«Արձանագրվել է՝ Կարապետյանները հաղթանակ են տարել, անկախ նրանից, թե Կառավարությունն ինչ կմեկնաբանի». Գոհար Մելոյան

Օգոստոսի 4-ին Ստոկհոլմի առևտրային արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով՝ արբիտրաժն անհապաղ որոշում է կայացրել, որով հաստատել է, որ նախորդ կայացրած որոշումով իրենք արդեն տվել են իրենց գնահատականը, և նախորդ որոշումը ենթակա է անհապաղ կատարման։

«Ի՞նչ էր տեղի ունեցել. Սամվել Կարապետյանի ընտանիքը ներկայացրել էր միջանկյալ միջոց՝ Կառավարության իրականացրած գործողությունների, օրենքների ընդունման դեմ, որով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործընթացն էին կյանքի կոչում։ Իսկ արբիտրաժն իր հերթին՝ դրանց տվել էր գնահատական և բավարարել էր Կարապետյանների ընտանիքի միջնորդությունը։ Սա ենթադրում է, որ մինչև վերջնական պրոցեսներին իրավական գնահատական տալը Կառավարությունն այդ ընթացքում՝ այդ միջանկյալ միջոցի ընդունման պահից, բոլոր գործողությունները ոչ միայն դադարեցնի, այլև բերի այն վիճակին, որոնք եղել են մինչև այդ օրենքների ընդունումը։

Բայց ի՞նչ արեց Կառավարությունը՝ ուղիղ և արբանյակների միջոցով հրահանգեց, որ որևէ կերպ չեն պատրաստվում կյանքի կոչել արբիտրաժի որոշումը, ու շատ կանխատեսելի էր»,- 168.am հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով, մեր զրուցակիցն ասաց, որ այստեղ Կառավարությունը և նրա արբանյակներն արբիտրաժի որոշումները չկատարող պետությունների օրինակով հղում կատարեցին «հանրային կարգին հակասելու» դրույթին։ Իսկ հանրային կարգը ՀՀ ներպետական առևտրային արբիտրաժի մասին օրենքով նախատեսված կարգավորում է, որը հստակ բացվածք չունի, և ցանկացած պետություն, ով վավերացրել է այս կոնվենցիան, իր ներպետական օրենսդրության մեջ ունի այդ հանրային կարգ ասված։

«Պետք է ընդգծենք, որ սա ծայրաստիճան նեղ է մեկնաբանվում պետությունների կողմից, այսինքն՝ հանրային կարգին հղում են կատարում, երբ շատ ուղղակի, որոշակի և շատ համաչափ կերպով ակնհայտ է, որ, իրոք, այդ պետության հանրային կարգին տվյալ արբիտրաժային որոշումը հակասել է։ Եթե այս կերպ պետությունները փորձեն մոտենալ արբիտրաժային որոշումներին, ինչպես մեր պետությունն է փորձում անել՝ լայն, մանիպուլյատիվ, քաղաքականացված, ապա առհասարակ որևէ պետության կողմից արբիտրաժային որևէ որոշում կյանքի չի կոչվի, ու այդ ինստիտուտը կդառնա անիմաստ։

Այստեղ ամրագրենք մեկ փաստ ևս՝ ցանկացած դատական համակարգում, երբ մի կողմը դիմում է հայցի ապահովման միջոց ներկայացնելով՝ ինչպես այս դեպքում Կարապետյանների ընտանիքն է ներկայացրել, և դատարանը բավարարում է այդ միջոցը, դա միանշանակ հաղթանակ է այն ներկայացնողի համար և պարտություն է պատասխանողի համար։ Միայն այս իրավիճակը, երբ ուսումնասիրում ենք այն հանգամանքը, որ արբիտրաժային դատարանը բավարարել էր այս միջնորդությունը՝ դրանով իսկ փաստացի արձանագրվել է, որ Կարապետյանները հաղթանակ են տարել՝ անկախ նրանից, թե Կառավարությունն ինչ կմեկնաբանի»,- շեշտեց Գ. Մելոյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն իր բոլոր գործողություններով արդեն ապացուցել է, որ հրաժարվում են արբիտրաժային դատարանի որոշման կատարումից, ինչը լրջագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա։ Գոհար Մելոյանը վստահեցնում է՝ իշխանությունների քաղաքական երկարակեցության և քաղաքական հիմքով կայացրած հակաիրավական որոշումների հետևանքով Հայաստանի հեղինակությանը հասցվում են լուրջ հարվածներ մի քանի ասպեկտներով։

«Առաջինը՝ սա ահազանգ-հարված է Հայաստանի ներդրումային միջազգային իրավունքին՝ միջազգային ներդրողների դիտանկյունից, որովհետև սրանով ուղերձ են հղում պոտենցիալ ներդրողներին, որ իրենց իրավունքները մեր երկրում պաշտպանված չեն լինելու։

Մենք, վավերացնելով նյույորքյան Կոնվենցիան, կոնկրետ այս դեպքում ստորագրելով Կիպրոսի հետ ներդրողների իրավունքների պաշտպանության համաձայնագիրը, միջազգային իրավունքի համատեքստում լրացուցիչ պարտավորություններ ենք ստանձնել և տվել ներդրողներին՝ մեր երկրում իրենց ֆինանսները ներդնելու և տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Երբ օտարերկրյա ներդրողն ուսումնասիրում է մեր հայկական շուկան և տեսնում է, որ աշխարհի խոշորագույն գործարարների ցուցակի մեջ մտնող, ազգությամբ հայ, իր ընդամենը մեկ եզրույթի համար զրկվել է անձնական ազդեցությունից, և ոտնահարվում են նրա տնտեսական իրավունքները, և այդ իրավունքները վերականգնելու համար գործարարը փորձել է միջազգային գործիքակազմը, իսկ միջազգային դատարանն այդ հայցը բավարարել է, բայց Կառավարությունն անկատար է թողել, ակնհայտ է, այդ ուսումնասիրողի համար ինչ տպավորություններ են ձևավորվելու»,- նշեց Գոհրա Մելոյանը։

Երկրորդ հարվածներից մեկն էլ, ըստ մեր զրուցակցի, այն է, որ, բացի հանրային կարգից, օրվա իշխանությունը խաղարկեց Հայաստանի ինքնիշխանության հարցը, մինչդեռ, երբ ստորագրվում է միջազգային որևէ կոնվենցիա, դրանով իսկ զիջում է  ինքնիշխանության որոշակի տարրեր, քանի որ ստանձնում է միջազգային պարտավորություններ։ Հետևաբար՝ երբ որևէ պետություն անկատար է թողնում իր կողմից ընդունված որոշումները և դրանց վերաբերվում է քամահրանքով, զոհասեղանին է դրվում այդ կառույցների հեղինակության հարցը։

«Ցավալին այն է, որ այս վնասը մենք բոլորս ենք կրելու՝ որպես ՀՀ քաղաքացիներ, և դրա հետևանքը կրելու են ոչ թե օրվա իշխանությունները, այլ մեր պետությունը»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ իշխանությունների հրահանգով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա իր սատարումը հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն։

Հունիսի 18-ին անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով (ֆեյսբուքյան գրառումները դրա վառ ապացույցն են) նախ՝ Սամվել Կարապետյանին կալանավորեցին, այնուհետև նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին։

Խորհրդարանում միայն ՔՊ-ական պատգամավորները քվեարկեցին ՀԷՑ-ի «պետականացման» վերաբերյալ իրենց ներկայացրած նախագծին։ Այս գործընթացից հետո Կարապետյանների ընտանիքը դիմեց արբիտրաժային դատարան։

Տեսանյութեր

Լրահոս