
«Մենք ձեռնամուխ ենք եղել թվային նախագծերի գործարկմանը ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում». Տիգրան Սարգսյան

Թվային նախագծերը, որոնք կարող են իրացվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, տարածաշրջանային ու գլոբալ թվային օրակարգերի շփման եզրերը, ինչպես նաեւ բիզնեսի դերը թվային տնտեսության զարգացման մեջ մայիսի 24-ին քննարկվել են «Թվային օրակարգը որպես ԵԱՏՄ-ի մրցունակության բարձրացման գործոն» պանելային նստաշրջանում, որը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայության տեղեկագրում: Բացելով քննարկումը՝ նստաշրջանի մոդերատոր, ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգը բիզնեսի, իրավասությունների կենտրոնների, մասնակից երկրների պետական մարմինների ներայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների հետ Հանձնաժողովի ընդգրկուն համատեղ աշխատանքի արդյունքն է:
«Դեպի թվայնացում համատեղ ճանապարհի առաջին ռազմավարական հղումներից հետո, որոնք 2016 թվականի վերջին տեղ գտան Թվային օրակարգի մասին հայտարարության մեջ, մենք ընդհուպ մոտեցել ենք տնտեսության թվային տրանսֆորմացիայի բնագավառում ինտեգրացիոն նախագծերի գործարկմանը,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: -Այսօր Հանձնաժողովը մշակում է տասից ավելի նախաձեռնություններ, որոնք ստացվել են բիզնեսից եւ անդամ պետությունների իշխանության մարմիններից»:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համատեղ թվային օրակարգը հայտնվել է Միության երկրների համար ընդհանուր մարտահրավերների հստակ գիտակցման շնորհիվ եւ տնտեսական աճի շատ մեծ ներուժ է պարունակում: ԵԱՏՀ-ն եւ Համաշխարհային բանկը վերլուծական մեծ աշխատանք են կատարել: Բանկի հաշվարկների համաձայն, Միության թվային օրակարգի իրագործումը մինչեւ 2025 թվականը կապահովի 8 մլն աշխատատեղ, ինչպես նաեւ բիզնեսին թույլ կտա տնտեսել մինչեւ 50 մլրդ ԱՄՆ-ի դոլար:
«ԵԱՏՄ-ի համատեղ թվային օրակարգի շնորհիվ մենք ունենք եզակի հնարավորություն՝ անվտանգ միջավայրում հինգ երկրներում փորձարկել ինովացիաներ, մշակել կոնսոլիդացված դիրքորոշում, այն պաշտպանել գլոբալ մակարդակում, ընդգրկվել միջտարածաշրջանային նախագծերում եւ, որ առանձնապես կարեւոր է, ԵԱՏՄ-ում հարթակ ստեղծել մեր բիզնեսի աճի, ազնիվ մրցակցության եւ սեփական եվրասիական թվային ակտիվների կուտակման համար», -ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի վերջին նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես եկավ թվային նախագծային գրասենյակը Աստանա տեղափոխելու նախաձեռնությամբ: «Դա մեր գրասենյակի աշխատանքը ինստիտուալացնելու եւ մեր օրակարգի առաջմղման գործիք ունենալու շանս է: Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ նախաձեռնությունը»,- հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: