«Գյումրու առաջին քաղաքագլխին՝ Ջավահիր Դրամփյանին, մենք պետք է հատուկ շնորհակալություն հայտնենք»
ՀՀ կառավարության դեռևս 2008 թվականի որոշմամբ աշխատանքներ էին իրականացվելու Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի վերականգնման ուղղությամբ:
«Գյումրին հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ հիմնականում պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեք, ուրույն ճարտարապետական ոճ և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրը:
«Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանն իր մեջ ներառում է քաղաքի դարավերջի կառուցապատման սահմանները, ինչպես նաև Ախուրյան գետի ձախափնյա կիրճի լանդշաֆտները: Կառուցապատված հատվածում պահպանվում են XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը,
պատմաճարտարապետական հուշարձանների կարգավիճակ ունեցող շուրջ 1022 կառույց, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային և այլ նշանակության շենքեր ու շինություններ:
1988 թվականի կործանարար երկրաշարժից վնասվեց պատմական հուշարձանների 90 %-ից ավելին` ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:
Պատմական կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձևերի վերականգնումը, տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, գոյություն ունեցող ոճին հարիր որոշ հատվածների կառուցապատման լրացումը ոչ միայն կպահպանի պատմական կենտրոնը՝ ստեղծելով գրավիչ և բարեկարգ միջավայր, այլև կնպաստի փոքր և միջին բիզնեսի, տուրիզմի զարգացման, գիտության և արվեստի, ավանդական արհեստագործության վերականգնմանը և ներդրումների համար բարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը:
Քաղաքների պատմական կենտրոնների ռեաբիլիտացիան ամբողջ աշխարհում ճանաչված, լայնորեն կիրառվող և իրեն արդարացրած միջոց է քաղաքային համայնքների սոցիալ-տնտեսական նոր զարգացման գործում:
Պահպանելով պատմամշակութային արժեքները, ազգային ինքնությունը և տվյալ տարածաշրջանի քաղաքաշինական ավանդույթները` այն միևնույն՝ ժամանակ խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, ներդրումային ակտիվությունը, ստեղծում է նոր աշխատատեղեր, նպաստում տուրիզմի զարգացմանը: Պատմական կենտրոնների ռեաբիլիտացիայի արդյունքում ստեղծվում է ապրելու և աշխատելու համար հարմարավետ ժամանակակից միջավայր, ինչն իր հերթին՝ նպաստում է բնակչության կենսամակարդակի աճին, ինչպես նաև գործազրկության և միգրացիայի կրճատմանը»,- նշված է կառավարության որոշման մեջ:
Ըստ կառավարության որոշման, արգելոցի մեջ մտնող շենք-շինությունների հիմնանորոգման համար գույքագրվելու և քարտեզագրվելու էին խնդրո առարկա տարածքները, տարանջատվելու էին շենքերն ու շինությունները՝ ըստ սեփականության ձևերի և գործառնական նշանակության, դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ նախնական եզրակացություններ էին կազմվելու:
Կառավարության այս որոշումը կամաց-կամաց կյանքի է կոչվում, սակայն «Կումայրի» արգելոցի մեջ մտնող շինությունների միայն փոքր մասն է մինչ այժմ հիմնանորոգվել, մյուսների հետագա գոյությունը վտանգված է:
«Կումայրի» արգելոցի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ 168.am-ը զրուցել է Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանի հետ:
Ի՞նչ պատճառով են չհիմնանորոգված շենքերի մեծ մասի պատերը խոնավանում: Արդյո՞ք չկա վտանգ, որ արգելոցի կազմում ընդգրկված շենք-շինությունների մեծ մասի հիմնանորոգված չլինելու պարագայում մենք դրանք վերջնականապես կկորցնենք, և Գյումրիում զբոսաշրջությունը չի զարգանա:
Մեր զրուցակիցը պատմական շենքերի պատերում առկա խոնավության երեք պատճառ ներկայացրեց՝ համոզմունք հայտնելով, որ Գյումրիում ջրահեռացման համակարգի արդյունավետ կազմակերպման դեպքում խնդիրը հնարավոր է կարգավորել:
«Այստեղ կան մի քանի գործոններ: Դա ոչ միայն բնական ստորգետնյա ջրերի հոսքն է, այլև 19-րդ դարում կառուցված ջրամատակարարման համակարգն է, որի քարտեզը, ցավոք, մենք այսօր չունենք: Դրանք հիմնականում պատահական շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված կառույցներ են՝ մեծ կամ փոքր, որոնց մի մասը չի գործել, մյուս հատվածը կիսատ է գործում, ջրի կորուստներ կան, և երրորդ հանգամանքը՝ փողոցների մակարդակի բարձրացումն է:
Սովետական Միության ժամանակ գումարներ չէին հատկացվում փողոցների հին ասֆալտաշերտը հանելու համար, փողոցները խճով ծածկում էին, ասֆալտապատում:
Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող շենքերից մեկի օդափոխության պատուհանները համարյա կորել էին, շենքի հիմքի քարերն արդեն գնացել են գետնի տակ: Եթե ներքևը բազալտ է, վերևը՝ տուֆ, ջրերը նույն կերպ կբարձրանան նաև վերև:
Իր ժամանակվա ջրամեկուսացնելու փայլուն օրինակ հանդիսանում է «Գյումրի» ռեստորանի շենքը, այստեղի տարածքը ևս շատ հարուստ է ստորգետնյա ջրերով, առկա է ջրահեռացման և ջրամատակարարման համակարգ, որը նույն ձևով խախտվել է, սակայն այս շենքը հաջողվել է ջրամեկուսացնել: Չգիտեմ, թե որքանով մենք կկարողանանք օգնել, բայց անհատներն իրենք պետք է նախաձեռնեն, որպեսզի շենքերի հիմքերը չորացվեն, և փորձեն հասկանալ, թե ջուրը որտեղից է դուրս գալիս: Սա այն խնդիրը չէ, որ պետությունն իր վրա վերցնի, ամեն շենքի սեփականատեր ինքը պետք է նախաձեռնի նման գործընթաց»,- ասում է Ստեփան Տեր-Մարգարյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ եթե Գյումրիում ջրամատակարարման համակարգից հետո հնարավոր լինի նաև ջրահեռացման համակարգը կարգավորել, դա հրաշք կլինի մեզ համար:
Ս.Տեր-Մարգարյանը նաև նշում է, որ խոնավությունը շենքերի պատերի միջից հնարավոր է արագ հեռացնել. «Գյումրու «Յոթվերք» եկեղեցու պատերը լվանալուց հետո դրանք ամառվա ընթացքում արագ չորացան»:
Ըստ Ս.Տեր-Մարգարյանի, «Կումայրի» արգելոցի շենքերի մեծ մասը սեփականաշնորհված է, ուստի այս աշխատատար և ծախսատար աշխատանքները դրանց սեփականատերերն են կազմակերպելու: Մինչդեռ մյուս շենքերը, որոնք պետական են կամ համայնքային սեփականության, ըստ հնարավորության՝ համայնքապետարանն այդ աշխատանքները կիրականացնի:
Մասնավո՞ր անձինք, թե՞ Գյումրու քաղաքապետարանն է ավելի շատ գումարներ ծախսել Գյումրու պատմական շենքերի հիմնանորոգման համար:
Այս հարցին մեր զրուցակիցը դժվարանում է պատասխանել՝ նշելով, որ նման հաշվարկ իրենք չեն կատարել, և երևի արժե հաշվետվությունների մեջ մտցնել՝ որ շենքի համար ով, որքան գումար է ծախսել:
Մեր ցանկությամբ «Կումայրի արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանն անդրադարձավ նաև Գյումրու Գորկու փողոցի վրա գտնվող այն շինությանը, որի հիմնաքարերը և վերնաքարերն այնքան են խարխլված, որ անցորդների կյանքին վտանգ են սպառնում:
«Ես որքան տեղյակ եմ՝ սկզբից եկել էին սեփականատերերը, դիմում էին գրել, համաձայն էին բնակարանի դիմաց այդ շենքը հանձնել, սակայն, ինչպես եկան, այնպես էլ գնացին՝այլևս չվերադառնալով այդ հարցին: Հավանական է, որ «Կումայրի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում ցանկություն ունեցողը գնի այդ շենքը և վերանորոգի»:
Ս.Տեր-Մարգարյանի կարծիքով՝ «Կումայրի» արգելոցի շենք-շինությունների հիմնանորոգումը կնպաստի Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը: Նաև նա նկատել է, որ շաբաթ-կիրակի օրերին Գյումրի այցելողների թիվը, թեկուզ Երևանից, շատացել է:
Գյումրու Գորկու այգու տարածքում նախկինում քաղաքային գերեզմանոց է եղել
Գյումրու Գորկի այգին գտնվում է Գյումրու կենտրոնական հատվածում: Այստեղից է սկսվում Գայի փողոցը: Քչերին է հայտնի, որ գեղատեսիլ և կանաչապատ, շատերի համար՝ որպես հանգստի վայր ծառայող և խաղահրապարակներով ու հուշարձաններով հարուստ զբոսայգու տակ ժամանակին ջրամատակարարման համակարգ է կառուցվել:
«19-րդ դարի վերջին այստեղ ծառազուրկ է եղել: Այդ հատվածում դեռևս 60-ական թվականներից մի փոքր շինություն էր կառուցվել, որտեղ քաղաքի բնակիչները հանգստանում էին: 80-ականների վերջին այնտեղ կառուցվել է մեր այսօրվա թատրոնի շենքը, կողքին էլ հիմնադրվել քաղաքային զբոսայգին: Այգու տարածքը պարսպապատված չի եղել: Տարածքում անասուններ են պահել, երկար բանակցություններից հետո այգու տարածքը պարսպապատվել է, կառուցվել է առաջին պարիսպը:
Ռուսական բանակի բարձրաստիճան սպան՝ Պրասկովնյակովը, ծառայությունն ավարտելուց հետո՝ 1860-ական թվականներին, որպես շարքային սպա՝ մուտք է գործել Ալեքսանդրապոլ: Նա հասել է գեներալի աստիճանի, և իր շնորհիվ քաղաքը սկսել է կանաչապատվել, հիմնվել է քաղաքի ծառատնկարանը:
Վերևի հատվածում, որը Գորկան է, գերեզմանոց է եղել: Այն ժամանակվա քաղաքացիները նույն ձևի ագահ ու անկուշտ են եղել, փորձել են գերեզմանները ջարդել, մտնել և լցվել այդ տարածք: Այդ երևույթը կանխելու համար հիմնադրված առաջին տեղական ինքնակառավարման մարմինը տարածքում վերանորոգման և ծառատնկման աշխատանքներ է իրականացրել:
Առաջին քաղաքագլխին՝ Ջավահիր Դրամփյանին, մենք պետք է հատուկ շնորհակալություն հայտնենք, ով հաշվի առնելով քաղաքի ֆինանսական ծանր կացությունը՝ իր ծախսերով ջրամատակարարման և ոռոգման կայան է կառուցել, անցկացրել համապատասխան կավից պատրաստված խողովակներ:
Դրանք կառուցված են եղել հետևյալ եղանակով. ստորգետնյա խողովակների կողքին կավաավազային խառնուրդ է եղել: Այժմ դրանք քանդված վիճակում են»,- պատմում է Ստեփան Տեր-Մարգարյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ստորգետնյա խողովակներն առանձին են եղել, իսկ մեր օրերում ջրահեռացման և ջրամատակարարման համակարգն ավելի է կատարելագործվել:
Ինչ վերաբերում է Գյումրիում ստորգետնյա գաղտնի ուղիներին, «Կումայրի արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենն հավաստիացնում է, որ ինքը քիչ է հավատում Գյումրիում նման բաների առկայությանը:
«Երբ նկարագրում են, թե որտեղ է դրանց տեղը, ոչ ոք չի կարողանում ցույց տալ, թե դրանց մուտքը որտեղից է: Շատ պատահական, Ռուսթավելի փողոցի և Սայաթ-Նովա փողոցի անկյունը՝ խաչմերուկում՝ «Հրաշքների աշխարհի» դիմաց, նման մի բան բացվեց, սակայն, թե որ կողմից ուր են գնացել, չգիտենք: Լրացուցիչ ուսումնասիրությունների դեպքում այն կարող է բացվել: Գյումրու Իտալիայի պատվո հյուպատոսարանի շենքի հետևում ևս նման մի բան կա»:
Անահիտ Սիմոնյան