
Բժիշկների կյանքը՝ PR ՔՊ-ի համար. նախ չեղարկել 2017թ. խիստ օրենքը, ապա ընդունել նորը. Անուշ Պողոսյան
ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արեն Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը շրջանառության մեջ են դրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի նախագիծ, որն ավելի շատ նման է գովազդի և ըստ էության կիրառման խնդիր ունի։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է բուժաշխատողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու և քրեական պատասխանատվություն նախատեսելու հարցին, եթե դա զուգակցվում է բռնության սպառնալիքով:
«Բռնության իրագործման դեպքերի համար պատասխանատվությունը Քրեական օրենսգրքով արդեն իսկ նախատեսված է, և մենք պետք է աշխատենք դրա կիրառումը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաև որպես հանրություն՝ պետք է փոխվենք, հասկանանք, որ չի կարելի խոչընդոտել, սպառնալ կամ բռնություն գործադրել իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների նկատմամբ, ինչպես, օրինակ, ոստիկանի կամ փրկարարի նկատմամբ»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ նախ նման վարքագիծ չի կարելի դրսևորել ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ, բայց նաև միշտ հիշել, որ դրա պատճառով կարող է տուժել մեկը, ում բուժօգնություն են ցուցաբերում մեր բուժաշխատողները, և այդ մեկը կարող է լինել հենց մեր հարազատը:
«Ստորև ներկայացնում եմ փոփոխության նախագիծն ամբողջությամբ և հետագա ընթացքի մասին կրկին տեղյակ կպահեմ:
Հոդված 187․1 Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը
1. Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սակայն նրանք չեն բացատրում, թե իրենց իշխանության օրոք 2022 թվականին ինչու օրենսգրքից հանվեց բուժաշխատողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվությունը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին: