Բաժիններ՝

Խուսափե՛ք հատկապես այն աղցաններից, որոնք մայոնեզ, թթվասեր են պարունակում

«Հանրային սննդի օբյեկտներին առաջ տալիս էին սերտիֆիկատ, և սերտիֆիկատ տվող այդ մարմինն ամենաքիչը  տարին երկու անգամ  պարտադիր գնում էր, տեսնում, թե ինչ վիճակում է տվյալ օբյեկտը: Իսկ այսօր սերտիֆիկատը դարձրել են կամավոր, գրեթե ոչ ոք չի անում, և իրենց քեֆով մարդիկ աշխատում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Մենք անընդհատ զգուշացնում ենք, որ բոլոր աշխատակիցները պետք է ունենան սանիտարական գրքույկ, ստուգված լինի արյունը, թոքերը և այլն:  Կարծես թե սայլը տեղից շարժվում է, բայց էլի կանգնում է: ԵՊԲՀ-ում իսպառ վերացրել են սանիտարահիգիենիկ ֆակուլտետը: ԽՍՀՄ տարիներին սանէպիդկայանները սննդի անվտանգության տեսանկյունից պատասխանատու էին, իսկ այսօր դա վերացել է, ու դրա համար էլ տարբեր տեղեր ինֆեկցիոն պոռթկումներ ենք ունենում, ինչպես եղավ Գյումրիում: Աղանդները, ընդհանրապես, պետք է Սննդի անվտանգության տեսչության ուշադրության կենտրոնում լինեն, իսկ նրանք ասում են՝ մենք պետք է հայտ ունենանք, որպեսզի կատարենք տվյալ աշխատանքը:

Ընկե՛ր ջան, հատկապես ամռանը՝ ոչ մի հայտ:  Դուք կարող եք ամիսը գոնե երկու անգամ, որպես հասարակ սպառող, գնումներ կատարել սուպեմարկետներից, փոքր խանութներից ու ուղարկել լաբորատոր փորձաքննության: Վերջերս մի փոքր խանութ էի մտել, մի մասում միրգ էին վաճառում, մյուս մասում՝ աղցաններ: Այդպես չի լինում. այնքան էլ փտած էին, ասում եմ՝ աղջիկ ջան, դրել ես ժողովրդին թունավորե՞ս: Մարդիկ պետք է խուսափեն հատկապես այն աղցաններից, որոնք մայոնեզ, թթվասեր են պարունակում: Այնտեղ պարարտ միջավայր է ստեղծվում պաթոգեն և ոչ պաթոգեն միկրոօրգանիզմների զարգացման համար: Պատկերացրեք՝ հարսանիք է, նախապես ամեն ինչ պետք է պատրաստ լինի: Ճիշտ է, կոնդիցիոներն աշխատում է, բայց չեմ կարծում, որ կարողանան մինիմալ պայմանը՝ +4,+6 աստիճանը պահպանել, որպեսզի մթերքները չփչանան: Որպես երկար տարիների մասնագետ՝ կարծում եմ, որ այնտեղ եղել է սալմոնելա, որովհետև միայն սալմոնելոզ հիվանդությունն է արագ ռեակցիա տալիս օրգանիզմում, հատկապես երեխաների մոտ ու ստամոքսաղիքային խնդիրներ ունեցողների մոտ: Երեխաներին պետք է կաթիլային եղանակով ջուր տալ»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը հորդորեց զգույշ լինել. «Եթե ձեզ բերում են մթերք՝ արդեն նայելով պետք է հասկանաք՝ այն թարմ է, թե ոչ, ուտեք, թե չուտեք»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի երեկոյան Գյումրիում սննդային թունավորման  դեպքով հարուցվել է քրեական գործ: Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն  հակատուբերկուլյոզային հիվանդանոց  «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր:

Առողջապահության նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով: Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլոկոկ: Ոսկեգույն ստաֆիլոկոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

Բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս