PicsArt. հայկական հավելված, որն ունի 250 միլիոնից ավելի ներբեռնում
PicsArt առաջատար բազմաֆունկցիոնալ լուսանկարների խմբագրման և նկարչական հավելվածն ու սոցիալական ցանցն իր տաղավարն ուներ Digitec-Expo2015-ում, որտեղ մարդկանց հսկայական հերթ էր գոյացել: Հիշեցնենք, որ Picsart հայկական ֆոտոխմբագրիչ հավելվածն իր եկամտաբերությամբ և ավելի քան 200 միլիոն օգտատերերով կարողացել է հայտնվել ներդրող ընկերությունների ուշադրության կենտրոնում: Բջջային հավելվածն այս տարի Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից 10 միլիոն ԱՄՆ դոլար էր ներգրավել: Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը, խոսելով հավելվածի ստեղծման մասին, VentureBeat.com-ի հետ զրույցում պատմել էր, որ իրեն ոգեշնչել է իր դուստրը։ «Նա կրեատիվ է, նա արտիստ է։ Ու հրաշալի կլիներ ունենալ մի հավելված, որը թույլ կտա նրա նման մարդկանց ստեղծագործել»: Նա նաև նշել էր, որ PicsArt-ը սոցիալական ցանց չէ, այն ավելի շատ նման է նկարների համար նախատեսված YouTube-ի:
Picsart-ը հագեցած է լուսանկարների մշակման համար նախատեսված տարատեսակ գործիքներով, որոնց միջոցով ստեղծագործողները կարողանում են մյուսների հետ կիսվել իրենց փորձով ու արվեստի բացառիկ նմուշներով:
168.am-ի հետ զրույցում PicsArt նախագծերի մենեջեր Շավարշ Գյոնջյանը ներկայացրեց հավելվածը. «PicsArt հայկական հավելվածը թույլ է տալիս ստեղծագործ մոտեցում ցուցաբերել ֆոտոների, ֆոտոների մշակման, տարբեր կադրերի հետ կապված: Նաև սոցիալական ցանց է, որտեղ մարդիկ իրենց ստեղծագործությունները (ոչ միայն ֆոտո, այլև ձեռքի աշխատանքները) հնարավորություն ունեն ամբողջ աշխարհին ներկայանալի դարձնել: Մենք ունենք մոտավորապես 250 միլիոնից ավելի ներբեռնում, ունենք մեր հավելվածը iOS, Android Windows, Phone and Windows 8,1 հարթակներում»:
Մեր զուցակցի խոսքով՝ ծրագիրն այս պահին ավելի շատ ներբեռնում են Հնդկաստանից, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է: Ամբողջ աշխարհից հավելվածի ակտիվ օգտատերերի քանակն ամսական 60 մլն մարդ է կազմում: