Բաժիններ՝

«Մենք սիրում ենք, որ աշխատողներին լավամարդ լինենք բիզնեսի հաշվին». Սեդրակ Ասատրյան

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանի հետ 168.am-ը խոսել է գործող և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից:

– Վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կա՞ր արդյոք օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

– Անընդհատ քննարկումներ են լինում: Կարեն Կարապետյանի կառավարությունում նույնպես կար նման նախագիծ, որի մշակման աշխատանքներին ինքս նույնպես մասնակցում էի և այդպես էլ մինչև վերջ չէի հասկանում՝ դրա նպատակը որն է: Ոոշ բաներ կային, որ պիտի փոխվեին, այն ժամանակ դեպի ավելի շատ՝ բիզնես, խնդիրների կարգավորում և այլն: Հիմա ավելի շատ շեշտը դրվում է աշխատողների իրավունքների վրա, բայց երկու դեպքում էլ, ցավոք, հետազոտություններ չեն արվել, որոնցով կարելի է փաստել, որ այս իրավունքը վատն է, այս իրավունքն այսքան ժամանակ խախտվել է, պիտի ուժեղացվի, որովհետև դրանից է կախված, որ երկիրը զարգանա, աշխատողներն ավելի լավ աշխատեն, աշխատողների կամ գործատուների իրավունքներն ավելի լավ պաշտպանվեն:

Մեր կարծիքով, ինչքան որ փորձ ունեք, իսկ 2006թ.-ից այս կողմ մենք ունենք աշխատանքային վեճերի վերաբերյալ մոտ 300 գործ՝ աշխատող-գործատու շահերի 60/40 հարաբերակցությամբ, և ընդհանուր առմամբ մեր մասնագիտական տպավորությունն այնպիսին է, որ Աշխատանքային օրենսգրքում շատ խնդիրներ չկան, և թե աշխատողները, թե գործատուներն իրականում պաշտպանված են:

Շատ կարևոր է, որ ստեղծվեն աշխատող-գործատու հարաբերություններ: Եթե ազնիվ լինենք, երբ ասում էինք՝ գործատու, հասարակության մեծ մասը մտովի գնում էր դեպի օլիգարխիա, իսկ դա նշանակում էր, որ այդ հարաբերություններում իրավունք չկա, Աշխատանքային օրենսգիրքն էլ ծալել-մի կողմ էին դրել:

Հիմա նոր Հայաստանում մեր ընկալումներն առնվազն այնպիսին պիտի լինեն, որ, եթե ասում ենք՝ գործատու, ուրեմն դա նշանակում է, որ մարդն օրինական աշխատանքով է զբաղված, եթե օրինական է, ուրեմն կա օրենսգիրք, կան օրինական հարաբերություններ: Մեր կարծիքով՝ պետք է ուժեղացնել թե գործատուների միության, թե ներկայացուցիչների, և թե արհմիությունների ինստիտուտները, բայց համատեղ, կառուցողական, մեծ ընկերություններում կոլեկտիվ պայմանագրերի ինստիտուտը զարգացնելով:

Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև նոր Հայաստանում մեր իշխանությունների և ժողովրդի հիմնական կարգախոսը եղել է հպարտ ու պատասխանատու քաղաքացու ձևավորումը: Եթե մենք ուզում ենք ձևավորել պատասխանատու քաղաքացի, դա նշանակում է, որ քաղաքացին պետք է կարողանա իր շահերը պաշտպանել՝ թե գործատուի մոտ, թե այլ քաղաքացիաիրավական հարաբերություններում: Եթե մենք ասում ենք՝ եկեք միակողմանի խստացնենք, գործատուներին ճնշենք և այլն, աշխատողներին, այսպես ասած՝ «սովետական դայակություն» անենք, դա կարծես թե չի համապատասխանում մեր այսօրվա կարգախոսին:

– Խոսեցինք կոլեկտիվ պայմանագրերի մասին: Օրերս թարմ օրինակ ունեցանք, ԵՊՀ դեպքը, երբ դատարանը մերժեց ռեկտորի ժ/պ-ի հայցադիմումը կոլեկտիվ պայմանագիրը միակողմանի լսելու վերաբերյալ: Նոր օրենսգրքում այս կարգավորումները հստա՞կ են, գործատուն իրավունք ունի՞ կոլեկտիվ պայմանագիրը միակողմանի լուծելու:

– Աշխատանքային օրենսգրքում շատ հստակ 113 հոդվածով սպառիչ տրված են կոլեկտիվ պայմանագիրը միակողմանի խզելու ձևակերպումները, և դրանով շատ խնդիրներ չեն առաջացել: Շատ ժամանակ գործատուն ասում է՝ օրենսդիրը հստակ գրել է, որ, եթե մեկ օր և ավելի աշխատողը անհարգելի բացակայում է, ես իրավունք ունեմ պայմանագիրը լուծել: Եվ այդպես էլ անում է, բայց այնտեղ ընթացակարգ կա, և եթե ընթացակարգը չես պահել, ուրեմն անօրինական ես գործել, և դատարանն իրավունք ունի վերականգնել: Այստեղ գործատուն ասում է, թե «երկիրը երկիր չէ, օրենքն օրենք չէ», և այլն: Այստեղ ընկալման խնդիրն է:

Էլի եմ ասում, եթե մենք Աշխատանքային օրենսգրքին ձեռք չտանք էլ, ինքը բալանսավորված է: Ավելին, 1.5 տարի առաջ, երբ ընդունվեց «Քաղաքացիական դատավարության» նոր օրենսգիրքը, այնտեղ առանձին գլուխ կա աշխատանքային իրավունքների ոլորտում աշխատողների՝ 3-ամսյա ժամկետում դատարան դիմելու, խնդիրները կարգավորելու համար: Թեպետ այդտեղ աշխատավարձի մասը բաց է մնացել: Այսինքն՝ աշխատավարձի մասով դիմելու դեպքում եռամսյա ժամկետի սահմանափակումը չի գործում: Ընդ որում, դատարան դիմելու համար աշխատողները պետական տուրքից ազատված են: Այսպիսի փոփոխությունների կարիք կա, իհարկե, բայց ընդհանուր առմամբ այստեղ շատ փոփոխելու խնդիր չունենք:

– Նախկին օրենսգրքով այսպիսի պրակտիկա կար, որ գործատուն, հատկապես՝ կրթական ու բժշկական ոլորտներում, տարին մեկ պայմանագիր էր թարմացնում կամ՝ ոչ, ինչը աշխատողին կախվածության մեջ էր պահում գործատուից: Նոր կարգավորումներով գործատուի այդ իրավունքը սահմանափակված չէ՞: Արդյո՞ք սա էլ մեկ ուրիշ ծայրահեղություն չէ: Ի՞նչ անել, որ չտուժեն բարեխիղճ աշխատողն ու բարեխիղճ գործատուն:

– Էլի ընկալման խնդիր է, և, ցավոք սրտի, գործատուների մեծ մասը դա ճիշտ չէին ընկալում, աշխատողներն էլ չէին պաշտպանվում: Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ որպես կանոն՝ հենց ընդունված օրվանից աշխատող-գործատու հարաբերությունները միշտ անժամկետ են: 95 հոդվածով տրված են դեպքեր, երբ բացառություններ կան. Դրանք սեզոնային, որևէ նախագծով սահմանված աշխատանքներն են, երբ այլևս աշխատանքն ավարտելով՝ աշխատողի կարիքը չի լինում, հետևաբար՝ այդտեղ ժամկետներ են սահմանվում: Այն, որ համատարած ժամկետով էին սահմանում և համարում, որ այդպես հեշտ՝ ինչպես ու երբ ուզենան, աշխատողներից կազատվեն, սխալվում են: Միևնույն է, եթե դիմեն դատարան, հաղթելու են, եթե 95 հոդվածի դեպքերը չկան:

Նախկինում եթե 5 տարի անընդմեջ պայմանագիրը թարմացվում էր, այն համարվում էր անորոշ ժամկետով կնքված, դա տրամաբանական էր. վերացվեց, հիմա դա վերականգնվել է: Կարծում եմ, արդար է և ճիշտ: Դա զսպաշապիկ է, որ մարդիկ հասկանան, որ դու մարդու հետ կնքում ես անորոշ ժամկետով պայմանագիր, ինչից դու ոչ թե պետք է վախենաս, այլ կանոնակարգերը պահես, որ եթե աշխատողը կարգապահական խախտումներ ունի, կամ աշխատանքային ունակությունները բավարար չեն, դու այդ ժամանակ կարող ես լուծել պայմանագիրը:

– Հայցային վաղեմության խնդրի հարցն արդյո՞ք կարգավորված է նոր օրենսգրքով, և այդ հարցը չլուծելը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել՝ հատկապես ներդրումների մասով:

– Երբ տնտեսությունում լուրջ ներդրումներ են կատարվում, դա ենթադրում է, որ ներդրողը որևէ ընկերությունում բաժնետոմս է գնում: Բոլոր լուրջ, նորմալ ներդրողները բաժնետոմսեր ձեռք բերելիս անց են կացնում ֆինանսական և իրավաբանական աուդիտ: Վերջինն իրականացնելիս՝ ներդրողի մոտ առաջանում է շատ լուրջ խնդիր, որովհետև մենք ունենք աշխատավարձում 30-րդ հոդված, որն ասում է, որ աշխատավարձի վրա հայցային վաղեմությունը չի տարածվում:

Աշխատավարձ են համարվում նաև դրան հավասարեցված վճարները՝ գիշերային ու արտաժամյա աշխատանք, վնասակար աշխատանք և այլն: Պատկերացրեք, որ ընկերությունն ունի 1000 աշխատակից, ու մեզ պատվիրել են, ենթադրենք, ռիսկերը գնահատել, որ ինքը ներդրում անի: Բոլոր կողմերից ռիսկերը գնահատել ենք, բայց աշխատանքայինը չենք կարողանում վերջնական գնահատել, որովհետև հնարավոր է՝ տարիներ անց մտնեն դատարան, ասեն, որ արտաժամյա, գիշերային են աշխատել, ապացուցեն դա ու գան ձեզնից, որովհետև նույն ընկերությունն է, պահանջեն իրենց վճարները:

Ներդրողն ասում է՝ մինչև ե՞րբ, ի՞նչ ժամկետի դեպքում կարող են դիմել, որ մենք այդ ռիսկին համապատասխան պակաս գումար ներդնենք, որ խնդրի առաջ չկանգնենք: Ես ասում եմ, որ չենք կարող ժամկետ նշել, որովհետև հայցային վաղեմության ժամկետ չկա: Ասում է, այսինքն՝ աշխատողը կարող է գալ, ասել՝ ես 10 տարի առաջ արտաժամյա եմ աշխատել, ու հիմա ես, որ դրա հետ կապ չունեմ, պետք է վճարե՞մ այդ գումարը, ասում եմ՝ այո: Այսինքն՝ այս խնդիրը կա, ամենուրեք բարձրաձայնել եմ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ մշակվող նախագծի աշխատանքային խմբի անդամ եմ. Հույս ունեմ, որ կլսեն իմ հորդորները, որովհետև դրանք տնտեսության, ներդրումների համար կարևոր խթան են:

– Պետությունը ժամանակին ներդրեց սոցփաթեթի ինստիտուտը, որը կարծես թե սահմանափակ հատվածի վրա տարածվեց: Աշխատանքային իրավունքների խախտում չէ՞ արդյոք, երբ մի պետական գրանցված աշխատողը սոցփաթեթից օգտվելու հնարավորություն ունի, իսկ մյուսը՝ ոչ:

– Եթե խոսում ենք պետական աշխատողների երաշխիքներից, կարծում եմ, որ դրանից հավասարապես պետք է բոլորն օգտվեն: Նույն ԱՄՆ-ում մենք տեսնում ենք, որ մասնավորը հստակ կարգավորում է քաղաքացիաիրավական հարաբերությունները, երաշխիքներն իրենք են որոշում աշխատողի հետ: Պետական աշխատողների դեպքում շատ ավելի բարձր շեմ են դնում:

– Որո՞նք են նոր նախագծի խութերը, ի՞նչ խնդիրներ դրանք կարող են առաջացնել թե գործատուների, թե աշխատողների համար:

– Ես նոր նախագիծ ասվածը դժվարանում եմ ասել, թե որն է: Մեկը քննարկվում է այս պահին, մեկը գնացել է ԱԺ, ինչից ես շատ տեղյակ չեմ, բայց Սոցապ նախարարությունում գտնվողը դեռ սաղմնային վիճակում է, բայց շատ բաներ այս նախագծում աշխատանքային միջազգային կազմակերպության պահանջներին համաձայնեցնելու խնդիր ունի: Բայց նաև իմ տպավորությունն այն է, որ ավելի շատ ուզում են «պրոաշխատող» գիծը ուժեղացնել՝ մոռանալով «պատասխանատու քաղաքացի»  ասվածը:  Խոսք է գնում նաև աշխատանքի տեսչության ինստիտուտը վերականգնելու մասին, ինչին ես մեծ հաշվով նույնպես դեմ եմ:

– Ժամանակին կար աշխատանքի տեսչություն:

– Որևէ խնդիր մեծ հաշվով չէր լուծում: Դեմ եմ, որովհետև կա տեսչական բարեփոխումների նպատակ, քանի որ կային 20-ից ավելի տեսչական մարմիններ, որոնք ամիսը 1-2 անգամ ծանրանում էին բիզնեսի վրա: Յուրաքանչյուրը մտածում էր, որ ամենակարևորն իր տեսչությունն է, ու դուրս չէին գալիս բիզնեսից, չէին թողնում բիզնեսը աշխատի: Ես մեծ հաշվով դեմ չեմ, որ որևէ կառույց լինի, որ օժանդակի, օգնի աշխատողին, բայց դա կարող է լինել թեթև, հաշտարարի տարբերակով կառույց: Բայց երբ ասում ենք՝ տեսչություն, սովետական բռունցքի գաղափարն է առաջ գալիս: Տեսչությունները թույլ չեն տալիս, որ ձևավորվի պատասխանատու քաղաքացին, որն իր շահերը կարող է պաշտպանել դատարանում: Այս դեպքում այդ ավելորդ ռեսուրսը ստեղծելը, նորից հարկատուների հաշվին աշխատավարձեր, մեծ աշխատուժ պահելը ավելորդ է:

Բացի դրանից, մենք սիրում ենք, որ աշխատողներին լավամարդ լինեն բիզնեսի հաշվին: Օրինակ, անաշխատունակության վճարները թերթիկ ունենալու դեպքում կարգավորվում էին այսպես: Առաջին օրը չէր վճարվում, հաջորդ 5 օրը վճարում էր գործատուն, հետո նոր՝ պետությունը: Այսինքն՝ լինելով սոցիալական պետություն, մենք դա մեր վրայից գցում ենք: Այն ժամանակ ասում էին՝ չարաշահումներ կան: Հիմա էլ հո ասում են, որ չկան չարաշահումներ: Ես առաջարկել եմ, որ դա պետք է վերացվի, ու պիտի ամբողջը լինի պետության հաշվին: Մենք գործատուին այդպես ճնշելով՝ չենք ունենա աշխատողներ, որ նրանց իրավունքներն էլ պաշտպանենք:

…Գործատուները պետք է մտածեն, որ որևէ օրենք, որևէ նախաձեռնություն իրենց չի փրկելու: Այս ունեցած օրենսգրքով էլ թե գործատուները, թե աշխատողները կարող են իրենց շահերը պաշտպանել: Շատերը լուրջ չեն վերաբերվում աշխատանքային հարաբերություններին ու դրանից բխող հետևանքներին, որովհետև մտածում են՝ հսկող մարմին չկա, բայց ավելի լուրջ խնդիր ունեն գործատու-աշխատող հարաբերությունները, քան թե վարչական տեսանկյունից կարող են լինել: Որովհետև երբ աշխատողը գնում է դատարան, ու այդ «սև թուղթը» գալիս է, այն գործատուի մոտ է գալիս: Հետևաբար՝ այն գործատուները, որոնք պատասխանատու են, գիտակից են, պատկերացնում են հետևանքները, խնդիրներ չեն ունենում: Ինչքան ուզում եք՝ օրենսգիրքը փոխեք: Ի դեպ, ես միշտ հարցնում եմ՝ ուզում եք փոխել աշխատանքային օրենսգի՞րքը, թե՞ աշխատանքային օրենսդրությունը, որովհետև դրանք տարբեր բաներ են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս