
ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ գիշերային բազմաթիվ կրակոցների մասին. Գրոսի

Ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել է, որ անցած գիշեր հրաձգային զենքից հարյուրավոր կրակոցներ է լսել, ինչը միջուկային անվտանգությանը պոտենցիալ սպառնացող ռազմական ակտիվության վերջին նշանն է: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։
Ըստ թիմի անդամների, մեծ թվով կրակոցները, որոնք կրկնվել են մոտ մեկ ժամվա ընթացքում՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ից սկսած, անսովոր են եղել։
Այս առավոտ օբյեկտի շրջայցի ժամանակ նրանք տեսել են 5-րդ և 6-րդ էներգաբլոկների մոտ գետնին սփռված փոքր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ։
Նշվում է նաև, որ կոտրված պատուհանների կամ այլ ֆիզիկական վնասների նշաններ չեն հայտնաբերվել։
ԶԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի թիմը միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն է հարցնում։
«Նման ռազմական գործունեությունը խոշոր ատոմակայանում կամ դրա մոտակայքում ակնհայտորեն անընդունելի է», – հայտարարել է գլխավոր տնօրեն Գրոսին։
Շաբաթ երեկոյան տեղի ունեցած հրաձգությունը հաջորդել է անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ ենթադրյալ մի շարք հարձակումների և այլ միջադեպերի ԶԱԷԿ-ի և Ուկրաինայի այլ միջուկային օբյեկտների մոտակայքում վերջին ամիսներին, ներառյալ մի քանի օր առաջ Էներգոդար քաղաքին հասցված հարվածի մասին հաղորդագրությունը, որտեղ բնակվում է ԶԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը։