Ծրագիր, խոստում, մանիպուլյացիա. Ինչպե՞ս տարբերել թացը չորից
Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկը, ով տնտեսության զարգացման բազմաթիվ ծրագրերի հեղինակ է (օրինակ, նրան է պատկանում սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգի ստեղծման գաղափարը) պատմության մեջ հայտնի է նաև իր հետևյալ խոսքերով. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: Արդեն մեկ շաբաթ է, ինչ մեր երկիրը գտնվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի գործընթացում, և այս մեկ շաբաթվա թոհուբոհը բազմաթիվ անգամներ հաստատեցին Բիսմարկի խոսքերը:
Ինչևէ, քաղաքական գործընթացն իր բուռն ընթացքի մեջ է, և բնական է նաև, որ քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում հնարավորինս մեծ ընտրազանգված իրենց կողմը ներգրավելու համար: Ոմանք ներկայացնում են իրենց ծրագրերը, ոմանք պարզապես խոստումներ են տալիս, իսկ ոմանք էլ փորձում են կիրառել տարբեր մանիպուլյացիաներ:
Դա, իհարկե, իրենց իրավունքն է, սակայն այստեղ առավել կարևոր է ընտրողի մոտեցումը: Եթե մեր առջև խնդիր ենք դրել դառնալու այնպիսի հասարակություն, որը կատարում է ճիշտ ընտրություն, ապա պետք է այդ հասարակությունը հստակ կարողանա տարբերել մանիպուլյացիան ճշմարտությունից, և խոստումը՝ ծրագրից:
Առհասարակ խոսելով վերջին երկուսի տարբերություններից, պետք է նշենք, որ այդ տարբերակումն իր էությամբ այդքան էլ բարդ գործ չէ: Ի տարբերություն խոստման, ծրագիրն իր տակ պարունակում է հիմնավորումներ և հաշվարկներ, իսկ խոստումը զուրկ է դրանցից և ընդամենը բարի ցանկություն է: Առավել պարզ օրինակ. եթե մի քաղաքական ուժ հայտարարում է, որ բարձրացնելու է աշխատավարձերը, և չի նշում, թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցների հաշվին է իրականացնելու դա, ապա այն ընդամենը խոստում է, որը դատապարտված է ձախողման:
Գալով մերօրյա նախընտրական թոհուբոհին, պետք է փաստենք, որ խոստումները շատ են, իսկ ծրագրերը՝ սակավ: Այն, որ այս ընտրություններին սպասվում է անծրագիր պայքար, դա, թերևս, շատերն էին կանխատեսում, սակայն այս առումով արտահերթ ընտրություններն առանձնացան նաև նրանով, որ մի շարք կուսակցություններ բազմաթիվ խոստումներին զուգահեռ՝ ներկայացրեցին նաև ծրագրային փաստաթղթեր:
Այն, որ նախընտրական բուկլետներից մենք աստիճանաբար բարձրանում ենք ստրատեգիական փաստաթղթերին, իհարկե, ողջունելի է, սակայն պետք է փաստենք նաև, որ հրապարակված ծրագրերը դեռևս հեռու են ռազմավարական ծրագիր հանդիսանալուց: Այս առումով, իհարկե, ամենամեծ ուշադրությունը սևեռված է գործող իշխանության հրապարակած ծրագրին, և դա բնական է, քանի որ, որպես կանոն, հենց իշխանությունն ունի ծրագիր կազմելու ամենամեծ ներուժը, և դրանք իրագործելու ամենամեծ հավանականությունը:
Գործող իշխանության նախընտրական ծրագիրը ևս, թեև պարունակում է բազմաթիվ դրական նպատակադրումներ, սակայն հիմնավորված ծրագիր, քայլերի հաջորդականություն և մասնագիտական հաշվարկներ այդ նպատակներին հասնելու համար այնտեղ չես գտնի: Որպես ասվածի վառ օրինակ՝ կարող ենք նշել դաշինքի ներկայացուցիչների կողմից ամենաշրջանառվող 2 հիմնական նպատակադրումներին՝ «Գործազրկությունը նվազեցնել 5 տոկոսային կետով» և «Աղքատության մակարդակը նվազեցնել 10 տոկոսային կետով»։
Իհարկե, ողջունելով այս հավակնոտ նպատակը, պետք է փաստենք, որ հիանալի ցանկություն է, որի ծրագրի վերածվելու համար պետք է հստակ նշվի քայլերի հաջորդականությունը, մասնագիտական վերլուծության միջոցով փաստարկվեն դրանց իրականացման համար անհրաժեշտ հիմքերն ու միջոցառումները: Մասնավորապես, հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 17.2 տոկոս է, և Հայաստանում գործազուրկ է համարվում թվով շուրջ 220 հազար մարդ:
Գործազրկությունը 5 տոկոսով նվազեցնելը՝ նշանակում է՝ ստեղծել ավելի քան 60 հազար աշխատատեղ: Թե ինչպե՞ս են ստեղծվելու այս աշխատատեղերը, որտե՞ղ և ինչի՞ հաշվին՝ նշված փաստաթղթում բացակայում է, ինչն էլ սահմանափակում է այս նպատակը հերթական նախընտրական խոստման կարգավիճակով, և որպեսզի այն դառնա ծրագիր, հեղինակները պետք է կարողանան ցույց տալ, թե ինչպե՞ս են պատրաստվում հասնել այս մակարդակին:
Նույն հարցը վերաբերում է նաև աղքատության կրճատմանը: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է շուրջ 25.7 տոկոս, կամ, որ նույնն է՝ այսօր մեր երկրում աղքատ է համարվում շուրջ 770 հազար մարդ:
10 տոկոսային կետով այս ցուցանիշը բարելավելը նշանակում է՝ աղքատների թիվը կրճատել ավելի քան 300 հազարով: Եթե սրան գումարենք Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված այն մոտեցումը, որ իշխանությունը նպատակադրված է աղքատությունը կրճատել աշխատանքի խրախուսման միջոցով, ապա կստացվի, որ ստեղծված 60 հազար աշխատեղերի շնորհիվ աղքատների թիվը կրճատվելու է 300 հազարով, այսինքն՝ ամեն գործազուրկի աշխատանքի անցնելու արդյունքում թվով 5 քաղաքացի հաղթահարելու է աղքատության շեմը, որը, նախ, տեսականորեն հնարավոր չէ, քանի որ միջին վիճակագրական ընտանիքների անդամների թիվը փոքր է 5-ից, և անհնար է նաև գործնականում, քանի որ 5 հոգու նվազագույն կենսաապահովման զամբյուղի գումարը կազմում է շուրջ 180 հազար դրամ, եթե սրան գումարենք նաև հարկերն ու վճարումները, ապա այդ թիվը կմոտենա 250 հազարին, և տրամաբանական չէ, որ գործազուրկն աշխատանքի կընդունվի և միանգամից կստանա նման բարձր աշխատավարձ։ Իհարկե, այս պարզ հաշվարկը կարող է արժանանալ քննադատության, քանի որ աղքատության մեջ միայն գործազուրկները չեն մտնում, և մեր երկրում կան նաև աշխատող աղքատներ, թոշակառուներ, անչափահասներ և այլն:
Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացում չի նախատեսվում, ապա կարող ենք փաստել, որ աղքատության հաղթահարման հիմնական գործիքը պետք է հանդիսանա գործազրկության կրճատումը։ Վերոնշյալ պարզագույն հաշվարկները ցույց տվեցին, որ նման համամասնությունը հեռու է իրական լինելուց, իշխանության առաջարկած զարգացումը չի դիմանում անգամ պարզագույն հաշվարկներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այն ընդամենը հերթական խոստումն է, նախատոնական մի բարի կենաց, և հեռու է ծրագիր համարվելուց ու չի պարունակում որևէ հաշվարկներ և հիմնավորումներ։
Բացի այդ, 5 տարվա համար նման նպատակադրումը չափից դուրս խոցելի է, այն պարզ պատճառով, որ այստեղ հաշվի չեն առնվել սպասվող տնտեսական զարգացումները: Ճիշտ է, 2017 թվականին ունեցանք 7 տոկոսանոց տնտեսական աճ, այս տարվա 9 ամիսների արդյունքով տնտեսական ակտիվությունը 6 տոկոս է, և տարեվերջին, ըստ կանխատեսումների, կլինի 5 տոկոսին մոտ աճի ցուցանիշ, սակայն միանշանակ չէ, որ այս աճի միտումները կպահպանվեն ևս 5 տարի:
Պատմական զարգացումները ցույց են տվել, որ մեր երկրում տնտեսական ցիկլի տևողությունը 5-6 տարի է, և, եթե հաշվի առնենք, որ վերջին 2 տարիները հենց վերելքի տարիներ էին, ապա առաջիկա 3-4 տարում, հնարավոր է՝ տնտեսությունը կրկին հայտնվի անկումային վիճակում, և այդ պարագայում նման հավակնոտ ցուցանիշի կյանքի կոչվելը շատ դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար:
Վերոնշյալը ընդամենը մեկն է այն բազմաթիվ գործոններից, որոնք առկա են տնտեսության մեջ և կարող են էականորեն ազդել այս կամ այն նպատակի իրագործման հարցում: Հենց այս նպատակով է կարևոր, որպեսզի նախընտրական խոստումը չշփոթենք ծրագրի հետ, և քարոզչական նպատակով մեկ տողով շարադրված բարի նպատակը ծրագիր դառնալու համար պետք է դեռ երկար ճանապարհ անցնի:
Եվ, ի վերջո, եթե ցանկանում ենք, որ նշված նպատակներն իրականություն դառնան, պետք է վերջապես մշակվի տնտեսական քաղաքականություն, որը պետք է դառնա այն ուղին, այն գործողությունների և միջոցառումների ամբողջությունը, որը կապահովի նպատակների իրականացումը, և սա այն նույն տնտեսական քաղաքականությունն է, որի բացակայության մասին մեկ ամիս առաջ խոսում էին բոլորը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները:
Մաքսիմ Մուսինյան