Ուղտասար համայնքում կառուցվում է ջրամատակարարման նոր ցանց
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ընթացքի մեջ են ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուղտասար համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը և ավելացրել, որ ծրագիրը կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով:
«Դեռևս անցած տարի համահայկական միջոցներով կառուցված նորակառույց դպրոցի բացման արարողությանը հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը խոստացել էր, որ միասնական ջանքերով պետք է լուծեն նաև ջրամատակարարման ցանցի կառուցման հարցը: Այսօր խնդիրը ստանում է լուծում, և արդեն իսկ մեկնարկել են ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ:
Նախատեսվում է մինչև գարուն ցանցն ամբողջությամբ կառուցել»,- նշել է Մ. Պետրոսյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ուղտասարն ապահովված է խմելու ջրով, սակայն հաճախակի են առաջանում վթարներ: Բացի դրանից, ամռան շրջանում երբեմն էլ խնդիրներ են առաջանում՝ կապված ոռոգման հետ:
Կայքի զրուցակիցը նշել է, որ ջրամատակարարման նոր ցանցի շնորհիվ համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ոռոգովի դարձնել ավելի շատ հողատարածքներ: