Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. «Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը»
«Ես այսօր պետք է ձեզ զեկուցեմ՝ ի՞նչ և ինչո՞ւ չանել բիզնեսում, բայց ես չգիտեմ՝ ես ինչ արել եմ, ստացվել է, ես չգիտեմ՝ ինչ է պետք անել, որ չստացվի»,- երեկ «Այբ» դպրոցում՝ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում կազմակերպված վարպետության դասի սկզբում ասաց Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:
Ա. Ջանիբեկյանը խոսեց թվով հինգ երևույթների մասին, որոնք, ըստ նրա, այն լուծումներն են, որոնք հանդիսանում են հաջողության հասնելու բանալին:
Ճիշտ գործընկեր ընտրեք
Ա. Ջանիբեկյանի հաջողության բանաձևի առաջին պայմանը ճիշտ գործընկերոջ ընտրությունն է.
«Չեք կարող բիզնես անել մարդու հետ, որի հետ չունեք ընդհանուր նպատակներ, ընդհանուր փիլիսոփայություն: Ես կարծում եմ՝ գործընկեր ընտրելիս պետք է հաշվի առնեք, որ այդ գործընկերը լինի ձեզանից ուժեղ: Եթե գործընկերը ձեզանից ուժեղ է, նա ուժեղացնում, լավացնում և ձեր մյուս հնարավորությունները բազմապատկում է: Դուք պետք է մասնագիտությունների տարբերություն ունենաք, որ երկուսով նույն գործը չանեք: Այն ժամանակ, երբ ձեր ֆունկցիաները կրկնվեն, դուք ձեր գործընկերոջ հետ կոնֆլիկտ կունենաք: Դուք ձեր գործընկերոջ հետ պետք է ունենաք հաջողության հասնելու նույն ցանկությունը»:
Բիզնեսում հաջողությունների հասնելու համար նա նաև կարևորեց կոնտրագենտի (համաձայնություն կնքող, պայմանադիր կողմ.- Ա.Ք.) ընտրությունը.
«Բոլոր այն մարդիկ, որոնք բիզնեսում ձեզ հետ առնչվում են՝ կոնտրագենտներ են: Ինչի՞ց ելնել և ինչո՞վ առաջնորդվել այդ ընտրությունն անելիս: Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն. դիմացի մարդու աչքերը պետք է վառվեն, նա պետք է լինի արհեստավարժ, պետք է իրոք կարողանա այդ ամենն իրականացնել, բայց ամեն ինչից զատ՝ նա պետք է ունենա մի բան, երևույթ, որով տարբերվում է մնացածից, որով ինքը ձեր վստահությունը կլանում է: Պետք է վստահել մարդուն, այդ կոնտրագենտների մեջ գտնել նրան, ում վստահում եք: Իսկ թե ինչպե՞ս պետք է այդ ընտրությունն անեք՝ վստահեք ձեր ինտուիցիային: Հիմքում պետք է դնեք մարդուն, ոչ թե գինը, ոչ թե պրոֆեսիոնալ մակարդակը. սա ինձ համար մեծագույն ֆունդամենտալ արժեք է»:
Պետք է անել մի բան, որը դուք աշխարհում անում եք առաջինը
Հաջողության բանաձևի երրորդ տարրը, Ա. Ջանիբեկյանի խոսքով, տվյալ գործի ընտրությունը կամ ուղղությունն է.
«Պետք է անել մի բան, որը դուք աշխարհում անում եք առաջինը: Ձեզանից ամեն մեկը պետք է հավատացած լինի, որ կարող է դա անել: Հասնելով ինչ-որ բարձունքների, շփվելով ինչ-որ մարդկանց հետ՝ միանշանակ ես ձեզ կարող եմ ասել՝ չափազանց բարձր մակարդակի բութ մարդիկ են մեծագույն պրոցեսների սկսողները, գրողները, միլիարդատերերը և այլք: Որևէ արժանիքով որևէ մարդուց լավը չեն: Բոլորը կարծում են, որ այդ մեծ գործեր սկսողները, կարևոր գործեր անողները բոլորն են՝ բացի իրենցից: Բայց ինչո՞ւ դու չես այդ մարդը, ի՞նչ առավելություններ ուներ Սթիվ Ջոբսը, որը դու չունես: Հետագայում է պարզվում՝ ինչ ունի, բայց չէ՞ որ դուք չգիտեք՝ ունե՞ք, թե՞ չունեք այդ առավելությունը»:
Բիզնեսի աշխարհագրությունը
Ա. Ջանիբեկյանը բիզնեսում հաջողությունների հասնելու համար նաև կարևորում է բիզնեսի աշխարհագրությունը.
«Ցավոք սրտի, տարբեր աշխարհագրական վայրերի պարագայում ձեր բիզնեսի պոտենցիալը մեծապես տարբերվում է: Բիզնեսը, որը դուք սկսել եք Սինգապուրում, կամ բիզնեսը, որը սկսել եք Պակիստանում, միմյանցից շատ են տարբերվում իրենց հետագայի առումով: Արդյոք արդա՞ր է այն համակարգը, որը ձեզ պետք է պաշտպանի: Եթե դուք ունենաք աշխարհագրություն ընտրելու հնարավորություն, պետք է ընտրեք այն աշխարհագրությունը, որտեղ այդ բիզնեսն ավելի լավ կլինի, և ձեզ պաշտպանող համակարգերը կլինեն շատ ավելի ընկալելի, թափանցիկ ու հասկանալի»:
Բիզնեսի պոտենցիալ մասշտաբի հավանականությունը
Բիզնեսում հաջողության հասնելու չորրորդ հանգամանքը, ըստ Ա. Ջանիբեկյանի, մասշտաբը, դրա բազմացումը և համացանցն են.
«Ընտրած բիզնեսը պետք է հնարավորություն ունենա լինելու ոչ թե մեկ հատ, այլ կարողանաք բացել երկրորդը, երրորդը և այլն: Ձեր բիզնեսի պոտենցիալ մասշտաբը շատ կարևոր է: Մի բան, որը 21-րդ դարում ինտերնետի հետ առնչություն չունի, նրա գոյությունը հարցականի տակ է: Եթե դուք ծախսեք ռեսուրս և ժամանակ, բայց ձեր բիզնեսը չունենա մասշտաբայնության և ինտերնետով տարածման հնարավորություն, ուրեմն՝ մեծ հարց է՝ որքանով է արդիական ձեր միտքը»:
Ամենակարևոր գործոնը՝ հոգևորը
Բիզնեսում հաջողության հասնելու հինգերորդ բաղադրիչը, ըստ Ա. Ջանիբեկյանի, հոգևորի գործոնն է, որն ամենակարևորն է.
«Հոգևոր՝ որպես հոգևոր. հոգևոր՝ եթե դու ունես լավ թիկունք, լավ ընտանիք, լավ ընկերներ, լավ հոգեկան աշխարհ, հավատք: Այն ամենակարևոր տարրը, որը քեզ թույլ կտա, որ ունենաս հնարավորություն՝ իրագործելու, նախաձեռնելու, ստեղծագործելու և հաջողության հասնելու։ Սա աներևույթ, բայց ամենակարևոր հանգամանքն է: Սրան է վերաբերում «բախտը բերելու» երևույթը, սրան է վերաբերում տրամադրությունը, որով դու հաջողության հասնելու մյուս բաղադրիչներն իրագործում ես, սրան է վերաբերում այն հույսն ու հավատը, որով դու գնում ես այս կամ այն ճանապարհով: Սրան է վերաբերում, և այս կետն է օգնում, որ դու չհուսահատվես, երբ ճանապարհի որևէ կետում ունենաս որևէ գլոբալ խնդիր: Սա ամենակարևոր կետն է, որի առկայությունը միանշանակ ապահովում է հաջողությունը, և բացակայությունը բացառում է որևէ հաջողություն ունենալը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: