Բաժիններ՝

Անվախճան գերդաստանի պատմությունը

Գերդաստանիդ տոհմածառը կազմելը շնորհակալ ու անգնահատելի գործ է: Ստացվել է այնպես, որ մի օր ես հյուր գնացի բարեկամիս՝ Վահան Մելիք- Օհանջանյանի տուն, որտեղ տեսա պատից կախված տոհմածառը: Գեղեցիկ գծապատկերով այդ կազմել էր ինքը՝ Վահան Մելիք-Օհանջանյանը: Նա այն մարդն էր, որից տոհմածառը ստույգ տեղեկություններ իմացա ստեղծագործ Մելիք-Օհանջանյանների տոհմի մասին: Վահանի մասին խոսելիս կարելի է ասել, որ չափից դուրս համեստությունը ոչ այլ ինչ է, քան թաքնված հարստություն: Նրան լսելիս հասկանում ես, թե որքան հարուստ է ու երջանիկ իր գերդաստանի մեծերով: Վահանը խորին հարգանքով ու ակնածանքով է խոսում նրանց մասին: Նա այն կարծիքին է, որ մարդկային պատիվը իմաստության անկյունաքարն է և դրա հետ պետք է շիտակ վարվել:

Ըստ տոհմածառի՝ տոհմի հիմնադիրն է եղել Ղարագյոզ իշխանը, որը Շահ Աբաս 2-րդի իշխանության օրոք (1641- 1666) հիմնադրել է Մակիդի գյուղը, հետագայում հիմնել է ևս 8 գյուղ, ստեղծել է Քեյվանյան Մելիքությունը: 1819 թ. Շահի հետապնդումների պատճառով Մելիք Գավրիլը իր որդիների՝ Կարապետի, Գևորգի և Հովհաննեսի հետ ճարահատյալ տեղափոխվում է Զանգեզուր, փոքրիշատե ապահով տեղ, նախ՝ Շիշկերտ, այնուհետ վերջնականապես հաստատվում են Մեղրու Կալեր գյուղում: 1860-ական թվականներին Գավրիլի որդի Գևորգ Բեկը, լինելով արդեն գավառական քարտուղար, դիմում է Երևանի բեկական հանձնաժողովին՝ իրենց Մելիքական տոհմի պատկանելությունը հաստատելու նպատակով, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պահպանվել են Պարսկաստանից տեղափոխվելուց հետո:

Մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը հաստատում է, որ իրոք Գևորգ Մելիք-Օհանջանյանը սերում է Ղարագյոզի տոհմից և նրանք պիտի օգտվեն այդ տիտղոսներից, որ դրանից զրկված չեն եղել և դա իրենց իրավունքն է: Այդ փաստի վերաբերյալ մինչև այսօր պահպանվել են բեկական հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները, ստորագրված և կնքված իշխան Ս. Թումանովի և նոտար Դ. Սարումովի կողմից՝ 1865 թ. Սեպտեմբերի 27-ին:

Կարդացեք նաև

Ուշագրավ է Մելիք-Օհանջանյան տոհմածառի ճյուղերից մեկի՝ Լևոնի ճակատագիրը, որը ադմիրալ Ա. Կոլչակի զորամիավորման դատախազությունում զինդատախազ էր: 1920 թ. Սպիտակգվարդիականների հետ փախել է Խարբին (Չինաստան), որտեղ էլ կնքել է մահկանացուն: Մինչ փախչելը հասցրել է կնոջը և դստերը հասցնել Փարիզ, ուր և նրանք վախճանվել են՝ այլևս չտեսնելով Լևոնին:

Փարսադան Մելիք-Օհանջանյանը եղել է անվանի իրավաբան: 1880 թ. Օդեսայի Ուլրիխի հրատարակչությունում լույս է ընծայվել Փարսադանի աշխատությունը <<Разграничение подсудимости коммерческих судов>>, զբաղեցրել Էջմիածնի սինոդի դատախազի պաշտոնը: Նա ժառանգ չի ունեցել, իր եղբոր՝ Աղաբեկի 5 որդիներին՝ Բագրատին, Վահանին, Միքայելին, Արտաշեսին և Կարապետին Մեղրու Կալեր Գյուղից տեղափոխում է Երևան և ուսման տալիս Խ. Աբովյանի անվան գիմնազիա: Նրանցից Միքայելը ցարական սպա էր, Գարեգին Նժդեհի զինակիցը և ընկերը:

1936 թ. գնդակահարվում է։ Արտաշեսը նույնպես ստալինյան ռեժիմի տուժածներից է, աքսորվում է Սիբիր, Բագրատը դառնում է ՀՀ վաստակավոր բժիշկ, իսկ Վահանը՝ ՀՀ վաստակավոր գյուղատնտես: Տոհմի ականավոր ներկայացուցիչ Կարապետը գիմնազիայից հետո 1913 թ. գերազանց ավարտում է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և ուսանողական խորհրդի որոշմամբ գործուղվում Գերմանիա, որտեղ ազատ ունկնդիր էր անվանի արևելագետ Յոզեֆ Մարկվարտի մոտ: Բեռլինում մտերմանում է Ավ, Իսահակյանի հետ, նրանք որոշ ժամանակ ապրել են նույն տանը և այդ ջերմ հարաբերությունների մասին են վկայում Ավ. Իսահակյանի պահպանված նամակները՝ Ժնևից հասցեագրված Փարսադան Մելիք-Օհանջանյանին՝ Կարապետի հորեղբորը:

Բեռլինից Հայաստան վերադառնալուց հետո Կ. Մելիք-Օհանջանյանը շարունակել է իր գիտական և ստեղծագործական կյանքը: 1921 թ. նշանակվել է հանրապետության 1-ին գիտական հիմնարկի՝ Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ, զբաղվել է մանկավարժական աշխատանքով՝ դասախոսելով Երևանի Պետական համալսարանում և Մանկավարժական ինստիտուտում: 30-ական թվականներից սկսած մեծանուն հայագետ Մ. Աբեղյանի հետ հաջողությամբ իրականացրել է Սասնա Ծռերի գիտական հրատարակությունը (Հ. 1, 1936 թ., հ. 2 1944 թ. և 1951 թ.): Ինչպես վկայում է հայկական մեծ Հանրագիտարանը, նա գրի է առել Սասնա Ծռերի ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել Սասնա Ծռերի 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով: Վահան Մելիք-Օհանջանյանի եռանդուն ջանքերով 2008 թ. Այդ աշխատությունները հրատարակվել են հայերեն և ռուսերեն՝ զուգահեռ տարբերակով, իսկ 2015 թ. հրատարակվել է արդեն ֆրանսերեն:

Տեղին է նշել, որ չափազանց մեծ է Կ. Մելիք-Օհանջանյանի վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում:

Հիշենք մեծանուն հայագետի «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» հոդվածը, «Միհրը Սասնա Ծռերում», «Պատմություն Փարիզի և Վիեննայի մասին», «Շահնամեի մոտիվները», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն հայոց» աշխատությունները, Կորյունի «Վարք Մաշտոցին» և Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» ռուսերեն թարգմանությունները և այլն: 1968 թ. տպագրվել է Կ. Մելիք-Օհանջանյանի «Զիա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հոդվածը, որում քննության է առել «Ադրբեջանը 7 – 9-րդ դարերում» աշխատությունը, ցույց տալով դրա գիտական սնանկությունը՝ Զ. Բունիաթովին անվանելով կեղծ գիտնական և ուրիշների մտքերի կոլեկցիոներ:

Տոհմի ներկայացուցիչներից վառ անհատականություն է եղել Կարապետի եղբոր՝ Ավետիսի որդին՝ Յուրի Մելիք–Օհանջանյանը, որը եղել է Խորհրդային Հայաստանի մշակույթի վերջին նախարարը: Իր պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք: Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլ նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների միաբանությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր:

1987 թ-. Զավեն Սարգսյանի և Սերգեյ Փարաջանովի նախաձեռնությամբ սկսվել է Ս. Փարաջանովի անվան թանգարանի ստեղծման գործընթացը, և հենց Յուրի Մելիք-Օհանջանյանի պաշտոնավարման ժամանակ բացվել է հայ հանճարի թանգարանը, որի տնօրենն է մինչ այսօր Զավեն Սարգսյանը, մնալով նվիրյալ հայ մշակույթին և արվեստին:

Ցավալի է, որ 2018 թ հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ Յու. Մելիք – Օհանջանյանի մտերիմ ընկեր Շառլ Ազնավուրը, իսկ դեկտեմբերի 17-ին մահկանացուն կնքեց նաև Յու. Մելիք- Օհանջանյանը:

Այսօր էլ մեր կողքին կա, ապրում ու արարում է Մելիք-Օհանջանյանների կրտսեր սերունդը, նրանք լրացնում են իրենց ապուպապերի շնորհակալ ու մարդկային գործը: Տոհմի շառավիղները օժտված են աշխատասեր, հայրենասեր, մեծ մտքի տեր մարդու առաքինություններով:

Հեղինակ Նարեկ Հովհաննիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս