«Մեր ուսուցիչների մի զգալի զանգվածն արդեն իրեն զգում է պատերազմական թատերաբեմում, նրանք վախեցած են ամեն ինչից». Նարինե Դիլբարյան
«Մեր ուսուցիչների դաստիարակության արդյունքը նաև այն է, որ մեր դպրոցներում կան ազատ մտածող մարդիկ, կան դիրքորոշում ունեցողներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Նրա տպավորությամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարն ամենահիմնավորն ընկալել է Կրթության և գիտության նախարարը և սկսել է այդ պայքարը դպրոցներից. «Մնացյալ նախարարները, որոնք, թվում է՝ պետք է ավելի գործուն զբաղվեին դրանով, լռում են կամ առաջարկում են ինչ-որ տեսական գաղափարներ, ինչպես Արդարադատության նախարարը»:
Ն. Դիլբարյանի խոսքով՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը դա արել է ինքնաբուխ և գուցե հեղափոխական ալիքի ազդեցությամբ, բայց, ըստ նրա, պետք է այդ երևույթները բերել սառը տրամաբանության դաշտ, ու հասկանալ, որ կոռուպցիան դպրոցներում չէ, որ հիմնականում կենտրոնացած է:
«Անշուշտ, դպրոցներում մենք ունենք խնդիրներ և՛ դրամահավաքների, և՛ գնահատականների, և՛ կադրերի նշանակման հետ, բայց դրանք՝ համեմատած մնացյալ խնդիրների հետ, կարելի է ասել՝ գտնվում են երկրորդ կամ երրորդ պլանում:
Այսօր չափազանց վտանգավոր է ուսուցիչների դերի նսեմացումը, իսկ ես ակնհայտորեն տեսնում եմ, որ մեր ուսուցիչների մի զգալի զանգվածն արդեն իրեն զգում է պատերազմական թատերաբեմում, նրանք վախեցած են ամեն ինչից, քանի որ մեր ուսուցիչներն ի սկզբանե ամենախեղճ խավն են եղել՝ և՛ սոցիալապես, և՛ դիրքով: Այն հիմնարկը, որտեղ մարդկանց վճարում են 60-80 հազար դրամ, այդպիսի մարդիկ սովորաբար իրենց զգում են՝ որպես խորթ զավակները երկրի:
Նման մարդկանց անընդհատ թիրախավորել, պիտակավորել և պահել այսպես տագնապի ու վախի մեջ, կարող է հանգեցնել ընդհանրապես կրթական համակարգի փլուզման: Ես հասկանում եմ՝ բոլորը միանագմից փորձում են գտնել մեղավորների, և իսկապես դպրոցներ կան, որոնք իրենց չեն դրսևորել այնպես, ինչպես պետք է մանկավարժական հիմնարկները դրսևորեն, խառնվել են ընտրություններին, բայց, անկեղծ ասած, դա հիմնականում չի առնչվել դրամահավաքի հետ»,- նկատեց Ն. Դիլբարյանը:
Նրա կարծիքով՝ դպրոցներում իրականացվող ամեն դրամահավաք չէ, որ արվում է կոռուպցիոն նպատակներով.
«Ես շատ դպրոցներ գիտեմ, որոնք անգամ հրաժարվել էին ընդհանուր լուսանկարի համար գումար հավաքելուց, որովհետև վախեցել էին, որ դա կարող է դիտարկվել՝ որպես կոռուպցիա: Ես ասացի, որ դա ընդհանրապես ոչ մի կապ չունի կոռուպցիայի հետ: Դժվար է ասել, որ մեծ շքեղություններ են տեղի ունենում, ուստի, եկեք այդ սիրո հեղափոխության կարգախոսը տեղափոխենք կրթության ոլորտ և ամենից առաջ ոչ միայն՝ սիրենք, այլև՝ հարգենք ուսուցչին, նրանք մեր ազգին կրթողներն են, նրանց հեղինակությունը պետք է բարձր լինի»: