Բաժիններ՝

«Պետք է սխալվես, որ ինչ-որ բան սովորես, եթե չես սխալվում, ուրեմն՝ ինչ-որ մի բան սխալ ես անում». PicsArt-ի գլխավոր տնօրեն

PicsArt-ի գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանի համար հաջողությունն այն է, երբ մարդ զբաղվում է իր սիրած գործով։

«Ես աշխատում եմ մի թիմի հետ, որի հետ ուզում եմ աշխատել, և ստեղծում եմ մի պրոդուկտ, որը, վստահ եմ, ինչ-որ բան փոխելու է այս աշխարհում։ Դա ինձ համար ամենամեծ հաջողությունն է։ Հաջողությունը նպատակ չէ, այլ պրոցես է. ես գնում եմ ինչ-որ նպատակի, բայց ինձ համարում եմ հաջողակ, եթե աշխատում եմ իմ սիրած մարդկանց հետ, ունեմ մոտիվացիա և նպատակ, որին ուզում եմ հասնել»,- հունիսի 22-ին կազմակերպված «Հաջողության բանաձև» նախագծի հերթական դասախոսության ժամանակ այս մասին ասաց նա։

Հովհաննես Ավոյանն ավելի քան 25 տարվա փորձ ունեցող ձեռնարկատեր ներդրող է, PicsArt ընկերության գլխավոր տնօրենն ու հիմնադիրն է։ PicsArt-ն առաջատար սոցիալական ֆոտո խմբագրման հավելված է, որն այժմ ամսական ավելի քան 100 մլն ակտիվ օգտատեր ունի և ներդրումներ է ներգրավել հանրահայտ Sequoia Capital-ից, հայտնի վենչուրային այլ հիմնադրամներից։ Նախքան PicsArt- ը, Ավոյանը հիմնել է թվով հինգ ստարտափներ, որոնք մեծ հաջողության են հասել: Ավոյանը Հարվարդ բիզնես դպրոցի Բերտելսմանի ծրագրի շրջանավարտ է։ Նախկինում ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Ավոյանն ընդգծեց, որ PicsArt-ի ստեղծման հիմքում անձնական պատմություն է ընկած։

Կարդացեք նաև

«Երբ ուրիշ գործի մեջ էի, 10 տարեկան աղջկաս մի օր հուզված տեսա։ Հուզմունքի պատճառն այն էր, որ նկարել էր ինչ-որ նկար, հրապարակել համացանցում և շատ վատ մեկնաբանություններ ստացել մարդկանցից, որոնք քննադատել էին՝ առանց հասկանալու, որ 10 տարեկանի գործ է։ Այդ հուզմունքն ինձ այնքան տպավորեց, որ մտածեցի՝ պետք է ինչ-որ բան ստեղծել իր նման մարդկանց համար, որ լինեն ազատ, պոզիտիվ միջավայրում, ամեն ինչ լինի հասանելի, անվճար։ Այդ մոտիվացիան ինձ համար շատ կարևոր էր, որովհետև դա ինձ համար միայն գործ չէր, այլ առաքելություն էր, որ պետք է տանեի»,- անկեղծացավ PicsArt-ի գլխավոր տնօրենը։

Նա նկատեց՝ եթե ամեն րոպե հաճույք չես ստանում նրանից, ինչ անում ես, ապա սթրեսը շատ է, չես կարող հասնել նպատակիդ.

«Ցանկացած անհաջողություն ժամանակավոր է, ինչպես և՝ ցանկացած հաջողություն։ Ցանկացած անհաջողության մեջ կա սովորելու մի բան, և ցանկացած հաջողության մեջ ժամանակավոր մի բան կա, որ դու գիտես՝ այսօր հաջողության հասա, բայց դա առնվազն կարող է վաղը փոխվել, և դա ինչ-որ քայլ է՝ մյուս հաջողության համար։ Եթե հասել ես մի բարձրության, սկսում ես մտածել հաջորդ բարձրության մասին»։

PicsArt-ի գլխավոր տնօրենը երկու բանով է իրեն երջանիկ և հաջողակ համարում.

«Նախ՝ ունեմ ընտանիք, որն ինձ շատ է աջակցում։ Ես ուրախ եմ, որ կինս և երեխաներս իմ կողքին են եղել, միշտ օգնել են այս ամենը հաղթահարել։ Երկրորդ՝ իմ գործընկերները, իմ թիմը շատ լավն են, ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ նման թիմ, որն ինձ թույլ է տալիս անգամ չմտածել վերջնակետի մասին, այլ հաճույք ստանալ այդ պրոցեսից, որ մենք միասին ստեղծում ենք մի բրենդ, որն ազդեցություն է գործում արդեն 500 մլն մարդու վրա։ 500 մլն մարդ օգտվում է PicsArt-ից, և հույս ունեմ, որ դա նրանց կյանքում ինչ-որ բան փոխել է։

Մի քանի տարի առաջ մի սիրիացի տղա, որն օգտագործում էր App-ը, և պատերազմի տարիներին բանակային վիճակում էր, մեզ գրել էր. «Ես ունեի ընտրություն՝ ձեռքս զենք վերցնել, բայց ես նախընտրեցի PicsArt-ը վերցնել իմ ձեռքը, որը փոխեց իմ կյանքը, ես դարձա ուրիշ, դուրս եկա պատերազմական իրավիճակից»։ Ինձ համար դա շատ կարևոր մի փաստ էր, որովհետև, եթե մենք կարողանում ենք մարդուն այդ իրավիճակում օգնել, տալ մի հնարավորություն, որ նա ձեռքը զենք չվերցնի, այլ վերցնի մի գործիք, որը թույլ է տալիս նրան ստեղծագործել, հոգու հանգստություն ունենալ, ապա գտնում եմ, որ մեր առաքելությունը հաջողել է»։

Հովհաննես Ավոյանի երազանքն այս պահին մեկն է՝ PicsArt-ը լինի բոլոր մարդկանց ձեռքում, դառնա նրանց կյանքի կարևոր մասը.

«Մենք ուզում ենք՝ բոլոր մարդկանց ձեռքում լինի գեղեցիկը ստեղծելու գործիքը։ Գեղեցիկը ստեղծելով՝ մարդիկ փոխվում են, դառնում գեղեցիկ»։

Նա ընդգծեց՝ երբ հասնում ես ինչ-որ բանի, սկսում ես բարձրանալ, երբեք չգիտես՝ հաջորդ բարձունքդ որը կլինի.

«Ես վստահ եմ, որ ինչ-որ սարի վրա ենք կանգնած, չգիտեմ՝ որ մասում ենք, բայց համառորեն բարձրանում ենք։ Մենք կարծում ենք, որ դեռ մի քանի կարևոր բարձունքների պետք է հասնենք, շատ մեծ սարի գագաթին հասնելու ճանապարհին ենք»։

PicsArt-ը վաճառելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ստարտափն իր համար կտավ է.

«Եթե գեղեցիկ բան ես նկարել ու չես ցանկանում վաճառել, նշանակում է՝ մտածում ես, որ հաջորդ կտավդ լավը չի լինելու։ Եթե վաճառում եմ ստարտափը, նշանակում է, որ ունեմ հաջորդ գաղափարը, որի վրա սկսել եմ աշխատել։ PicsArt-ն անավարտ կտավ է ինձ համար և այս պահին չեմ պատրաստվում այն վաճառել։ Այն շատ ավելի մեծ կտավ է, քան մինչև այժմ ստեղծած իմ մյուս նկարները, և ես պատրաստվում եմ իրեն վերջացնել, նոր հետո մտածել վաճառքի մասին: Եթե սկսեմ մտածել վաճառքի մասին, դա նշանակում է, որ ես սկսել եմ մտածել հաջորդ կտավի մասին»։

Առհասարակ, նա այն կարծիքին է, որ ճիշտ պահին պետք է վաճառել ստարտափը.

«Եթե երկար պահես, այն կփչանա կամ կհնանա, հետաքրքիր չի լինի մարդկանց համար։ Եթե վաճառում ես ճիշտ գնորդի, նա վերցնում, քո տեխնոլոգիան զարգացնում է, եթե դու չես կարողանում։ Իսկ եթե շարունակես նույն տեխնոլոգիայով աշխատել, կարող ես կորցնել ամեն ինչ։ Վաճառքներից հետո մի տեսակ դատարկություն ես ունենում, չես էլ հասկանում՝ ուրախանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Զգում ես, որ հաջողության հասար, բայց նաև հասկանում ես, որ ինչ-որ մի բան կորցրիր, ինչ-որ մի բան գնաց քո կյանքից, որովհետև վաղն արդեն ուրիշ բան է լինելու»։

Հ. Ավոյանի խոսքով՝ անպայման պետք է սովորել ուրիշների սխալներից.

«Ուրիշների սխալներից ավելի հեշտ ես սովորում, քան քո սեփական սխալներից, որովհետև քո սեփական սխալների համար շատ անգամ ուրիշներին ես մեղադրում, բայց չես հասկանում՝ ինչն էր սխալիդ պատճառը։ Մեր աշխարհում ընդունված է տարբեր տեղերից բաներ սովորել և կիրառել App-ի մեջ։ Այսպիսի միտք կա՝ եթե մեկից ես գողանում, կոչվում է գողություն, ես շատերից ես գողանում, կոչվում է հետազոտություն։ Առհասարակ, սխալ անելն այնքան նորմալ է, որ շատ անգամ չես էլ հիշում՝ ինչ սխալ ես արել, եթե դրանցից սովորել ու կիրառել ես։ Պետք է սխալվես, որ ինչ-որ բան սովորես, եթե չես սխալվում, ուրեմն՝ ինչ-որ մի բան սխալ ես անում»։

Մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե «թավշյա հեղափոխության» ժամանակ ինչո՞ւ որևէ բան չթողարկվեց PicsArt-ի կողմից։

«Մեր աշխատակիցները զբաղված էին փողոցներ փակելով, և ինչ-որ բան չթողարկվելու ժամանակ չունեցանք։ Մոտ երեք շաբաթ կաթվածահար էր ամբողջ գրասենյակը, մեր բոլոր գործերը ձախողվել էին, բայց չէինք խոչընդոտում, որ մեր աշխատակիցները փողոցում լինեն»,- ի պատասխան՝ ասաց նա։

Հիշեցնենք, որ 168.am-ը ժամանակին հրապարակումներ էր պատրաստել նաև McKinsey&Company-ի ավագ գործընկեր, խորհրդատու, Ռուսաստանում և ԱՊՀ-ում էլեկտրա և ջերմային էներգետիկայի ոլորտների աշխատանքների ղեկավար Ստեփան Սոլժենիցինի, «Joomag» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանի, բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Արթուր Մարտիրոսյանի, Findo, iiko, Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ, տարբեր նորարարական ծրագրերի և ստարտափների խորհրդատու Դավիդ Յանի, Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևերի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս