Էս փողն ինձ պետք ա. «քաջարի» տնօրեն Քոլոյանի արկածները

Ինչպես հայտնի է, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանն իր գործունեության հիմնական մասն անցկացրել է Պրահայում: Հավանաբար Չեխիան իր ազդեցությունը թողել է հենց Յարոսլավ Հաշեկի հերոսի նմանությամբ:

Սակայն անդրադառնանք մե՛ր «հերոսին»: Սա աչքի է ընկնում կառավարման հմտությունների, ղեկավարի ունակությունների, աշխատակիցների և առհասարակ մարդկանց հետ շփվելու կարողությունների սկզբունքային բացակայությամբ: Իր տված սակավաթիվ հարցազրույցներից մեկում նա հայտարարեց, որ կարող է մանիպուլյատիվ լրագրության դասեր տալ: Հավանաբար չի ստել, քանի որ նրա մանիպուլյացիաները կոլեկտիվի մոտ վաղուց արդեն անեկդոտի կարգավիճակ են ստացել:

Սակայն սրանք ընդամենն էմոցիոնալ գործոններ են: Շատ ավելի վտանգավոր են նրա ֆինանսական մանիպուլյացիաները: Միանգամից նշենք, որ խոսքը սեփական գրպանի մասին չէ: Պարզապես անգրագետ կառավարում և ֆինանսական միջոցների ոչ նպատակային մսխում: Իհարկե, նմանատիպ հարցերը հանրային հեռարձակողի խորհրդի և իրավապահների դաշտում են: Սակայն, հաշվի առնելով, որ խոսքը Հանրային ռադիոյին պետական բյուջեից հատկացված միջոցների մասին է, այսինքն՝ հարկատուների վճարումների, թերևս վերաբերում է բոլորին:

Մի կողմ թողնենք լիրիկական մասը և անցնենք փաստերի և թվերի լեզվին: Արդեն բազմիցս խոսվել է այն մասին, որ ռադիոյի «երիտասարդ» տնօրենը պատանեկան ավյունով ձեռնամուխ է եղել հաղորդումներ փակելու և աշխատավարձեր կրճատելու «սրբազան պայքարին»:

Կարդացեք նաև

Այս ամենը՝ բացառապես «բարի» նպատակներով: Այդ նպատակներից ամենակարկառունը, շռնդալիցը և ամենատապալվածը «Voice of Yerevan» անգլերեն տեսայնացված հաղորդաշարն է, որը մեկնարկել է անցյալ տարվա դեկտեմբերին և հեռարձակվում է բացառապես սոցցանցային հարթակներով: Ֆորմատով այն հարցազրույց է և տևում է միջինը 15 րոպե: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, սակայն, երբ ուսումնասիրում ես տվյալ նախագծի բյուջեն և տված արդյունքը, հասկանալի է դառնում, որ պարոն Քոլոյանի ստացած կրթությունը՝ դեֆեկտոլոգիան, արդարացված է:

Նախևառաջ նշենք, որ պետական հիմնարկներն իրենց գնումների պլանը պարտավոր են տեղադրել Ֆինանսների նախարարության պետգնումների կայքում (gnumner.minfin.am), որտեղ էլ մենք անցկացրեցինք մեր հետաքննությունը: Համեմատության համար մենք ուսումնասիրել ենք Հանրային ռադիոյի տեսայնացված հարցազրույցների մի քանի հաղորդաշար, որպեսզի հնարավոր լինի համեմատություններ անցկացնել: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բոլոր պայմանագրերի հղումները, այնպես որ, խորհուրդ չենք տա հերքել անհերքելին:

Աղյուսակում բերված են 6 տեսայնացված, հարցազրույցի ժանրում հաղորդաշարեր: Նշված են նրանց տևողությունները, մեկ թողարկման և մեկ րոպեի արժեքները:

N Հաղորդում Րոպե Հատ/դրամ Րոպե/դրամ
1 Voice of Yerevan 15 291,537 19436
2 Առանց տողատակի 30 20,500 683
3 Մասնագիտություն 30 19,700 657
4 Ձեր փաստաբանը 30 21,500 717
5 Վերնատուն 30 17,800 593
6 Բարձր գրականություն 30 20,640 688

 

Պարզ երևում է, որ Հանրային ռադիոյով հեռարձակվող այս հաղորդումների 1 րոպեի ինքնարժեքը կազմում է 600-700 (կլորացված) դրամ: Միայն առաջին հորիզոնականը զբաղեցնող ծրագիրն է, որի 1 րոպեի արժեքը մոտ 20 հազար դրամ է: Այսինքն, միջինից 30 անգամ ավելի: Եվ այս հաղորդումը ռադիոեթեր չի հեռարձակվում: Միայն՝ սոցցանցերով: Փաստորեն, Քոլոյանը երկնել է նոր ֆորմատ՝ պետական բյուջեի հաշվին վիդեոբլոգ, որի ինքնարժեքը 30 անգամ գերազանցում է Հանրային ռադիոյով հեռարձակվող հաղորդումների արժեքները:

Իսկ արդյո՞ւնքը, գուցե հարցնեն ոմանք: Youtube հարթակում առավելագույն դիտում հավաքած թողարկումն ունի 1,800 դիտում: Եվ սա բացառություն է: Դիտումների քանակը 63-ից մինչև մի քանի հարյուր է:

Ինչպե՞ս է ձևավորվել այս հաղորդման բյուջեն: Նույն կայքում պաշտոնապես տեղադրված պայմանագրերի համաձայն, մեկ թողարկման համար՝ այ այսպես.

N Մասնագետ Գումար
1 Հեղինակ, վարող 126,500
2 Ռեժիսոր 34,300
3 Օպերատոր 34,300
4 Մոնտաժող 34,300
5 Դիմահարդար 13,837
6 Գովազդ 48,300
Ընդամենը 291,537

 

Համեմատության համար վերցնենք «Առանց տողատակի» հաղորդումը, որը նույն Youtube-ում ստաբիլ հավաքում է մի քանի տասնյակ հազար դիտում (մինչև 89,000): Ինչո՞ւ հենց այս համեմատությունը. սա նույնպես քաղաքական թեմաներով տեսայնացված հարցազրույց է:

Արդյունքում, մի քանի հարյուր դիտումների համար Հանրային ռադիոյի տնօրենը փակել է տասնյակից ավելի հաղորդումներ, որպեսզի դրանց գումարով կարողանա սոցցանցային բլոգ պատրաստել: Ամեն թողարկումը 290 հազար դրամից ավելի արժեքով: Կամ ամսական 1,166,148 դրամ:

Եթե հանրային հեռարձակողի խորհուրդը և ֆինանսական գործունեության վերահսկողություն իրականացնող մարմինները դեմ չեն, ուրեմն Քոլոյանն իսկապես քաջարի տնօրեն է և կարող է շարունակել իր էքսպերիմենտները:

Հիմա էլ համառ լուրեր են պտտվում, որ նա պատրաստվում է նոր կադրային ջարդ իրականացնել հանուն նոր հաստիքի (ստեղծագործական տեղակալ): Եվ այդ նպատակով նա չի հոգնում տարբեր հաղորդումներ փակել և մարդկանց հեռացնել աշխատանքից՝ կրկնելով ռադիոյում արդեն թևավոր խոսքի կարգավիճակ ստացած իր արտահայտությունը. «էդ փողն ինձ պետք ա»:

Ախր, ինչի՞դ է պետք: Որ նորանոր բլոգնե՞ր արտադրես: Որ անդադար գործուղումների՞ գնաս կամ ուղարկես: Որ է՛լ ավելի ուռճացնես վարչական ապարա՞տը: Լավ, ի՞նչ է արել այս պարոնը իր շուտով մեկամյա ղեկավարման ընթացքում: Իր քայլերով գեներացրել է բազմաթիվ դատական գործեր և իրեն պաշտպանելու համար վարձել է «Լեգալ Պրոֆ» ՍՊԸ-ն՝ պետական միջոցներից վճարելով 720 հազար դրա՞մ (պայմանագիրը նույնպես կա պետգնումների էջում):

Լուրջ թերֆինանսավորում ունեցող հանրային լրատվական հիմնարկում ստեղծվել է իրավիճակ, երբ մեկ անձի քմահաճույքով աննպատակ մսխում է կատարվում: Մսխումը միայն սեփական գրպանը լցնելը չէ, այլև անիմաստ, չարդարացված և ինքնանպատակ վատնումը:

Միայն «Voice of Yerevan»-ի և աղմկահարույց «Ռոյթերսի» (ամսական մեկ միլիոն դրամից ավելի) համատեղ տարեկան աննպատակ ծախսը կազմում է 26 մլն դրամ, այն դեպքում, երբ Հանրային ռադիոն ունի չափազանց լուրջ թե՛ կադրային, և թե՛ տեխնիկական խնդիրներ: Օրինակ, ռադիոյի ոսկե ֆոնդ հանդիսացող ձայնադարանը (իր բացառիկ ձայնագրություններով) չունի սերվեր, որը կարելի էր ձեռք բերել մսխած գումարի 20-30 տոկոսով:

Մի խոսքով: Օրինակները շատ են: Եվ դրանք գնալով ավելանում են: Դե, դա նորմալ է: Եթե ձեռքը չես բռնում, կատարվում են է՛լ ավելի «հանճարեղ» քայլեր: Էլ չենք խոսում այն մասին, որ նման մթնոլորտում ստեղծագործական կոլեկտիվը չի կարող աշխատել արդյունավետ: Էլ չենք խոսում այն մասին, որ հիմնարկի տնօրենը ողջ կոլեկտիվի ծիծաղի առարկան կդառնար, եթե չլիներ կաթվածի հարուցիչ: Չխոսենք այն մասին, որ նրան վաղուց արդեն լուրջ չեն ընդունում ո՛չ «վերևում», ո՛չ էլ «ներքևում»:

Չխոսենք նաև այն մասին, որ կան տնօրենի ֆավորիտներ, ում համար ռադիոյի գրպանը միշտ բաց է: Կարելի է փակել որոշ հաղորդումներ այն պատճառաբանությամբ, որ հեղինակն ունի երկու հաղորդաշար, որպեսզի այդ միջոցներով բացվեն սիրեցյալների երկրորդ շարքերը:

Errare humanum est – մարդը սխալական է:

Ակնհայտ է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը կատարել է լուրջ սխալ՝ այս մարդուն վստահելով Հանրային ռադիոյի ղեկավարումը: Մնում է հասկանալ, թե ՀՀԽ-ի համար ի՞նչն է առավել կարևոր. սխալն ուղղե՞լը հանուն հանրային և պետական շահի, թե՞, ինչպես հին անեկդոտում էր ասվում, կանգնած վագոնը շարժելը, որպեսզի բոլորը կարծեն, թե այն շարունակում է առաջ գնալ:

Հ.Գ. Ներկայացված բոլոր փաստերն ու պայմանագրային արժեքները վերցված են պետական բաց աղբյուրներից և անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել ՀՀԽ-ին, ՊՎԾ-ին, Ֆիննախին կամ բոլոր ցանկացողներին: Մենք ներկայացրել ենք փաստերից մի քանիսը միայն, սակայն կարող ենք և շարունակել այս «սերիալը»: Համոզված ենք, որ փակ աղբյուրներում կգտնվեն է՛լ ավելի խոսուն փաստեր:

Տեսանյութեր

Լրահոս