Արտահերթին ընդառաջ. կրկին «անծրագիր» պայքարի սպասելիս
Ի՞նչ է քննարկում Հայաստանի հասարակությունը վերջին օրերին։ Օրինակ, սոցիալական ցանցերին հետևելով՝ կարելի է առանձնացնել մի քանի TOP թեմաներ՝ ԼԳԲՏ ֆորումի անցկացման հարցը, կապույտ մազերով հայ աղջկա և ադրբեջանցի տղայի լուսանկարները, գործարար Սիլվա Համբարձումյանի տված կաշառքներն ու կալանավորման վտանգը գլխին կախված պատգամավորները, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ու վարչապետի ընտրության օրը, փողոցային խցանումները և այլն։
Ո՞վ է հիշում, կամ քանի՞սն են տեղյակ, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի 2-րդ (չ)ընտրության օրն ԱԺ-ում սկսեց քննարկվել 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Շատ քչերը։ Ու չնայած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը գրեթե ամբողջությամբ տնտեսական թեմաներով էր, բյուջեի քննարկումը կորավ ընդհանուր քաղաքական լրահոսի ստվերում։
Մինչդեռ բյուջեն չափազանց կարևոր փաստաթուղթ է, որն այս պահին, թերևս, ամենակարևոր տնտեսական թեման է։ Ի վերջո՝ բյուջեն է պատասխանում, օրինակ, այն հարցին, թե պետությունը պատրաստվո՞ւմ է արդյոք հաջորդ տարի վերանայել թոշակներն ու պետական համակարգի աշխատավարձերի չափերը։
Սակայն կոնկրետ 2019 թվականի բյուջեն է՛լ ավելի է կարևորվում նաև այն պատճառով, որ առաջին անգամ մենք ունենք ծրագրային բյուջետավորում։ Իսկ ի՞նչ է ծրագրային բյուջետավորումը։ Եթե շատ կարճ ու հասկանալի լեզվով ասենք՝ նշանակում է՝ ուշադրության կենտրոնում է լինելու ոչ թե բյուջեից այս կամ այն գերատեսչությանը հատկացվող գումարի չափը, այլ արդյունքը։
Այսինքն, հստակ նշվում է՝ այդ գումարն ինչի վրա է ծախսվելու, ինչ արդյունք է տալու, որպեսզի հետո հնարավոր լինի հստակ չափորոշիչներով հասկանալ՝ ստացված արդյունքն ապահովվե՞ց, թե՞ ոչ։
Պարզ, կենցաղային օրինակով պարզաբանենք, թե դա ինչ է նշանակում։ Պատկերացրեք, որ հայրն ու դպրոցական որդին քննարկում են որդու ապագա մասնագիտության հարցը։ Որդին ասում է, որ ցանկանում է տնտեսագետ դառնալ։ Ու հայրը սկսում է պլանավորել իր ֆինանսական ծախսերը՝ առաջին տարում կուղարկի վճարովի հիմունքներով մաթեմատիկա պարապելու մասնավոր դասախոսի մոտ, հետո մաթեմատիկայի հետ կսկսի նաև անգլերեն պարապել։
Հետո որդին կընդունվի բուհ, հայրը կվճարի ուսման վարձն ու մնացած ծախսերը և իր պարտքը կատարած կլինի, երբ որդին կստանա տնտեսագետի դիպլոմն ու կլինի իրոք լավ մասնագետ։ Այսինքն, հեռահար նպատակն աչքի առաջ ունենալով՝ ընտանիքի հայրն ամեն տարվա համար «բյուջե է» կազմում և իրականացնում։
Սակայն նա չի բավարարվում միայն փողը տալով։ Մինչև բուհ ընդունվելը պարբերաբար հետաքրքրվում է մասնավոր դասախոսից, թե ինչ հաջողություններ ունի որդին։
Ընդունելության քննությունները նույնպես ծախսված գումարի արդյունավետության միջանկյալ, բայց կարևոր չափանիշ են։ Դրանից հետո արդեն պարբերաբար «մոնիտորինգ է» անում ամենը սեմեստրի գնահատականները, վերջում՝ պետական քննությունը։
Սա, պատկերավոր ասած, ընտանեկան ծրագրային բյուջետավորման օրինակ է, երբ հայրն ու որդին հստակ գիտեն, թե տվյալ տարի ծախսված գումարի դիմաց ինչ նվազագույն արդյունք պետք է ապահովե ։
Սակայն, երբ խոսում ենք ՀՀ պետական բյուջեի մասին, այն էլ՝ ծրագրային, ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ։ Նախ, առանձին վերցրած միայն մեկ տարվա ծրագրային բյուջեն՝ որպես այդպիսին, աբսուրդ է, եթե չկա երկարաժամկետ ծրագիր։
Որպեսզի 2019 թվականի պետական բյուջեն լինի իրո՛ք ծրագրային, նախ պետք է հստակ լինի, թե կառավարությունն ինչ թիրախներ է իր առջև դնում 5 տարվա կտրվածքով։ Ընդ որում, այդ թիրախները պետք է լինեն կոնկրետ և թվային։ Ասենք՝ 5 տարի հետո աղքատության ի՞նչ մակարդակ է լինելու, գործազրկության ի՞նչ նվազում է լինելու, բնակչության թիվը որքա՞ն է կազմելու, ՀՆԱ-ն որքա՞ն է լինելու, տնտեսության առանձին ոլորտներին ի՞նչ կշիռ են ունենալու ՀՆԱ-ի մեջ, և այլն։
Իսկ նման ծրագիր այս պահին չկա։ Ինչպես հիշում եք, ՀՀ կառավարության ծրագիրը, որը ներկայացվեց այս տարվա հունիսին, որևէ թվային թիրախ չէր պարունակում։ Այնտեղ նշվում էր, որ տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։ Կարևորվում էր ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը։
Գործազրկության հաղթահարման հետ կապված՝ նշվում էր. «Կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վեր են ածվելու ներդրումային հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումներն ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները»: Գրեթե նույնատիպ կանխատեսում կար զբոսաշրջության մասով։
Առանձին ոլորտների մասով էլ՝ որպես տնտեսական առաջնահերթություններ՝ կառավարությունն առանձնացրել է երեք ամենակարևոր ուղղությունները՝ բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն։
Սակայն, եթե 6 ամիս առաջ «թվազուրկ» ծրագիրը հասկանալի էր, քանի որ կարճ ժամանակում հիմնավոր ծրագիր կազմելը տեխնիկապես անհնար էր, և կառավարության գերխնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր, ապա նոր կառավարությունը պարզապես իրավունք չի ունենալու նման ծրագիր ներկայացնել։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի թիմը գործադիր իշխանության ղեկին է արդեն 6 ամիս, ինչը բավարար ժամանակահատված է՝ տնտեսության պատկերը, խնդիրներն ու հնարավորությունները հասկանալու և հետագայի ծրագիր կազմելու համար։
Կառավարության նոր ծրագրով պետք է քիչ թե շատ չափելի թիրախներ լինեն։ Այսպես, ակնկալում եք ներդրումային հոսք և, դրա արդյունքում՝ գործազրկության և աղքատության կրճատո՞ւմ, շատ լավ, ուրեմն գոնե մոտավոր նշեք, թե ի՞նչ ծավալի ներդրումներ եք ակնկալում և, դրա արդյունքում՝ աղքատության և գործազրկության մակարդակի ինչպիսի՞ կրճատում։ Նույնը՝ զբոսաշրջության մասով։ Կամ, եթե խոսում ենք տնտեսության գերակա ոլորտների և տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխության մասին (հանքարդյունաբերությունից և խաղադրույքներից չկախված տնտեսություն), ապա պետք է հասկանանք՝ տնտեսության որ ճյուղը մոտավոր ինչ կշիռ պետք է ունենա տնտեսության մեջ տարիներ հետո։
Ընդ որում, եթե ասում ենք, որ հանքարդյունաբերության կշիռը պետք է նվազի, ՏՏ ոլորտինը աճի՝ պետք է հստակեցվի՝ կառուցվածքի այդ փոփոխությանը հասնելու ենք հանքարդյունաբերության բացարձակ ծավալների կրճատմա՞ն միջոցով, թե՞ ՏՏ ոլորտի առաջանցիկ աճի։ Ըստ այդմ էլ պետք է մշակվի նաև Հարկային օրենսգրքի բովանդակային ու արմատական փոփոխությունը։
Թիրախներից կամ «պետք է»-ներից բացի՝ պետք է նաև հստակեցվի, թե ինչպե՞ս ենք հասնելու դրանց, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ և ի՞նչ գնով։ Ու այս ամենը պետք է հստակ արտացոլվի ծրագրային բյուջեներում, որպեսզի նախկինի նման՝ բյուջեն չլինի ընդամենը ծախսերի և եկամուտների «դավթար»։
Սա նշանակում է, որ հաջորդ տարվա բյուջեն, որը Նիկոլ Փաշինյանն անվանում էր նախորդ կառավարության բյուջեի ուրվական, պետք է ոչ թե պարզապես որոշ փոփոխությունների ենթարկվի, այլ պետք է արմատապես փոխվի, կարելի է ասել՝ զրոյից գրվի։
Հենց այս պատճառով ենք ասում, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է, որովհետև դա չափազանց ծանր և ռեսուրսատար աշխատանք է։
Ընդ որում, կա նաև մեկ այլ դժվարություն։ Որպեսզի ծրագրային բյուջետավորումը լինի արդյունավետ, պատգամավորները պետք է գիտելիքների և տեղեկացվածության որոշակի պաշար ունենան, որպեսզի կարողանան կառավարության գործունեությունը պատշաճ վերահսկել։
Նախորդ տարիներին այս ուղղությամբ քիչ աշխատանք չի տարվել, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցությամբ։ Սակայն, ընդամենը 1.5 ամսից ունենալու ենք նոր Ազգային ժողով, որտեղ մեծամասնությունը լինելու են նոր դեմքեր։ Ու ժամանակ է պետք լինելու, մինչև այս մարդիկ մտնեն «թեմայի մեջ»։ Նշենք նաև, որ ապագա խորհրդարանի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է լինելու նաև ապագա պատգամավորների կրթական ու մասնագիտական որակներով։
Իսկ ի՞նչ ունենք այս պահին։ Ունենք մոտ 20 օր՝ մինչև քարոզարշավի մեկնարկը, և աղոտ հույս, որ ընտրություններին մասնակցող բոլո՛ր ուժերը գոնե քիչ թե շատ հիմնավորված ծրագրերով կներկայանան։ Սակայն որ կունենանք ծրագրային պայքար, դրա նախանշանները կրկին չեն երևում։ Ըստ ամենայնի, հասարակությունը նախկինի պես ուշադրություն չի դարձնելու առանձին ուժերի ծրագրերին և քվեարկելու է՝ լրիվ այլ մոտիվացիաներով առաջնորդվելով։
Սա բնական է, սակայն հուսով ենք՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ավելի պատասխանատու ու պահանջկոտ կգտնվեն իրենք իրենց նկատմամբ, քան ընտրողները։ Որպեսզի Երևանի ավագանու պատմությունը չկրկնվի, երբ ընտրություններից հետո է սկսում քննարկվել կարմիր գծերի կամ տրանսպորտի թանկացման հարցը։
Կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն նախօրոք, որովհետև հասարակության թեկուզ մի փոքր հատվածը, այդուհանդերձ, ցանկանում է թեկուզ կողմ քվեարկելով՝ նախապես իմանալ, թե ինչ և ինչպես է պատրաստվում անել իր նախընտրած քաղաքական ուժը։