Բաժիններ՝

Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները դեռ չեն կնքել խոստացված պայմանագրերը, բայց դադարել են տոկոսները վճարել

Ներքին գործերի նախարարությունը շաբաթներ առաջ տեղեկացրել էր՝ կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ինտենսիվ քննարկումներ են  իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ, որոշվել է քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ սառեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Ըստ այդմ՝ վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն, «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի):

168am«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախագահող Մհեր Կարագոզյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է մեկնարկած պրոցեսը, արդյո՞ք բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների և բանկերի միջև արդեն կնքվել են պայմանագրեր։

Մհեր Կարագյոզյանը մինչ այս հարցադրումներին պատասխանելը՝ նկատեց, որ ՆԳՆ հայտարարությունից զատ՝ բանկային զեղծարարության դեպքերով աչքի ընկած մի քանի բանկեր`«Այդիբանկ»-ը, «Ինեկոբանկը» և «Արդշինբանկը», արդեն իսկ համանման հայտարարություններ տարածել էին․

Կարդացեք նաև

«Նշել էին, որ վարկային պահանջները կսառեցվեն մինչև քրեական գործի ավարտը, իսկ ավանդադրված  գումարները, կամ հաշվին առկա գումարները, որոնք գողացվել են, կվերադարձվեն հետևյալ պայմանով՝ քաղաքացուն կտրամադրվի այդ չափի գումար փոխառության պայմանագրով՝մինչև քրեական գործի ավարտը։

Սակայն մինչ այս պահը դեռևս պայմանագրեր չկան։  Բանկերի հետ ունենք հանդիպումներ, պայմանավորվածություններ, իրենք 1 շաբաթ ժամանակ էին ուզել (ինչը լրանում է եկող  չորեքշաբթի օրը) պայմանագրեր կազմելու համար»։

Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների մի մասի խնդրով զբաղվող իրավապաշտպանը հիշեցրեց, որ այդ երեք բանկերից բացի՝ այլ բանկեր ևս կան, որոնցից քաղաքացիները տուժել են՝ «Ակբա» և «Հայէկոնոմ» բանկերը։

Նա հավելեց, որ  թեև այդ բանկերի անունները քիչ են նշել՝ հաշվի առնելով այդ բանկերում զեղծարարությունների դեպքերի սակավությունը, սակայն այդ բանկերը ևս պետք է մասնակցեն մեկնարկած գործընթացին։

«Քանի որ «Հայէկոնոմբանկ»-ն իր պաշտոնական էջում հայտարարություն չէր տարածել՝ ինչպես մյուս բանկերը, քննարկումների արդյունքում առաջարկեց նմանատիպ պայմանագիր կնքել, սակայն պարզվեց, որ այդ պայմանագիրը քաղաքացու իրավունքների պաշտպանության ռակուրսից չէ,- մանրամասնեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ  առաջարկած պայմանագիրն ուղղակի փոխառության պայմանագիր է, որը չի հենվում պայմանագիր կազմելու հանգամանքների վրա,- Ի՞նչ նպատակ ունի քր․գործի ավարտին սպասելը․ դրա նպատակն այն է, որ եթե պարզվի՝  քաղաքացին մասնակցություն չի ունեցել հանցագործությանը, չունի իր մեղքի բաժինը որևէ հարցում, հետևաբար՝ այդ գումարները չպետք է մնան որպես բեռ քաղաքացու ուսերին։ Իսկ այդ բանկն ուղղակի պայմանագրում նշում է՝ անկախ քրեական վարույթի ավարտի ելքից, փոխառության գումարը պետք է վերադարձվի։ Շահառու ունենք, որը 53.000 դոլար է կորցրել այդ բանկում, նա չի ստորագրել բանկի առաջարկած պայմանագիրը։ Հուսանք՝ ավելի իրավարար պայմանագիր կառաջարկվի»։

Մհեր Կարագյոզյանը որպես պայմանավորվածությունների դրական արդյունքի օրինակ՝ շեշտեց «Այդի» և «Ինեկո» բանկեր հետ ունեցած քննարկումների ելքը՝ ըստ որի՝ նշվել է, որ եթե գործով կպարզվի՝ իրենց թերի աշխատանքների հետևանքով է հնարավոր եղել զեղծարարությունը, իրենք այդ բեռը վերցնելու են իրենց վրա։

Մինչ այս պահն ունեցած ձեռքբերումներին անդրադառնալով էլ  «Հանրային վերահսկողություն» հ/կ նախագահը տեղեկացրեց՝ այս ընթացքում քաղաքացիները դադարել են տոկոսներ վճարել, սև ցուցակներում հայտնվել, սակայն դեռևս բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Հիշեցնենք՝ Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած քաղաքացիներն ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում բանկերի և պետական պատկան կառույցների շենքերի մոտ՝ Կառավարություն, Գլխավոր դատախազություն, Կենտրոնական բանկ, Քննչական կոմիտե և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր, և կան բանկեր, որոնք չունեն․ ավելի վաղ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ֆիշինգի աճող ցուցանիշներին և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներին։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ այս տարի արդեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով համապատասխան կառույցի, օրինակ՝ Բանկերի միության միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք անվտանգության համապատասխան համակարգ չունեն։

«Որոշ բանկերում մեզ համար շատ անհասկանալի ալգորիթմներ էին դրված բանկերի՝ օնլայն սպասարկման տիրույթում։ Անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկ տրամադրել, դիցուք, կես միլիոն դրամ, բայց օնլայն 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է օնլայն բանկինգի հիմքում, շատ ցածր պաշտպանության շեմ ունի»,- նշել էր պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս