«Եկել է պահը ոչնչացնելու Հիդրայի՝ ամենակուլ վիշապի գլուխը…»
Ընդամենը մի քանի ամիս առաջ հանրությունը հեղափոխական կոչերին հետևելով` անվերապահ հավատով լի մղվեց դեպի հրապարակներն ու փողոցները: Եկել է պահը ոչնչացնելու Հիդրայի՝ ամենակուլ վիշապի գլուխը, որ լափում է սեփական ժողովրդի արյունն ու քրտինքը, ազգային հարստությունը:
Ոչինչ միանգամից չի ստեղծվում, ոչինչ միանգամից պտուղ չի տալիս: Դարավոր երազանք ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ձեռք բերելուց առ այսօր ժողովուրդը սնվում է միայն բերքատու ծառի չորացած տերևներով, իսկ ազգի Հիդրաները` միայն հյութեղ մրգերով: Տարիներ շարունակ մարմինն անդամահատող, հավատը խեղող մի միտք են սերմանել. «Մի քիչ էլ համբերեք, մի քիչ էլ … լավ կլինի»:
Ե՞րբ է, ի վերջո, այդ Նորին Մեծություն Լավը հայի դուռը թակելու:
«Հեղափոխությունից» անցել է մի քանի ամիս, և ի՞նչ ենք տեսնում այսօր: Նոր Հայաստան կառուցողներն ազգի Հիդրաներին փաղաքուշ մեթոդներով ազատում են արդարության ատյանից՝ բավարար փաստեր չլինելու պատճառաբանություններով: Փաստերն անհաշիվ են` հարստահարված ընդերք, կոռումպացված կրթական, քաղաքական և տնտեսական համակարգ, հազարավոր քաղաքացիների, բազմաթիվ հայրենասեր ազատամարտիկների ոտնահարված իրավունքներ, ծայրահեղության հասնող սոցիալական խտրականություն… էլի՞ փաստեր:
Ընդամենը մի քանի ամիս առաջ բազում խոստումներ հնչեցին՝ գնային վերահսկողության սահմանում, ստվերային տնտեսության վերացում, հարկային դաշտի հավասարություն… Ի՞նչ ենք տեսնում այսօր. գնաճ՝ կաթնամթերքի, մսամթերքի:
Գունեղ ու ամպագոռգոռ խոստումներ հնչեցին նաև քաղաքային ընտրությունների ժամանակ: Սակայն կարճ, շատ կարճ ժամանակ անց քաղաքապետն իր վարդագույն ակնոցները հանեց, ու պարզվեց, որ կարմիր գծերը չեն կարող վերացնել, քանի որ մանկապարտեզները չեն վերանորոգվի, հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի ուղեվճարի թանկացման հաշվին: Ավելին՝ քաղաքապետը գտնում է, որ մի քանի տարի առաջ այլ իրավիճակ էր, անթույլատրելի էր ուղեվճարի թանկացումը, հիմա կարելի է, քանզի հանրությունը իրենց կողմնն է:
Զարմանալի վերլուծական տաղանդ ունի «կարգին» քաղաքապետը: 2013 թվականից (երբ տեղի ունեցավ տրանսպորտի ուղեվճարի դեմ բողոքի ակցիաները) առ այսօր ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվել, մարդիկ շարունակում են գոյատևել չնչին` 80-100 հազար դրամ աղքատավճարի (ոչ աշխատավարձի) հաշվին: Օրական որքա՞ն գումար կծախսի մեկ անձը` մի քանի անգամ հանրային տրանսպորտից օգտվելիս, որքա՞ն գումար կկազմի այն` ամսական հաշվարկով: Պյութագորաս պետք չէ լինել` այդ հաշվարկը կատարելու համար:
Ծանր բեռը ժողովրդի հյուծված ուսերին դնելուց առաջ նախ մեր իրականությունից մաքրեք գծատերերին, որպեսզի եկամուտները որոշ հաստափորների գրպանը մտնելու փոխարեն հանրային բյուջե մտնեն, հանրությանը ծառայեն: Ախտը գծատերերն են, արմատախիլ արեք այն և հասարակության մի թևը կառողջանա: Գո՞ւցե երկյուղում եք այդ հանրության գրպանը լափող ախտահարվածներից…
Ինչ է ստացվում` միլիոններ թալանած, ազգը կեղեքող Հիդրաները շարունակում են վայելել կյանքը և շրջել ազատության ջինջ երկնքում, մինչդեռ 80-100 հազար ստացող քաղաքացին թանկ գներով ձեռք է բերում առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հրաշալի ներկայացում՝ փայլուն դերակատարումներով. միայն թե` ներկայացման վերջում հիացած հանդիսականներ մնան դահլիճում, իսկ ետնաբեմում գտնվող բեմադրիչը վերջապես հասկանա, որ ժողովրդավարությունը նաև՝ հոգեբանություն է, ազգի կառավարման առողջ հոգեբանություն:
Ու նորից գալիս ես այն համոզման, որ թվացյալ գլխատված Հիդրան վերաճել է, վերակերպավորվել…
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ
Թամարա Հարությունյան
23 հոկտեմբերի 2018 թվական
Երևան