
Ֆրանսիան դժգոհ է ԵՄ-ում անգլերենի գերիշխանությունից

Եվրամիությանն առընթեր Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան ապրիլի 25-ին Բրյուսելում ցուցադրաբար լքել է ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստը՝ ի նշան բողոքի ազգային լեզուներով թարգմանության բացակայության դեմ. այդ արարքը կրկին հրատապ է դարձրել միասնական Եվրոպայի կառավարման մարմիններում անգլերեն լեզվի գերիշխանության թեման։
Ինչպես հայտնել էBelga գործակալությունը, ֆրանսիական դիվանագիտական առաքելության ղեկավարը հեռացել է ԵՄ-ի խորհրդի՝ բացառապես անգլերեն լեզվով ընթացող խորհրդակցությունից, որը նվիրված էր ֆինանսական հեռանկարներին 2021-2027 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում:
ԵՄ-ի խորհրդում թարգմանիչների բացակայությունը բացատրել են նրանով, որ «դեսպանների» ձեւաչափով քննարկումները խիստ փորձագիտական բնույթ չէին կրում եւ, գործող պրակտիկայի համաձայն, թարգմանություն նախատեսված չի եղել: Իրենց կողմից, ԵՄ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, ափսոսանք հայտնելով եվրոպական ինստիտուտներում Շեքսպիրի լեզվի գերիշխանության կապակցությամբ, ընդգծել են ձախողված նիստի բացառիկությունը, որը նվիրված էր բյուջետային պլանավորմանը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն հաջորդող ժամանակաշրջանում, նշում է գործակալությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ արդեն հորդորել էր ֆրանկոֆոններին՝ ԵՄ-ի ինստիտուտներում չամաչել խոսել ֆրանսերեն լեզվով: ԵՄ-ի կառույցներում իրավահավասար կերպով օգտագործվում է 24 լեզու, սակայն գործնականում առավել հաճախ օգտագործվում են անգլերենն ու ֆրանսերենը, ընդ որում՝ վերջինն ակտիվորեն դուրս է մղվում առաջինի կողմից:
Փորձագետները դա, մասնավորապես, կապում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հաշվին ԵՄ-ի ընդլայնման հետ: Ինչպես ՌԻԱ Նովոստիի թղթակցին, անունը չհայտնելու պայմանով, հայտնել է Եվրախորհրդի ֆրանսախոս պատգամավորը, անգլերենը ԵՄ-ի պաշտոնական լեզվի կարգավիճակը կպահպանի նույնիսկ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: ԵՄ-ի պաշտոնական մարմինների որոշումները թարգմանվում են հանրակցության բոլոր լեզուներով, եւ անդամ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն դիմել եվրոպական ինստիտուտներին եւ իրենց հարցումների պատասխանն ստանալ ԵՄ-ի ցանկացած պաշտոնական լեզվով: