, հասկանալ, թե իրենց քիմքին ի՞նչն է հարիր, ի՞նչ փոփոխություն պետք է անեն: Օրինակ, կարող են փոփոխություն անել և վերականգնել կիսանախագահական կառավարման ձևը: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կարող է դառնալ նախագահ, հետո նշանակեն այլ վարչապետներ, և ձախողումների համար պատասխանատվությունը դրվի վարչապետի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը մնա՝ որպես Քրիստոսի պես սեր քարոզող: Սպասենք, կտեսնենք՝ ինչ ու ինչպես են անելու:
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին
ՀՀ քաղաքացու համար փաստենք մի բան: Պետական բյուջեից մարդկանց հսկայական գումար են տալիս ոչինչ չանելու համար: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին ևս ոչինչ չանելու համար են գումար վճարում: Վահե Գրիգորյանը զբաղեցնում է աշխատասենյակ, օգտագործում է պետական միջոցներ, բայց շատ անբռնազբոս կերպով իրեն թույլ է տալիս ասել, որ ինքը ոչ լեգիտիմ մարմնում նպատակահարմար չի համարում մասնակցել աշխատանքներին: Հարցնում եմ՝ եթե այդպես է, ինչո՞ւ ընտրվեցիր, ինչո՞ւ ես շարունակում պաշտոն զբաղեցնել:
Իշխանություններն ասում էին, որ ուղիղ ժողովրդական իշխանություն է, բա չե՞ք ուզում հանրաքվե անել, հարցնել՝ «Իսկ դուք համաձա՞յն եք, որ այդ 7 հոգուն այդքան տարի այդքան գումար տան»:
Ժամանակը կգա, իշխանություն կփոխվի, մեկ այլ Սասուն Խաչատրյան, բայց իրավունքին ավելի մոտիկ, կգա ու կքննի այս գործը. Իսկ այստեղ հանցակազմ, պետական միջոցների վատնում չի՞ եղել: Սա վատնում է՝ դասական իմաստով: Որևէ մեկը մտածե՞լ է, որ հաջորդ իշխանությունը հակասահմանադրական հիմքերով չեղարկելու է սա:
Ես ուզում եմ դիմել ՍԴ ներկայիս անդամներին, որոնց վրա, գիտեմ, որ ճնշում կա՝ «Դուք կերտում եք ՍԴ իրական անկախությունը, և պետք չէ ուղղակի գլուխն ազատելու, ճնշումներին դիմակայելու անհնարինությունից ելնելով՝ գնալ»:
Նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ դերի մասին
Երբ հոկտեմբերի 2-ի օրենքը պարոն Սարգսյանն ուղարկում էր ՍԴ և հետագայում, քննադատությանն ի պատասխան՝ ասում էր նաև, որ ինքն այդպիսով հանրային լարումը թուլացնելու՝ իր տեսանկյունից լեգիտիմ նպատակներ է հետապնդել, շատերն իրեն գովաբանում էին:
Հիմա ես Արմեն Սարգսյանին կոչով եմ ուզում դիմել՝ «Պարոն Սարգսյան, սա այն իրավիճակն է, երբ հանրային պահանջը խեղված է, և ՍԴ հրաժարականի պահանջ առհասարակ չկա: Կա հակասահմանադրականության խնդիր, և սա պետք է դիտարկել հատկապես Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքում տեղ գտած դիրքորոշման լույսի ներքո, ով ասում էր, որ նախ՝ դա պետք է բացարձակ կամավորության վրա հիմնված լինի, և երկրորդ՝ նախագիծը չի տալիս պատասխանն այն հարցի, թե ի՞նչ է լինելու, երբ ՍԴ 7 անդամներ միաժամանակ հրաժարական տան: Եվ ես կոչ եմ անում, որ այս նախագիծն Արմեն Սարգսյանն ուղարկի ՍԴ՝ նրան առաջարկելով, որ ՍԴ-ն այն ուղարկի Վենետիկի հանձնաժողովին ու նրանց կարծիքը կրկին լսի, որպեսզի ՍԴ անդամներն իրենք իրենց մասին որոշում կայացնելիս՝ չլինեն սուբյեկտիվ»:
Ես չէ, որ Արմեն Սարգսյանին պետք է բացատրեմ, որ վարչապետ Փաշինյանը, միևնույն է, անում է այն, ինչ ինքն ուզում է: Ընդ որում, դա կանի այն ժամանակ, երբ իրեն պետք է: Քաղաքական առևտուր կարող է կայանալ ՍԴ հարցում, բայց քաղաքական պայմանավորվածությունների խախտում ևս կարող է լինել:
Հանրությունն Արմեն Սարգսյանի՝ քաղաքացիության հետ խնդիր չունենալու վերաբերյալ փաստաթուղթ չի տեսել, քանի որ ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ այն չի տեսել: Նիկոլ Փաշինյանն ընդամենն Արմեն Սարգսյանի հետ այն ժամանակ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել: Ես նկատի ունեմ, որ երբ լինի անհրաժեշտ պահը, Նիկոլ Փաշինյանն անպայման կխախտի իր քաղաքական պայմանավորվածությունն Արմեն Սարգսյանի հետ:
Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Կհայտարարեն հետախուզում, կստանան լրատվականների հերթական գլխագրերը, բայց դա կլինի ապօրինի, որովհետև նման գործողություններ կարող ես իրականացնել, երբ անձն իրականում խուսափում է ներկայանալ համապատասխան մարմին: Ակնհայտ երևում է քաղաքական միտումն ու դրդապատճառը և այսօրվա արդարադատության վիճակը: Բայց նույնիսկ այդ պայմաններում Կոստանյանն ասում է՝ կգամ, հետևաբար՝ խուսափելուն ուղղված գործողություններ չի կատարում: Իրեն մեղսագրվում է արարք, որ ինքն արդարադատության փոխնախարար եղած ժամանակ ցուցում է տվել բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ ոստիկանապետին, որ իրենք հայտարարեն՝ մարտի 1-ին հաջորդող օրը գտել են զենքեր, պարկուճներ: Բայց ես չեմ ուզում խորանալ մեղադրանքի էության մեջ: Խնդիրն այն է, որ այս հախուռն ոչ պրոֆեսիոնալիզմը դարձել է իշխանության ամենօրյա գործելաոճը: Ցանկացած հանցագործություն պիտի պատժվի, բայց մի վիրավորեք իրավաբանությունը, մի մոռացեք ձեր մասնագիտությունը: Եթե դուք շոուի կարիք ունեք, նկարեք սերիալ:
Գևորգ Կոստանյանից իշխանությունների ակնկալիքները չեն իրականացել, և հիմա վերջինս պետք է իրականացնի այս մեծ շոուում բեմադրված դերը:
Պատասխանատու ընդդիմություն լինելը բարդ է
Թե ընդդիմությունը, թե իշխանություն լինելը՝ երկուսն էլ ունեն իրենց և հեշտությունները, և դժվարությունները: Իշխանություն լինելու ժամանակ պատասխանատվությունն է չափազանց մեծ, և մեծ է քո կամքից անկախ թիրախ դառնալու, չարածդ սխալի համար քննադատվելու հնարավորությունը և բազմաթիվ մարդկանց առաջ պատասխանատվություն կրելու աստիճանը: Ընդդիմություն լինելու դեպքում ինձ համար գոնե պատասխանատվությունը կրկին բարձր է, որովհետև ընդդիմությունը սովորաբար լինում է անպատասխանատու: Անում են հայտարարություններ, քննադատում են, ինչպես կարողանում են: Շատերը դա անվանում են «նիկոլփաշինյանական ոճի ընդդիմություն»: Պատասխանատու ընդդիմություն լինելը բարդ է, որովհետև դու պետք է քննադատես բովանդակային: Երկրորդ դժվարությունը, որը ծագում է ընդդիմության հետ կապված, գոնե այս իշխանությունների ժամանակ, պարբերաբար ռեպրեսիաների, ճնշումների, հարձակումների և այս իշխանության դեպքում՝ ատելության թիրախ դառնալու մեծ հավանականությունն է:
Խորհրդարանական ընտրությունների մասին
Եթե իշխանությունը շարունակի բուռն անպատասխանատվությունը բոլոր հարցերում, ապա մեծ է հավանականությունը, որ արտահերթ կլինեն հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Եթե իշխանությունը շարունակի ժողովրդին դեմ գործել՝ ժողովրդին մեջբերելով, կրկին ընտրությունները կլինեն արտահերթ: Եվ իշխանություններին ամենաշատը ձեռնտու է, որպեսզի ընտրությունները լինեն արտահերթ: Կլինի՞, թե՞ ոչ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ վարչապետ, կախված է նրանից, թե երբ կլինեն ընտրությունները, բայց այդ ժամանակ նա չի ունենա բացարձակ իշխանություն: Բայց չեմ բացառում նաև այն տարբերակը, որ ընտրությունները կլինեն հերթական: