
Ուզում եմ, որ Կառավարությունը հասկանա՝ առանց մշակույթի գործիչների՝ մենք ուղղակի կկործանվենք․ Աննա Հարությունյան
Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ, ֆեյշն դիզայներ Աննա Հարությունյանի հետ։
– Վերջերս Փարիզում մասնակցել եք ցուցադրության և Ձեզ է վստահվել փակման արարողությունը։ Ինչպե՞ս ստացաք առաջարկը և ի՞նչ դռներ բացվեցին Ձեր առջև։
– Սոցիալական ցանցերի միջոցով էին ինձ գտել ու հրավեր ուղարկել։ Ճիշտն ասած, մի քիչ անակնկալի էի եկել, որովհետև միանգամից նման առաջարկ էի ստացել։ Ցուցադրությունից հետո եղան այլ առաջարկներ, ստացա նոր շոուների հրավերներ։
– Ուրախալի է, որ դիզայներական ոլորտը տարբերվող է, առանց ծանոթի կարողանում են բարձրանալ։
– Այո։ Ճիշտ է, մայրս նկարչուհի է, իրեն շատերը ճանաչում են, պապիկս՝ նույնպես, բայց երբևէ չեմ սիրել դա շահագործել։ Միշտ ասել եմ՝ հարգում եմ, իրենք իրենց տեղն ունեն, բայց ես Աննա Հարությունյանն եմ։ Իմ շնորհքով, աշխատասիրությամբ, կարելի է ասել՝ տաղանդով, միշտ փորձել եմ առաջ գնալ, ոչ թե ինչ-որ մեկի միջոցով։
Գերմանիայում եմ սովորել և ուսանողական շրջանից մասնակցել եմ ցուցահանդեսների, միշտ առանձնացել եմ, ունեցել իմ յուրահատուկ գիծը։ Եթե դու շնորհքով ես, դա Աստծո կողմից է տրված, և պետք է ո՛չ չարաշահես, ո՛չ քիթդ բարձր պահես։ Դժվարություններ շատ են եղել, բայց միշտ ասել եմ, եթե ինչ-որ բան չի եղել, ուրեմն այդպես էր պետք։
– Օրինակ, այդ ցուցահանդեսին մասնակցելու համար ստիպված եք եղել Ձեր կտավներից մեկը վաճառել․ սա համարո՞ւմ եք դժվարություն, թե՞ ոչ։
– Որպես նկարիչ՝ պարբերաբար վաճառում եմ իմ նկարները և ստացած գումարը ներդնում եմ դիզայնի մեջ։ Եղել է, որ դիմել եմ Մշակույթի նախարարություն, աջակցել են, նաև կազմակերպություններն են օգնել, բայց այս վերջին ժամանակաշրջանում… գիտեք, տարիքն էլ դեր ունի, մի քիչ հոգնում ես այդ ամենից, որ ասես՝ խնդրում եմ, օգնեք։ Մի քիչ դա հոգնեցնում է, հատկապես արվեստագետ մարդուն։ Երբ գումար ունես՝ ազատ ես քո մտքի թռիչքի մեջ։
Փարիզը շատ թանկ հաճույք էր, և ես դա արեցի հանուն Հայաստանի ու իմ արվեստի։ Ես գիտեի՝ ինչ որակի մեջ եմ, ինչ եմ ներկայացնում։ Ու երբ բղավում են՝ «բրավո», ասում ես՝ այո՛, ես ճիշտ էի, որ այս ռիսկին գնացի։
Չնայած շնորհակալ կլինեմ, եթե ԿԳՄՍ նախարարությունը մի քիչ ակտիվ լինի, որովհետև ես սիրում եմ գլոբալ նախագծեր, իսկ դրա համար մի քիչ մեծ ֆինանսներ են պետք։
– Երբ դիմում եք նախարարություն՝ ի՞նչ են պատասխանում։
– Միլանից երկու տարի առաջ հրավեր ունեի, նախարարությունում հանդիպեցի որոշ մարդկանց հետ, ասացին՝ հրաշալի գործեր են, բայց, ցավոք, հիմա չենք կարող ֆինանսավորել, նորաձևությանը ֆինանսներ չենք տրամադրում, մի քիչ պետք է ֆորմատը փոխեք, ուրիշ տեղ դիմեք, և այլն։ Սա մի քիչ հուսահատեցնող է։
– Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներում հայկական ժայռապատկերներն էին։ Կա՞ որևէ ժայռապատկեր, որը հաճախ եք օգտագործում աշխատանքներում։
– Հիմքում դրել էի նկարներիս տրանսֆորմացիան, իսկ դրանց հիմքում հայկական սիմվոլիկան, ժայռապատկերներն են, և մեծամասնությունը վերցրել եմ ուրարտական դարաշրջանից։ Առանձնացնում եմ ուրարտական խաչաձև սիմվոլը, որը մեր Տիեզերքի խորհրդանիշն է։ Շատ գեղեցիկ սիմվոլ է։ Եթե նկատել եք, իմ կտորների գույները մոնոլիտ են, առանձնանում է ոսկեգույնը։ Հետաքրքիր է, ես ոսկի կրել չեմ սիրում, բայց ոսկեգույնն ինձ համար աստվածային գույն է։ Պատահական չէր Հին Եգիպտոսում ոսկեգույնի, փիրուզագույնի առանձնացումը։ Ամեն գույն ունի իր սիմվոլիկան, գերբնական ուժն ու ազդեցությունը մարդու վրա։
– Ի դեպ, ժայռապատկերաբանները կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ աշխարհում հայ կանայք են առաջինը բրիջի հագել։ Նման ժայռապատկեր կա։
– Մի ժամանակ ուսումնասիրում էի մեր տարազները, նույնիսկ հարսի շորի սպիտակ լինելը կրկին հայերից է սկսվել։ Նկատե՞լ եք, արևելյան երկրներում՝ Հնդկաստան, Չինաստան, Պակիստան, դեղին, կարմիր հարսի շոր է, իսկ մենք դեռ ո՜ր դարաշրջանից սպիտակի մեջ ենք եղել։ Բրիջին ինձ համար մի քիչ նորություն էր, բայց շատ հնարավոր է։ Հայերը մեծ ժառանգություն են փոխանցել այս աշխարհին, ուղղակի վատն այն է, որ շատ չեն խոսում դրա մասին։
Լռել է աշխարհը, գուցե ձեռնտու չէ, բայց ժամանակը կամաց-կամաց գալիս է, ու մենք կտեսնենք, որ Հայաստանը նորից վերելք կապրի, նորից կասի՝ սպասեք, ես այսպիսի տիեզերական առաքելություն ունեմ այս աշխարհում։ Շատ ենք լճացել։ Հզոր ենք եղել մեր մշակույթով, ու ուզում եմ, որ այսօրվա մեր կառավարությունը, մարդիկ հասկանան, որ առանց մշակույթի գործիչների՝ մենք ուղղակի կկործանվենք, և դրա համար մեզ մեջք, օգնություն է պետք։ Սա կոչ է, որ մի քիչ հիշեին մեր մասին և հնարավորություն տային։
– Տպավորություն է, որ հայ դիզայներները հիմնականում աշխատում են հարուստների կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար։ Հասարակ մարդկանց համար նորմալ զգեստներ չկան, եթե կան էլ՝ անորակ են։
– Չեմ ուզում դիզայներներին ինչ-որ բան ասել, բայց եղել է, որ մի թեթև խոսել եմ։ Ես մեր դիզայներների մեջ անհատականություններ չեմ տեսնում։ Բոլորն ասում են՝ հարուստներն այսպես են ուզում։ Ո՛չ։ Դուք պետք է ճաշակ, որակ թելադրեք։ Եթե լինեմ հաճախորդի մակարդակի՝ արվեստ չեմ ստեղծի։ Հնագույնը վերցնում ու նորագույն ձևով ստեղծում եմ։
Ինչ վերաբերում է այսօրվա հագուստին, կան դիզայներներ, որոնք ինչ-որ բաներ անում են․ կա լավ ու վատ որակ։ Ուղղակի պետք չէ ընկնել մոդայի, թրենդի հետևից։ Հա, այս տարի այս գույնն է մոդա։ Չեմ հասկանում համաշխարհային այս պրիմիտիվ տարբերակը։
Նույնը՝ նկարներում․ ուսանողական ժամանակվանից 3-4 մետրանոց նկարներ եմ անում, ու հիշում եմ, Հենրիկ Իգիթյանն ասում էր, թե՝ փոքրացրու, որ մի քիչ շուտ վաճառվի, պատասխանում էի, ո՛չ, չեմ կարող, ես Աննան չեմ լինի, եթե այդ մասշտաբի մեջ չլինեմ։ Գնահատող մասսան գնահատում է։ Ճիշտ է, թանկ է, ամեն օր չի վաճառվում, բայց եթե վաճառվի՝ շնորհակալ եմ։
Կուզեմ, որ Հայաստանում մի քիչ ուսումնասիրեն պատմությունը, գնան արմատներ։ Մենակ տպելով չէ։ Բոլորին եմ խորհուրդ տալիս՝ եզակի եղեք, մի խաբեք ձեզ։ Այսօր ուզում ես կրել այս հագուստը, կրի՛ր։
Արվեստի մեջ ձևականություն չեմ սիրում, դա բացահայտվում է։ Վերցնենք կոմպոզիտորներին՝ Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Արամ Խաչատրյան․ նրանք աստվածային են, ճիշտ արվեստ էին ստեղծում, ձևականություններ չունեին։ Գուցե այդ ժամանակահատվածում մարդիկ չընդունեն, չհասկանան, բայց կանցնի որոշ ժամանակ, ինքը կմնա՝ որպես լավ նկարիչ, կոմպոզիտոր։
– Նույնիսկ դիզայներներն են նկատում, որ հայ կնոջ կերպարն այսօր չի երևում՝ ի տարբերություն վրացուհիների, որոնց նայելիս միանգամից ասում են, որ վրացի է։ Սա ինչո՞վ է պայմանավորված։
– Այ, հենց դա է։ Հայերի հիվանդությունն է՝ միշտ նայում ենք դեպի Եվրոպա, ԱՄՆ։ Շատ կներեք, ուռացրած դեմքերով են։ Երբ մոդելներն ինձ մոտ քասթինգի են գալիս, վատանում եմ, փորձում եմ իրենց չընտրել։ Քիթը սարքած, բերանն ուռած։ Նյարդերիս ազդում է։ Չեն հասկանում, որ հայ աղջիկն ավելի հետաքրքիր է, թեկուզև մի քիչ արծվաքիթ լինի։ Փարիզում նաև եվրոպական երկրների դիզայներներ կային, անկեղծ ասած, չէի ուզում նայել։ Փուչիկ էր։ Մոդելը եկավ, գնաց։ Մենք նմանվում ենք իրենց, փոխանակ ասենք՝ ստոպ, ժողովուրդ ջան։ Եթե մի քիչ խելք ունենանք՝ լավագույնից լավագույնը կարող ենք լինել։
Դրսում միշտ գնահատում են քո ազգայինը։ Պատկերացրեք, գնայի Փարիզ ու ներկայացնեի չինական կամ եվրոպական արվեստ, դա իրենց հետաքրքիր չէ։
Ցավալի է, շատ դիզայներներ ինձանից են որոշ բաներ վերցնում։ Մեկը երեկոյան զգեստ էր ներկայացնում, ու բոլոր աղջիկները ոտաբոբիկ էին։ Իմա՞ստը։ Այսինքն, եթե ես իմ մոդելներին ոտաբոբիկ եմ տանում, ամեն դետալի համար պատասխանատու եմ, նա այս դեպքում տիեզերական կապ պետք է ստեղծի։ Ինքը մարդ-հրեշտակ է։ Իսկ երեկոյան զգեստն ու ոտաբոբիկը փուչիկ է, իմաստ չկա։
Սիրում եմ մտածող արվեստագետներին։ Նկարիչներ կան, ասում են, թե արվեստանոցում նստած, հարբած նկարեցի։ Ո՞նց կարող ես անջատված նկարել ու ասես՝ ինչ կլինի, կլինի։ Դա ինձ համար անհասկանալի է։
– Մոդելների ընտրության ի՞նչ չափանիշներ կան։
– Առաջինը հասակն է, որովհետև իմ հագուստների դեպքում, հատկապես, որ հաճախ ոտաբոբիկ են, դա անհրաժեշտ է։ Երկրորդը՝ շատ նիհար մոդել չեմ սիրում, որովհետև հագուստներս հագցրել եմ, ոնց որ կախված վիճակ լինի։ Ամենակարևորն աչքերի արտահայտությունն է։ Մեր դիզայներները ո՛չ նորմալ քասթինգ, ո՛չ էլ փորձ են անում, ստանդարտի մեջ՝ հասակը, հայացքը, սիլիկոնը, սարքած քիթը, մարմինը, առաջ՝ գնաց։ Սարսափելի է։ Բայց նայում են քեզ, ասում են՝ սա արեց, նա արեց։ Դուք էլ արեք։ Ամբողջ օրը նախանձում, բամբասում են սրան կամ նրան։ Ես չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ եմ հարևանի հետ սուրճ խմել։ Օր ու գիշեր աշխատում եմ։
– Նախանձելի է, որ 19 տարեկանում հասցրել եք ցուցահանդեսի մասնակցել և անգամ նկարներից մեկը վաճառել։
– Այո, 19 տարեկանից Գերմանիայում անհատական ցուցահանդեսներ եմ կազմակերպել։ Նույնիսկ իմ առաջին ցուցահանդեսին 30-ից ավելի նկար էի ներկայացրել և ոչ մի գործ չէի ուզում վաճառել, բայց մարդիկ գտան մեր տունը, եկան ու խնդրեցին, որ նկարը վաճառեմ։ Ասացի, որ չեմ ուզում վաճառել, չեմ կարող։ Ամեն մի նկարն ինձ համար մի աշխարհ էր։ Շատ լավ եմ հիշում այդ նկարը, թռչուններ էին, կոչվում էր «Կարմիր սեր»։ Համոզեցին, բավական լուրջ գնով վաճառեցի ու այդ գնով ընտանիքիս անդամների համար նվերներ գնեցի։ Հաջորդ ցուցահանդեսներին ևս շատ նկարներ վաճառվեցին։
– Դա արտերկրում, բայց Հայաստանում ցուցահանդեսների ժամանակ գրեթե ոչ մի նկար չի վաճառվում։
– Այո, ցավոք, Հայաստանում լրիվ այլ է։ Նկարիչների միությունում հրաշալի նկարիչների գործեր են ցուցադրվում, սակայն չկա այդ շուկան։ Մեր երկրում քիչ չեն հարուստ մարդիկ, բայց արվեստաբանները շատ քիչ են աշխատում։ Իրենց գործը հենց սա է, ամեն ժամանակակից նկարչի աշխատանք պետք է ուսումնասիրի, գովազդի՝ թեկուզև գումարով։ Ե՛վ իրեն լավ կլինի. և՛ նկարչին ու այն մարդուն, ով ձեռքում գումար ունի։ Կլսեն ու կգնան նկար գնելու։ Գրում են ինչ-որ հոդվածներ, բայց շատ պասիվ է։ Ես 20 տարեկան էի, գալիս էին մեր տուն՝ չեկի վրա գրում էին գումարը՝ տանում էին։ Որ նայում եմ՝ լուրջ կապիտալ կարող էի ձեռք բերել այն ժամանակվա գներով, բայց չէի մտածում․ դա Գերմանիայում նորմալ երևույթ էր։
– Կարծես թե Գերմանիայում լավ ապագա էր Ձեզ սպասում, բայց որոշում եք կայացրել վերադառնալ Հայաստան․ ինչո՞ւ։
– Որպես բացառություն՝ 21 տարեկանում ինձ ընդունեցին Գերմանիայի Նկարիչների միություն։ Այնտեղ նկարիչը համարվում է կայացած մոտավորապես 35 տարեկանում։ Միության նախագահն ասաց․ «Գիտես, աշխարհահռչակ չեմպիոններ են լինում 15, 16 տարեկան, մտածեցինք՝ ինչո՞ւ այդպես չի կարող լինել կերպարվեստի աշխարհում»։ Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ես այնտեղ այնպիսի «լեվլ»-ի էի հասել, որ իմ ցուցահանդեսներին հայտնի նկարիչներ, ճարտարապետներ էին, կարդինալներ։
Մյուս պատճառը կարոտն էր, ահավոր խեղդվում էի։ Ասում էի՝ Ակադեմիան ավարտեմ ու մեկ օր շուտ գնամ Հայաստան։ Այդպես էլ արեցի։ 24 տարեկանում բացեցի անհատական ցուցահանդես, ապա դարձա Նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ, հասկացա, որ ճիշտ եմ արել, իմ Հայաստանին պետք եմ։ Երբ եկել էի, այնքան սոված ու կարոտ էի… Շատ էին ասում՝ նոր ես եկել, շուտով կհիասթափվես, բայց հավատացեք, չեմ հիասթափվել։ Տեսնում եմ լիքը մինուսներ, զայրանում եմ, նյարդայնանում, բայց մեկ է՝ իմ Հայաստանը սիրում եմ։ Խոսքս հիշեք՝ մենք ծաղկելու ենք։