
Իրանի Զինված ուժերի կարողությունները և ժողովրդական միասնությունը խարխլեցին Իսրայելի իմիջը. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կարողություններն ու հրթիռները, ժողովրդական միասնության հետ մեկտեղ, պարտության են մատնել Իսրայելին վերջին 12-օրյա ագրեսիայի ընթացքում, հայտնում է Mehr-ը։
Թեհրանում նավթի նախարարություն կատարած այցի ժամանակ Փեզեշքիանն իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, որ հենց զինված ուժերի կարողություններն ու հրթիռները, ինչպես նաև ժողովրդի՝ իր միասնությունը պահպանելու և զինվորականների կողքին կանգնելու ձգտումն են խարխլել Իսրայելի հեղինակությունը վերջերս պարտադրված պատերազմի ընթացքում։ Դիմելով նավթի նախարարին և նավթային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Փեզեշքիանն ասել է. «Հենց դուք, հասարակության մյուս շերտերի հետ մեկտեղ, ժամանակին իմաստություն և խորաթափանցություն դրսևորեցիք՝ կանխելով երկիրն ապակայունացնելու թշնամու ծրագրերը»։
«Առանց ժողովրդի և զինված ուժերի միասնության ու համերաշխության, որոնց կարողություններն ու հրթիռները խորտակեցին սիոնիստական ռեժիմի ամբարտավանությունը, մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին»։
Իրանի նախագահը նաև ընդգծել է նավթի նախարարության կարևորագույն դերը էներգիայի արտադրության և սպառման կառավարման գործում՝ հայտարարելով, որ այս ոլորտում հաջողությունը կախված է ճշգրիտ, արդիական և համապարփակ տվյալներից։ Նա կոչ է արել ուժեղացնել միջգերատեսչական համակարգումը՝ էներգիայի կառավարումը բարելավելու համար։
Փեզեշքիանը նշել է նավթային ոլորտում ներդրումների ներգրավման կարևորությունը՝ նշելով, որ բազմաթիվ անհատներ և խմբեր հետաքրքրություն են հայտնել էներգիայի արտադրության և սպառման նախագծերի ֆինանսավորման հարցում։