«Այն օրվանից, երբ դուք մտնում եք բիզնեսի մեջ, կյանքը դառնում է դժոխք». Ռուբեն Վարդանյան
«Բավականին անգրագետ էինք այն տարիներին, երբ սկսում էինք, շատ սխալներ ենք գործել»,- երեկ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում կազմակերպված «Գլոբալ բիզնեսի տաբուները» թեմայով վարպետության դասի ժամանակ ասաց «Joomag» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանը:
Նշենք, որ «Joomag» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին: Այն միջազգային կազմակերպություն է՝ առցանց թվային հրատարակչության հարթակ՝ աշխարհի տարբեր անկյուններից 500.000-ից ավելի բաժանորդներով, այդ թվում՝ Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper’s Bazaar, Vogue և այլն: Գրասենյակներ ունեն Սան Հոզում, Մյունխենում, Մոսկվայում և Հայաստանում:
Թիվ մեկ խնդիրը՝ կոմունիկացիան
«Joomag» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանը վարպետության դասը սկսեց՝ խոսելով բիզնեսում իրենց գործած սխալների մասին: Ըստ նրա՝ ամենամեծ սխալներից մեկը, որ թույլ են տալիս նորեկ բիզնեսմենները, այն է, թե ինչպես են իրենք իրենց վերաբերվում.
«Համար մեկ խնդիրն ինձ համար եղել է կոմունիկացիան (շփումը): Պետք է անկեղծ շփվես, որ կարողանաս նույն ձևով անկեղծ ինֆորմացիա ստանաս: Հիմա տեսնում եմ բավականին մեծ պրոգրեսներ, երիտասարդ սերունդը մի քիչ ուրիշ ձևով է նայում այդ հարցերին, բայց այն ժամանակ դա շատ մեծ խնդիր էր մեզ համար: Բիզնեսում պետք է գործընկերներ շատ ունենաս: Պետք է մաքսիմալ բաց լինել մարդկանց հետ շփման մեջ: Դա չի նշանակում, որ ինչ ասում են՝ պետք է ընդունես՝ որպես բացարձակ ճշմարտություն, բայց լսելուց վնաս չկա: Բիզնեսի մարդու համար շփումն ամենակարևոր բանն է»:
Ռ. Վարդանյանն ընդգծեց, որ այդ շփման մեջ դու էլ պետք է ինչ-որ բան տաս, որ կարողանաս վերցնել: Նա նշեց, որ այդ առումով իրեն օգնել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ իր կարծրատիպերը, մոտեցումները փոխվել են:
Ամեն ինչ կարելի է «գուգլ» անել
Նա անդրադարձավ նաև սովորելու խնդրին՝ նշելով, որ սկսնակների մոտ տպավորություն է, որ հատկապես Հայաստանում լավ խորհուրդ գտնելը շատ բարդ է.
«Բարդ բան չկա, այդ մենք ենք ամեն ինչ բարդացնում: Դրա պատասխանն ինտերնետն է: Ասում են՝ «Հայաստանում ենք ծնվել, ի՞նչ կարող ենք անել». նման բան չկա: Ինտերնետը բաց է, ու այս դարում շատ մեծ ինֆորմացիա կա: Կամայական հարց կարող եք տալ ինտերնետում ու պատասխաններ ստանալ բավականին լուրջ մարդկանցից: Ամեն ինչ կարելի է «գուգլ» անել ու գտնել»:
Ռ. Վարդանյանը նշեց, որ իր սխալներից մեկն այն է եղել, որ ինքը թերահավատորեն է վերաբերվել ինտերնետին: Նա վստահ է՝ ամեն մարդ ինքը պետք է գտնի իր հաջողության բանաձևը. «Ամեն մեկի հաջողության բանաձևը կախված է անհատից ու մի շարք գործոններից: Իմացեք՝ ինչ ուզում եք իրականացնել բիզնեսում, ինտերնետում կա: Ի՞նչն է բարդ ինտերնետում գտնելը. մոտեցումները: Դա փորձից է գալիս»:
Կարևոր է կենտրոնացում գտնելը
Հաջորդ կարևոր գործոնը բիզնեսում հաջողության հասնելու համար, ըստ Ռ. Վարդանյանի, կենտրոնացումն է: Նա նկատեց, որ այդ սխալն ինքը մինչ օրս էլ անում է.
«Ամիսը մեկ կամ մի քանի անգամ պետք է կենտրոնանալ մի բանի վրա և ժամանակը ճիշտ օգտագործել: Ահավոր բարդ բան է, դա այն սխալն է, որը շատերն են ամեն օր կրկնում: Պետք է աշխատել, ու մոտեցումներ կան, թե ինչպես կարելի է հաղթահարել»։
Նա նկատեց՝ բիզնեսը կարծես մարդու երեխան լինի, որի համար շատ բան կուզենաս անել, բայց ռեսուրները պակասելու են, իսկ դրա լուծումը, ըստ նրա, կենտրոնացում գտնելն է:
Պետք է շատ ինքնաքննադատ լինեք
«Չորրորդ՝ ամենամեծ սխալը, որը վերջին անգամ այս տարի եմ արել. սխալներ թույլ տալուց շուտ ընդունեք, որ արել եք այդ սխալը, որ կողքից ուրիշը ձեզ այդ մասին չասի: Դուք ինքներդ պետք է շատ ինքնաքննադատ լինեք: Սխա՞լ եք թույլ տվել՝ մի վախեցեք ընդունել, որ սխալ եք եղել»,- կարծում է Ռ. Վարդանյանը:
Առաջնորդվեք ոչ թե ձեր, այլ հաճախորդների ցանկությամբ
Նա նկատեց, որ բիզնեսը հիմնված է հաճախորդների վրա, և շատ կարևոր է հաշվի առնել, թե ովքեր են քո հաճախորդները.
«Ի վերջո, մարդիկ են օգտվում այդ բիզնեսից: Ձեր որոշումների մեջ պետք է հասկանաք՝ ովքեր են այն մարդիկ, ովքեր օգտվում են դրանից: Մեր սխալներից մեկն այն էր, որ «Joomag»-ը ստեղծելիս մենք հաշվի չէինք առել դա: Անցյալ տարի մենք նստեցինք ու փորձեցինք հասկանալ՝ ով է մեր իրական հաճախորդը, որը մեզնից խլեց երեք ամիս»:
Ռ. Վարդանյանը սկսնակ բիզնեսմեններին խորհուրդ է տալիս առաջնորդվել ոչ թե իրենց, այլ հաճախորդների ցանկությամբ. «Այն պահից սկսած, երբ ձեր բիզնեսը սկսեց գործել, պետք է հարմարեցման փուլ մտնեք ու հարմարեցնեք ձեր բիզնեսը հաճախորդի ցանկությանը»:
Մի արժեզրկեք ձեր ծրագիրը
«Joomag»-ի տնօրենը նաև խորհուրդ է տալիս երբեք չարժեզրկել սեփական ուժերով նախաձեռնած ծրագիրը. «Այդ սխալը մենք երկար տարիներ «Joomag»-ում գործում էինք: Մենք բավական երկար տարիներ ունեինք անվճար ծառայություն: Հասկացանք, որ անվճարը լավ է, բայց որքան այն լավ է, տասնապատիկ անգամ վատ է: Արդեն 22 երկրներում «Joomag»-ն անվճար ծառայություն չունի, ամենացածր փաթեթը սկսվում է 49 դոլարից»:
Նա նշեց, որ երկար տարիներ այդ անվճար ծառայությունը Միացյալ Նահանգներում մեծ խոչընդոտների առաջ է կանգնեցրել իրենց: Նրա խոսքով՝ լուրջ ընկերություններ էին օգտվում իրենց ծառայություններից ու, երբ տեսնում էին, որ ծառայության արժեքը շատ ցածր է, մտածում էին, որ որակը լավը չէ: Ռ. Վարդանյանն ասաց, որ իրենք սկզբնական փուլում սահմանեցին մինիմալ փաթեթի արժեքը 49 դոլար, այնուհետև սկսեցին բարձրացնել այդ թիվը: Իսկ մյուս տարեսկզբում ընկերությունում սպասվում են ծառայությունների գների նոր փոփոխություններ: «Մի վախեցեք խոշոր փոփոխություններից: ՏՏ ոլորտում պետք է գործել արագ»,- հորդորեց նա:
Բիզնես մտածելակերպը բնատուր տաղանդ չէ
Վարպետության դասին ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ՝ բիզնես մտածելակերպ ունենալը բնատուր շնո՞րհք է, թե՞ հնարավոր է աշխատանքի արդյունքում այն ձեռք բերել: Ի պատասխան՝ Ռ. Վարդանյանն ասաց. «Երբ 2009 թվականին մենք սկսում էինք, մենք բացարձակ բիզնեսից գաղափար չունեինք: Այդ ամենը սովորել եմ, ու ես չեմ գտնում, որ դա բնատուր տաղանդ է»:
Հարցին էլ՝ եթե Ձեզ հնարավորություն տրվեր հետ գնալ ու ամեն ինչ նորից սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիք, Ռ. Վարդանյանն այսպես պատասխանեց.
«Ամեն ինչը: Մեր աշխատանքի 8 տարին կդառնար առնվազն 3: Ինչ արել ենք, այնքան սխալ ենք արել, որ մի բան չի, որ կփոխեի: Երևի թե չարժե շատ արագ աճել, որովհետև հիմք ստեղծելը բավական բարդ գործ է, և պետք է պատրաստ լինել այդ աճին: Երկրորդը՝ ամենամեծ խնդիրն է, որ բոլոր բիզնեսմեններն ունենում են, դա համեստ լինելն է»:
Ռ. Վարդանյանի խոսքով՝ այն օրվանից, երբ դուք մտնում եք բիզնեսի մեջ, կյանքը դառնում է դժոխք. «Էմոցիոնալ մի ահավոր մեծ բեռ է, նման է մի քանի հարկանի շենքի, ու որքան տարիները գնում են, հարկերը բարձրանում են: Պետք է լինել դրական»: