«Պետք է ուրիշներին օգտակար լինելու ցանկություն ունենալ». Ստեփան Սոլժենիցինի հաջողության բանաձևը
Արդյո՞ք պետք է ձգտել հաջողության։ Այս հարցի պատասխանն «Այբ» կրթական հիմնադրամի և Yerevan Productions-ի կողմից կազմակերպված «Հաջողության բանաձև» նախագծի ժամանակ իր սեփական փորձով տվեց McKinsey&Company-ի ավագ գործընկեր, խորհրդատու, Ռուսաստանում և ԱՊՀ-ում էլեկտրո և ջերմային էներգետիկայի ոլորտների աշխատանքների ղեկավար Ստեփան Սոլժենիցինը։
Ի՞նչ է հաջողությունը, և արդյո՞ք պետք է այն
«Միգուցե դուք օգնեք հասկանալ, թե ի՞նչ է հաջողությունը, և արդյո՞ք պետք է այն»,- դիմելով ներկաներին՝ ասաց Սոլժենիցինը։
Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած Ստեփան Սոլժենիցինն ասաց, որ իր կրթությունը սկսվել է տանը. «Իմ ծնողներն ինձ շատ բան են տվել: Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, իսկ երջանիկ մանկություն ունենալը կախված է նրանից, թե ովքեր են քեզ շրջապատում, որքան են սիրում, որքան բան են ներդնում քո մեջ. դա է երջանկությունը»:
Մանկուց սիրել է ինչ-որ բաներ կառուցել, հետաքրքրվել է ենթակառուցվածքներով և ժամանակի հետ հասկացել, որ գուցե ճարտարապետ դառնա.
«Մենք Ռուսաստանից տեղափոխվել էինք ԱՄՆ, քանի որ ծնողներս ԽՍՀՄ-ում համարվում էին ոչ ցանկալի մարդիկ։ Երբ ընդունվեցի համալսարան՝ ուսումնասիրեցի, թե ինչպես են ենթակառուցվածքներն ազդում բնական միջավայրի վրա, փչացնում այն: Այն, ինչ պատմում եմ, նշանակում է, որ ձգտում ունեի, ձգտում էի օգտակար լինել, ինչ-որ բան անել՝ հիմնված գիտելիքների վրա։ Դրա համար «Արդյո՞ք պետք է ձգտել հաջողության» հարցին ես ունեմ պատասխան՝ ձգտել անպայման պետք է»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ «կարիերա» բառն իր համար ծիծաղելի է, քանի որ ձգտել, ըստ նրա՝ նշանակում է՝ գործել, շարունակել.
«Ես որոշել էի ինչ-որ բանով օգտակար լինել, երբ վերադառնամ հայրենիք: Դա դեռ մանկուց կար իմ մեջ, և մտածում էի, որ ինչ-որ մասնագիտություն պետք է ունենալ դրա համար։ Ես արդեն ունեի մասնագիտություն, բայց մյուս կողմից՝ պետք է նաև հետաքրքրվել ինչ-որ բանով։ Եթե հետաքրքրվում ես աշխատանքով, այդ ժամանակ ինչ-որ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, և ինձ հետաքրքիր էր, թե այդ ենթակառուցվածքները, որոնք ազդում են բնական միջավայրի վրա, ինչպիսին են, ինչի համար են, սկսեցի հետաքրքրվել հարցի տնտեսական, քաղաքական կողմերով: Այդպիսի հարցերն ամբողջ աշխարհում են քննարկվում»։
Մասնագիտական անհաջողությունը
Եվ ահա, հենց այդ ժամանակ էլ ունենում է իր առաջին մասնագիտական անհաջողությունը.
«Մի կողմից՝ դա համարում եմ մասնագիտական անհաջողություն, մյուս կողմից՝ հաջողություն։ Իսկ ամեն ինչ այսպես եղավ. իմ հաճախորդն էր Դոնալդ Թրամփի նման մեկը, եթե չլիներ Թրամփը, ստիպված կլինեի երկար բացատրել, թե ինչպիսին է նա: Նա շատ նման էր Թրամփին, եթե այստեղ լիներ, նա անպայման կխոսեր հաջողության հասնելու մասին, քանի որ համարում էր, որ հաջողությունների է հասել։
Նա մարդ էր, որը ոչ միայն ցանկանում էր կառուցել շատ հետաքրքիր կառույց, որն արտաքինից նման կլիներ թանգարանի, բայց իրականում էլեկտրակայան էր լինելու: Դրա համար նա ասում էր՝ ամեն ինչ կարող եմ անել, ունեմ էլեկտրակայան և ուզում եմ նորը կառուցել: Այդ ժամանակ ես կոորդինացնում էի ամբողջ գործընթացը։ Նա ուներ թիմ՝ լոբբիստ, ֆինանսիստ, տնտեսագետ և ես: Այդ ամբողջ նախագիծն իրականացվելու էր Բրուքլինի այն մասում, որը նա ատում էր»։
Սոլժենիցինի խոսքով՝ ամբողջ թաղամասը դեմ էր էլեկտրակայանի կառուցմանը, իշխանություններն են միջամտում, և, ի վերջո, այն չի կառուցվում.
«Ես մոտ երկու տարի ծախսեցի այդ նախագծի վրա, և ոչ մի հաջողություն չեղավ: Այդ ժամանակ այդ թրամփանման մարդն ինձ հետևյալն ասաց. «Դու նույնպես այդքան էլ հաջողակ չես, բայց լավ տղա ես, մեր էլեկտրակայաններից մեկում գումարներ ենք կորցնում, արի-տես՝ ինչ է կատարվում, որ էլ գումար չկորցնենք»: Ես գնացի։ Ուսումնասիրություններից հասկացանք՝ ինչումն է խնդիրը։ Բիզնեսը ստիպված էր անընդհատ վճարել իր հարկերը, քանի որ մեծ վարկեր էր վերցրել. մի խոսքով՝ տիպիկ խնդիր նմանատիպ կապիտալիստների համար։ Դրա շնորհիվ ես սկսեցի փողի միջով նայել»։
«Պետք է օգտակար լինելու ցանկություն ունենալ»
Սոլժենիցինը վերադառնում է Ռուսաստան, և, ինչպես ինքն է ասում՝ պարզ չէր՝ կարո՞ղ է էներգետիկայի ոլորտում աշխատանք գտնել։ Հենց այդ ժամանակ էլ McKinsey&Company-ում անցնում է աշխատանքի. «Այն, ինչ ինձ հետաքրքրում էր, վաղ թե ուշ կարողացա անել»։
Ամփոփելով իր պատմությունը, Սոլժենիցինն ասաց, որ դրա մեջ ամենահետաքրքիր ու կարևոր մասն այն է, որ ինչ-որ ճանապարհով գնալու կարևորագույն ասպեկտն այն է, որ այն հետարքրքիր լինի.
«Եթե ինչ-որ բան հետաքրքիր է, նշանակում է՝ մարդը ողջ է, կանի ինչ-որ բան, կձգտի: Երբեք չգիտես՝ ինչը և ով օգտակար կլինեն։ Իմ դեպքում գիտելիքներն էին կյանքի որոշակի փուլում կարևոր։ Պետք է օգտակար լինելու ցանկություն ունենալ: Ինչպես չի եղել, այնպես ինձ համար չկա հաջողություն հասկացությունը, և դա միգուցե օգնել է, որովհետև սպասումները կապված չեն նրա հետ, թե որքան հաջողակ ես դու: Ես չեմ ճանաչում հաջողությունը՝ որպես նպատակ»:
Ստեփան Սոլժենիցինի խոսքով՝ մարդկանց 97%-ը զբաղվում է այն աշխատանքով, որն անհրաժեշտ է ընտանիքին կերակրելու համար.
«Քիչ են մարդիկ, որոնք կարող են անել այն, ինչ ուզում են: Կարևոր է՝ օգտակար լինելու ցանկություն ունենալ: Միգուցե երեխային ապագա ես տալիս՝ կրթության միջոցով, միգուցե ինչ-որ կերպ ծառայում ես։ Ինչ-որ մեկին օգտակար լինելը մեզ տալիս է ներքին երջանկություն, հարմոնիա կամ տնտեսական հաջողություն: Եթե ցանկանում ես ինչ-որ բան անել ոչ քեզ համար, իմ կարծիքով՝ դա հրաշալի է: Եթե անեմ այն, ինչ միայն ինձ է պետք, միայն ես եմ ուզում, դա հաստատ այն չէ, որ բերում է հաջողության, և դա այն չէ, հանուն որի արժե ձգտել: Իսկ ձգտել, նշանակում է՝ օգտակար լինել ուրիշներին»։
Հարցին՝ եթե չվերադառնար Ռուսաստան, կհասնե՞ր հաջողությունների, նա այսպես պատասխանեց. «Մարդիկ հաջողություն են համարում կարգավիճակը, փողերը, հարստությունը և այլն, և ահա իմ դիրքը հիմա համարվում է հաջողություն։ Եթե ես չվերադառնայի Ռուսաստան, կհամարվեր, որ ինձ մոտ այդ հաջողությունները չկան: Առերևույթ հաջողությունները կարող էին չլինել, կյանքն ուղղակի կշարունակվեր: Ձգտումը քիչ չէր լինի, բայց հաջողությունը քիչ կլիներ։ Բայց ես հաստատ հաջողության հասնելու համար չեմ վերադարձել Ռուսաստան, այլ պարզապես ուզում էի վերադառնալ Ռուսաստան»։