
Պետությունը ՀԷՑ-ն արդյունավետ չի կառավարելու, գործընթացը չունի հիմնավորում. Թաթուլ Մանասերյան

Հուլիսի 3-ին խորհրդարանը 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսելով ՀԷՑ-ի պետականացման գործընթացի և դրա հետևանքների մասին, շեշտեց՝ ցանկացած գործընթաց պետք է լինի օրենքով, ավելին՝ քաղաքացին ու սպառողը պետք է վստահ լինեն, որ կամայականությունից չի բխում այս ամբողջ գործընթացը։
«Ի՞նչ վնաս է հասցրել պետությանը մասնավոր ընկերությունը, որի դեպքում պետությունը կարող է գնալ այդ պետականացմանը, մենք որևէ հաշվարկ այստեղ չենք տեսնում, այն հիմնավորումները, որոնք ներկայացնում են՝ ուղղակի զավեշտալի է։ Սպասում եմ, որ այդ օրենքում իշխանությունը գրի նաև, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունք հայտնելուց հետո պետք եղավ գնալ ընկերության ազգայնացմանը։ Ի՞նչ վնասներ է հասցվել տնտեսությանը, ի՞նչ փաստակներ ունեն գերատեսչությունները, մենք այդ ամենը չենք տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը վստահ է՝ պետությունը ՀԷՑ-ի լավ կառավարիչ չէ, կառավարումն արդյունավետ չի լինելու։
«Այս գործընթացը չունի հիմնավորում, իսկ Սամվել Կարապետյանի կառավարմանն անցնելուց հետո էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվեց, նա այդ ոլորտի կարևոր խաղացողներից մեկն է»,- հավելեց նա։
Թաթուլ Մանասերյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև նրա հայտարարությունն ու ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ հայտարարությունների օրերը համընկնում են, ինչը վկայում է նաև այն հանգամանքը, որ իշխանությունները 7 տարի երկրի ղեկին են, սակայն ընկերության մասնավորացման վերաբերյալ որևէ քննարկում, երկխոսություն չեն կազմակերպել, բայց հայտարարում են, որ ընկերությունը լավ չի աշխատել, ավելին՝ հանրությունը, այդ թվում՝ փորձագիտական հանրությունը որևէ քայլից տեղյակ չէ։
«Եթե իշխանությունն ասում է, որ հանրությունը դժգոհ է ՀԷՑ-ի աշխատանքներից ու որոշում է այն պետականացնել, ապա նույն հանրությունը դժգոհում է նաև իշխանություններից, ինչո՞ւ հրաժարական չեն ներկայացնում։ Տարբեր տնտեսական հարցերի ու խնդիրների հետ կապված՝ այս իշխանություններին որևէ տնտեսագետի, փորձագետի կարծիք անհրաժեշտ չէ։ Եթե կային խնդիրներ, ինչո՞ւ այսքան տարի իշխանությունը վերահսկողություն չի իրականացրել»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, երբ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ անընդունելի է իշխանությունների կողմից Առաքելական եկեղեցին և հոգևորականությանը թիրախավորելը, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որով հրահանգվեց գործընթացներ սկսել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Արդեն հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն կատարվեց, նրան ձերբակալեցին, այնուհետև կալանավորեցին։ Նրա կալանքի օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին, որին հաջորդեց իշխանության կողմից օրենքի նախագծի մշակումը։