Բաժիններ՝

Արագածոտնի մարզի Կարաբաս-Բարաբասը

ՀՀ նոր իշխանությունների երիտասարդ ներկայացուցիչների համար, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղենիշային են, և նրանք փորձում են ամեն առիթով ու ցանկացած տարբերակով ընդօրինակել դրանք, և կարևոր չէ, որ մեր հասարակությունը այդ գործողությունների մեծ մասին, մեղմ ասած, հավանություն չի տալիս։ Կարևորը՝ «շեֆը» գոհ լինի, իսկ նա, ըստ երևույթին, գոհ է, եթե որևէ կերպ չի զսպում թիմի նկրտումները։

Այսպես, 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մի քանի օր առաջ, հենց որ վարչապետը սկսեց շրջել Նորագավիթի մաքսակետով, ու բոլոր տեսախցիկների առաջ տեղի ունեցավ դրոշի խիստ տգեղ պատմությունը, Արագածոտնի մարզպետը որոշեց հետ չմնալ նրանից։

«Ես ինչո՞վ եմ պակաս»,- երևի թե մտածեց համայնքային նշանակության այս նորաթուխ պաշտոնյան, ով, ի դեպ, իր դեմ բողոքող գյուղացիների հետ շփվելիս գերադասում է պաշտոնյային բոլորովին էլ ոչ բնորոշ, տղայական վարքագիծ դրսևորել, ու սկսեց իր շքախմբով շրջել մարզպետարանով մեկ և, ասենք, սուրճի բաժակի ու սենյակների դռներին չփակցված թղթերի համար աջուձախ նկատողություն անել աշխատակիցներին և կրկին սպառնալ աշխատանքից հեռացնելու իր հին հռետորաբանությամբ:

Ի դեպ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ամբողջ աշխատակազմին հրահանգել է չշփվել փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի հետ, ով դեռ մինչև մարզպետի քաղաքական հարթակներում երևալը՝ 2015թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Մարզպետը, ըստ մեր աղբյուրների, հստակ ցուցում է տվել, որ որևէ աշխատակից որևէ հարցով որևէ առնչություն չունենա տիկին փոխմարզպետի հետ, մինչև ինքը կկարողանա կազմակերպել նրա անցնցում հեռացումը:

Եվ ահա այսօր էլ որոշել է ազատվել Աշտարակի թիվ 3 դպրոցի տնօրենից:

Բանն այն է, որ դպրոցը գտնվում է «Նավոյի մոտ» հայտնի ռեստորանի հարևանությամբ, և ռեստորանը, ցանկանալով ընդլայնել իր տարածքը, ցանկապատն առաջ է տվել դպրոցի տարածքի հաշվին: Իսկ տնօրենն ընդդիմացել է: Գործին խառնվել են մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը, ովքեր համարել են, որ դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար իրենք դեռևս պարտք են Նավոյին՝ «Իմ քայլին» բերած նրա ձայների համար, և դպրոցի տնօրենին մարզպետը հորդորել է ազատման դիմում գրել միայն այն բանի համար, որ վերջինս թույլ չի տվել պետական հաստատության տարածքը փոքրացնել ինչ-որ ռեստորանի համար:

Նշենք նաև, որ այդ «հորդորը» կին-տնօրենին հնչել է տղամարդկանց ներկայությամբ և բավականին տհաճ, ոչ նորմատիվային բառապաշարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս