Օքսֆորդյան բառարանը «տոքսիկ» ածականը ճանաչել է տարվա բառ
Անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանը տարվա բառ է ընտրել «տոքսիկ» (toxic) ածականը, որը կարելի է թարգմանել որպես «թունավոր»: Այդ մասին ասված է բառարանի կայքում:
Նշվում է, որ բառը 17-րդ դարում անգլերենին է անցել լատիներենից: Իսկ լատիներենն այն փոխառել է հունարենից, որտեղ toxikon pharmakon արտահայտությունը նշանակել է մահացու թույն, որով հին հույները պատում էին իրենց նետերը: Ինչպես նշում են բառարանի հեղինակները, 2018 թվականին այս բառի նշանակությամբ էջի դիտումների թվաքանակն ավելացել է 45 տոկոսով: Նշվում է, որ բառն օգտագործվել է ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով:
Այսպես, 2018 թվականին այս ածականով առավել հաճախ օգտագործվող արտահայտությունը հեղինակները նշել են «թունավոր քիմիկատներ» բառակապակցությունը: Առաջատարների եռյակում հայտնվել են նաեւ «թունավոր առնականություն» եւ «թունավոր նյութ» արտահայտությունները:
Ինչպես նշվում է բառարանի կայքում, «թունավոր քիմիկատներ» արտահայտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է, առաջին հերթին, այսպես կոչված Սկրիպալների գործի՝ Մեծ Բրիտանիայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: