Ադրբեջան․ հարսանիք՝ ավարտական երեկույթի փոխարեն. jam-news.net

Շատերն են դեռ մտածում, որ կնոջ համար գլխավորը տունն ու ընտանիքն է, իսկ կրթությունը պարտադիր չէ և նույնիսկ վնասակար է:

Ադրբեջանում շուտով կսկսվեն ավարտական և ընդունելության քննությունները։ Անցյալ տարի ադրբեջանական բուհեր է ընդունվել մոտ քառասուն հազար ուսանող։ Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանն, ապա աղջիկների թիվն ադրբեջանական բուհերում 6-7-ով պակաս է, քան տղաներինը։ Դա շատ է տարբերվում համաշխարհային միտումից․ Եվրոպայի և ԱՄՆ համալսարաններում ուսանողների կեսից ավելին աղջիկներ են։ Արևմտյան փորձագետները կարծում են, որ հօգուտ կանանց գենդերային վիճակագրությունը միայն ավելանալու է։ Այսպես, ԱՄՆ կրթության դեպարտամենտը կանխատեսում է, որ ամերիկյան բուհերում 2026թ-ին աղջիկների տոկոսը հասնելու է 57-ի։ 2017թ-ին այդ ցուցանիշն արդեն հասնում էր 56 տոկոսի։

Ամբողջությամբ վստահել ադրբեջանական պաշտոնական վիճակագրությանը չարժե։ Օրինակ՝ 2017թ-ի տվյալները վկայում են այն մասին, որ երկրում ավարտական դասարանների բացարձակ բոլոր աշակերտները բուհեր են ընդունվել։

Սակայն այն մասին, որ բարձրագույն, երբեմն էլ՝ միջնակարգ կրթությունն անհասանելի է շատ կանանց համար, խոսում են նաև անկախ փորձագետները։

«Սովորում են միայն տգեղ աղջիկները»

«Ինչո՞ւ է պետք այդքան գումար ծախսել կրկնուսույցների վրա,- հարևաններին բողոքում է Բաքվի 35-ամյա բնակիչ Այգյունը:- Աղջկաս ինչի՞ն է պետք համալսարանը։ Միևնույն է, հետո ամուսինը չի թողնելու, որ աշխատի»։

Այգյունի աղջիկը 15 տարեկան է, նա պատրաստվում է բուհ ընդունվել, սակայն մայրն այդ ձեռնարկին թերահավատորեն է վերաբերվում։ Այգյունն ավարտել է մանկավարժական ֆակուլտետը, սակայն երկրորդ կուրսում արդեն ամուսնացել է և տնային տնտեսուհի դարձել։

Ադրբեջանում միջնակարգ կրթությունն անվճար է, բուհերում ուսանողների գրեթե կեսը սովորում է բյուջեի հաշվին, մյուսները (որոնք ավելի քիչ բալեր են հավաքել) վճարում են կրթության համար: Մրցակցությունը մեծ է, հազվադեպ դիմորդներ են որոշում բուհ ընդունվել՝ հիմնվելով միայն դպրոցի տված գիտելիքների վրա։ Դիմորդների մեծ մասը պարապում է կրկնուսույցների հետ նվազագույնը երկու տարի։ Պրապմունքները կարող են մի քանի հազար դոլար արժենալ։

Այգյունի աղջկա, ինչպես նաև քաղաքի աղջիկներից շատերի բախտն ավելի շատ է բերում, քան շրջանների նրանց հասակակիցներինը․ քաղաքաբնակ ծնողներն ավելի հաճախ են հնարավորություն և ցանկություն ունենում օգնել իրենց աղջիկներին կրթություն ստանալու հարցում։

Ադրբեջանի ամենապահպանողական շրջաններում՝ երկրի հարավում, կատակում են, որ «ավագ դասարաններում սովորում են միայն տգեղ աղջիկները»։ Այսինքն՝ նրանք, ում ուզելու չեն եկել։ Այստեղ հարսնացու են դառնում 15-16 տարեկանում և դպրոցը լքում 9-րդ դասարանն ավարտելուց հետո, երբեմն էլ՝ ավելի շուտ։

Խնդիրը նկատել է Շվեյցարիայի տնտեսական համագործակցության պետական քարտուղարության ներկայացուցիչ (SECO) Սիմոնա Հաբերլին։ Անցյալ տարվա դեկտեմբերին նա Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովայի ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ Ադրբեջանի հարավային շրջանների դպրոցների մեծ մասի դասարաններում ոչ մի աղջիկ չկա։ Նախարարը պատասխանել էր, թե «աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Պաշտոնական վիճակագրություն այն մասին, թե քանի աղջիկ է դպրոցը լքում, Ադրբեջանում չկա։

«Որ տղամարդիկ չնայեն»

Կանանց «Մաքուր աշխարհ» ճգնաժամային կենտրոն անցյալ տարի 71 կին է դիմել, որոնք վաղ ամուսնությունից և ապահարզանից հետո փողոցում են հայտնվել առանց որևէ միջոցի։ Նրանցից 17-ը նույնիսկ տարրական դասարանները չի ավարտել։

Նրանք հիմնականում խուլ լեռնային գյուղերի բնակիչներ են։ Նման բնակավայրերում մոտակա դպրոցը կարող է, օրինակ, 20կմ հեռավորության վրա գտնվել։ Ծնողներից շատերը չեն ցանկանում աղջիկներին այդքան հեռու տեղ ուղարկել։

«Ես դեպքեր գիտեմ, երբ ծնողները թույլ չեն տվել աղջիկներին դպրոցն ավարտել, որովհետև ճանապարհին նրանց կարող էին տղամարդիկ և տղաներ նայել», – ասում է գենդերային ակտիվիստ Նիսա Հաջիևան։

Սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան ասում է, որ Բաքվի մերձակայքի ավաններում իրավիճակը նույնիսկ ավելի վատ է, քան շրջաններում։ Այստեղ ընտանիքներ կան, որոնք աղջիկներին արգելում են դպրոց գնալ 5-6-րդ դասարաններից հետո։ Պարզապես որովհետև «մեր գյուղում ընդունված չէ»։

«Շրջանների աղջիկների մեծ մասի գլուխը մտցրել են, որ նրանց կոչումն ամուսնանալն է։ Կան նաև աղջիկներ, որոնք ձգտում են կրթություն ստանալ և կարիերա կառուցել, սակայն այդպիսիք քիչ են»,- պատմում է Հեյդարովան։

Ներդրում՝ տղայի մեջ

Ադրբեջանում օրենք կա, որը յուրաքանչյուր քաղաքացուն երաշխավորում է կրթության հասանելիություն՝ անկախ սեռից, ռասայից, լեզվից, դավանանքից, քաղաքական հայացքներից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից, ծագումից կամ առողջության վիճակից։ Եվ այն հաճախ խախտում են հենց ծնողները։ Նրանք հրաժարվում են իրենց աղջկան կրթություն տալ՝ հօգուտ որդու։

Անկախ հետազոտության արդյունքները ցույց են տալիս․ Ադրբեջանում տղամարդկանց մոտ 40%-ն ու կանանց 20%-ը կարծում է, որ ընտանիքի սահմանափակ ռեսուրսների դեպքում, ավելի լավ է, դրանք ներդնել որդու, քան դստեր կրթության մեջ։

Այս միտումն Ադրբեջանում գոյություն ուներ նույնիսկ խորհրդային տարիներին, երբ կրթությունն անվճար էր և շատ ավելի հասանելի։

60-ամյա Ջամիլիա Սամեդովան հիշում է, որ տասը տարի առաջ նա ամեն առավոտ գալիս էր դեռ դատարկ գրասենյակ, որպեսզի աշխատանքային օրվանից առաջ մաքրություն աներ։

«Ամեն անգամ, երբ կռանում էի, որ սեղանների տակ հատակը մաքրեմ, աղոթում էի, որ աղջիկներս [ի տարբերություն ինձ] աշխատեն սեղանի մոտ, այլ ոչ թե դրա տակ», – ասում է նա։

Երիտասարդ տարիներին Ջամիլիան ցանկանում էր ուսուցչուհի դառնալ, սակայն առաջին փորձից չի կարողացել ընդունվել բուհ, ծնողները միանգամից նրան ամուսնացրել են։ Մի քանի տարի անց, երբ նա արդեն երեք երեխա ուներ, ամուսինը կորցրել է աշխատանքը, սկսել խմել, և ընտանիքն առանց գոյատևման միջոցների է մնացել։

«Ստիպված էի հավաքարար աշխատել կամ պատվերով քաղցրավենիք թխել։ Շատ դժվար էր։ Սակայն ես նպատակ ունեի՝ որ երկու աղջիկներս կրթություն ստանան և, ինչ էլ լինի, իմ իրավիճակում չհայտնվեն»։

Ջամիլիայի խոսքով՝ այն, որ իր երեխաները «մարդամեջ են դուրս եկել», իր կյանքի գլխավոր ձեռքբերումն է։

Հավելում՝ օժիտին

Ադրբեջանում պաշտոնական վիճակագրությունը ոչ միշտ է արտացոլում իրականությունն ու ոչ միշտ է այնքան դետալավորված, որ հնարավոր լինի դատել, թե քանի աղջիկ է սովորել մինչև ատեստատ ստանալն ու նրանցից քանիսն են բուհ ընդունվել։

Ըստ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ բացարձակ բոլոր (!) աշակերտները, որոնք դպրոցն ավարտել են 2017թ-ին, ինստիտուտ են ընդունվել, իսկ բուհերի ուսանողների շրջանում տղաներն ընդամենը 6-7%-ով են շատ աղջիկներից։ Այնուամենայնիվ, ըստ նույն վիճակագրության, գործազուրկ կանայք մեկուկես անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ։

Գոյություն ունի նաև գենդերային տարբերակում՝ ըստ ուսանողների ընտրած մասնագիտությունների, որը ցույց է տալիս, թե Ադրբեջանում որ մասնագիտություններն են կանանց համար ընդունելի համարվում․ դա կրթության, մշակույթի, արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտներն են։ Տնտեսագիտության, մենեջմենթի, տեխնոլոգիաների ոլորտները «տղամարդկային» են համարվում, համապատասխան բուհերում ուսանողների մինչև 75%-ը տղաներ են։

Ինչպես նշում է սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան, վերջին տարիներին ծնողներն ավելի հազվադեպ են աղջիկներին արգելում սովորել, և բազմաթիվ աղջիկներ, այնուամենայնիվ, բարձրագույն կրթություն են ստանում։ Սակայն դա հաճախ արվում է, որպեսզի բարձրացվի մրցունակությունը «հարսնացուների շուկայում»։ Դիպլոմը տվյալ դեպքում հավելում է օժիտին, և լավ է, եթե դա բժշկի կամ ուսուցչի դիպլոմ է։ Սրանք կանանց համար «ամենաարժանապատիվ» մասնագիտություններն են։

Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մեհրիբան Զեյնալովան ասում է, որ գլխավոր խնդիրը կանանց մոտ նույնիսկ բարձրագույն կրթության բացակայությունը չէ, այլ մասնագիտության բացակայությունը․

«Ադրբեջանում գրեթե ավանդույթ չկա աղջիկներին միջին մասնագիտական կրթություն տալու, նրանց որևէ արհեստ սովորեցնելու։ Ուսումնարաններ հիմնականում տղաներ են ընդունվում, որպեսզի ապագայում կարողանան ընտանիք պահել։ Աղջիկներն առավելագույնը վարսավիրի աշակերտ են դառնում»։

Վիճակագրությունը հաստատում է Զեյնալովայի խոսքերը․ մասանգիտական ուսումնարանների ուսանողների շրջանում տղաների թիվը միջինում եռակի գերազանցում է աղջիկներինը։

#Թող աղջիկը սովորի

Վերջերս սոցիալական ցանցերում ֆլեշմոբ էր անցկացվում #qızoxusun (#ԹողԱղջիկըՍովորի)։ Ակցիայի կազմակերպիչներն առաջարկում էին գումար հավաքել 17-ամյա Այնուր Գարիբանովայի ուսման վարձը վճարելու համար․ աղջիկը երկրի հյուսիսում գտնվող բարձրադիր Խընալըգ գյուղից էր։

Մանկուց Այնուրը միշտ ծնողների հետ գնացել է ձմեռային արոտավայրեր և դպրոց է գնացել միայն 6-րդ դասարանում։ Չնայած դրան՝ նա ոչ միայն ատեստատ է ստացել, այլ նաև ընդունվել է Բաքվի բուհերից մեկն՝ անվճար բաժին։ Քրաուդֆանդինգային արշավի շնորհիվ՝ այժմ նա սովորում է Լեզուների ադրբեջանական համալսարանում և ցանկանում է այն ավարտելուց հետո վերադառնալ իր գյուղ՝ այնտեղ անգրելեն դասավանդելու։

«Ես միշտ ցանկանում էի Խընալըգում առաջին աղջիկը լինել, որը բարձրգույն կրթություն է ստացել»,- ասում է Այնուրը։

The International Men and Gender Equality Survey (IMAGES) հետազոտության համաձայն՝ Ադբեջանում տղամարդկանց գրեթե 70 տոկոսն ու կանանց 40 տոկոսը կարծում է, որ կնոջ գլխավոր դերը սնունդ պատրաստելն ու ընտանիքի հոգսը հոգալն է։

Կանաց համար կրթության թեման ակտիվորեն քննարկվում է լրատվամիջոցներում և սոցցանցերում։

Վերջերս սկանդալ առաջացավ տեղական հեռուստաալիքներից մեկում․ ադրբեջանցի լրագրողը պատմել էր, որ իր ապագա կնոջ վրա «աչք էր դրել» դեռ երբ նա յոթերորդ դասարանում էր, իսկ ինքն այդ դպրոցում էր դասավանդում։ Որոշելով ամուսնանալ նրա հետ, երբ աղջիկը չափահաս դառնա՝ նա պայմանավորվել էր աղջկա ծնողների հետ, և նրանք աղջկան հանել էին դպրոցից։

Այդ մարդու դիրքորոշումը կատեգորիկ էր․ կինը պետք է ամբողջությամբ իրեն նվիրի տնային գործերին, ամուսնու համար հոգ տանելուն և երեխաներին դաստիարակելուն։ Եվ այդ առաքելությունը բացառում է կրթությունն, առավելևս՝ աշխատանքը։

Հասարակության արձագանքը կտրուկ բացասական էր։ Տղամարդուն մեղադրեցին մանկապղծության (աչք էր դրել դեռահասի վրա) և հետադիմության համար։

Սակայն նույնիսկ կրթությանը կողմ արտահայտվողներն այսպիսի փաստարկ էին բերում․ կինը պետք է կիրթ լինի, որպեսզի ավելի լավ դաստիարակի երեխաներին և հաճելի զրուցակից լինի ամուսնու համար։

Մեկնաբանում է դասախոս, գենդերային ակտիվիստ Նիսա Հաջիևան․

«Կրթության իրավունք ունեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից։ Կինը կարող է մայր դառնալ, կարող է չդառնալ, ընտանիք կազմել, կամ՝ ոչ։ Նա կարող է զբաղվել երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ, կարող է և չզբաղվել։ Նա պետք է կրթություն ստանա այն պատճառով, որ դա նրա իրավունքն է, որ նա ուզում է դա անել, այլ ոչ այն պատճառով, որ ուրիշ մեկը որոշել է, թե նա իրեն այդպես ավելի օգտակար կլինի»։

ՆԻԿԱ ՄՈՒՍԱՎԻ
ԲԱՔՈՒ
jam-news.net

Տեսանյութեր

Լրահոս