«Նույնիսկ մեզանից տարիքով մեծ մարդիկ են ասում, որ երբեք նման բան չեն տեսել». Ապարանի համայնքապետ

Հունիսի 15-ին Ապարան համայնքում ավերիչ քամին մեծ վնասներ էր հասցրել համայնքին։ Պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ պտտահողմը վնասել էր 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ 4 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը 168.amին փոխանցեց, որ քամու հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 բնակիչների առողջական վիճակն այս պահին նորմալ է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչ վերաբերում է քամու հասցրած նյութական վնասների չափին, Ապարանի համայնքապետն ասաց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե կոնկրետ որքան ֆինանսական վնաս է հասցրել ավերիչ քամին, քանի որ դեռևս աշխատանքներ են իրականացնում։

«Այդ աշխատանքների ավարտից հետո միայն կարող եմ ասել, որովհետև չունենք նախահաշիվ, որպեսզի, օրինակ, ասենք՝ իքս թիվով վնասներ ենք կրել։ Քամու հասցրած վնասների վերականգնողական աշխատանքները մենք ակտիվ իրականացնում ենք, այս շաբաթվա ընթացքում բոլոր բնակարանների տանիքների վերանորոգումն ավարտելու ենք»,- նշեց Ապարանի համայնքապետը։

Կարդացեք նաև

Ապարան քաղաքից բացի, ահռելի վնասներ էր կրել նաև Լուսագյուղը։ Գյուղի տանիքների 60 տոկոսը մասամբ էր վնասվել, 20 տանիք՝ ամբողջությամբ, այս պահին դրանք աստճանաբար նորոգվում են։

«Մենք Ապարանում նման ուժգին քամի չէինք տեսել, նույնիսկ մեզանից տարիքով մեծ մարդիկ են ասում, որ երբեք նման բան չեն տեսել»,- ընդգծեց Կարեն Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս