Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների կրկնապատկումը կբերի ոլորտի ծավալների կրկնապատկման
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միակն է Հայաստանում, որի աճը կախված է միայն մասնագետների առկայությունից: Եթե կարողանանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների քանակը կրկնապատկել, ապա ՏՏ ոլորտի ծավալները կկրկնապատկվեն: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը՝ նշելով, որ խոսքը միլիոնավոր դոլարների լրացուցիչ եկամտի մասին է, որը կարող է տնտեսության զարգացման վրա ինչպես՝ անմիջական, այնպես էլ՝ ոչ անմիջական զգալի ազդեցություն ունենալ, օրինակ՝ արտադրողականության բարձրացում, թափանցիկություն, նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն, և այլն:
Հ. Ավոյանի խոսքով՝ կադրերի պատրաստման ուղղությամբ ԻՏՁՄ-ն, իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, 2013թ. մեծ ուշադրություն է դարձնելու կրթական ոլորտին, որպեսզի տարեկան մի քանի հազար նոր մասնագետ կարողանան բերել ոլորտ:
«Մենք ծրագրեր ունենք և՛ դպրոցների համար, և՛ բուհերի համար, ինչպես նաև կրթական վարժանքներ կամ վերապատրատման ծրագրեր ունենք»,- ասաց Հ. Ավոյանը: Ըստ նրա՝ արդեն 5-6-րդ դասարաններից սկսած, երեխաների մոտ պետք է զարգացնել ծրագրավորման և համակարգչային հմտությունները: Հ. Ավոյանը նշեց, որ, օրինակ, այս հարցն ԱՄՆ-ում շատ է կարևորվում, և ընդամենը վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ նշել է, որ ամերիկացի դպրոցականների շրջանում պետք է անպայման զարգացնել ծրագրավորման ունակություններն ու գիտելիքները:
«Մեր հիմնական աշխատանքի ուղղվածությունը լինելու է՝ ոլորտի զարգացումն ապահովել մարդկային ռեսուրսների, մասնագետների պատշաճ պատրաստման միջոցով»,- ասաց ԻՏՁՄ նախագահը: Նա այս տարվա ՏՏ ոլորտի կրթական ծրագրերից կարևորեց հատկապես ռոբոտաշինության խմբակների ստեղծումը (Նշենք, որ հայաստանյան շուրջ 50 դպրոցներում, որոնցից 40-ից ավելին՝ մարզերում, պետք է անցկացվեն ռոբոտաշինության դասեր.- Լ.Մ.), ինչպես նաև ANEL ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տարեկան շուրջ 2000 ուսանողներ կարող են զարգացանել իրենց տեխնոլոգիական հմտությունները:
«Մեր ամենամեծ խնդիրն այսօր բուհական կրթության հետ է կապված: Բուհերը տալիս են տեսական գիտելիքներ, շատ անգամ՝ ոչ ժամանակակից, սակայն քիչ ուշադրություն է դարձվում պրակտիկ գիտելիքների և ունակությունների զարգացման վրա: Արդյունքում՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ ուսանողն ավարտելով համալսարանը՝ դեռ պետք է մեկ տարի վարժեցվի այդ տեխնոլոգիաների օգտագործման վրա, որպեսզի դառնա ընկերությունների համար պիտանի մասնագետ»,- ասաց Հ. Ավոյանը՝ նշելով, որ ԻՏՁՄ-ն՝ իր գործընկեր կազմակերպությունների հետ, կրթության ուղղությամբ լուրջ աշխատանքներ է իրականացնելու, որպեսզի ստեղծեն մի նոր իրավիճակ և տարեկան ոլորտի որակյալ մասնագետների թիվն ավելացնեն մի քանի հազարով: