«Քամին ջարդուփշուր է արել ամեն ինչ, այսպիսի բան մենք չէինք տեսել». Լուսագյուղի վարչական ղեկավար

Ապարան համայնքում երեկ ավերիչ քամին մեծ վնասներ է հասցրել համայնքին։ Պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ երեկ պտտահողմը վնասել է 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ուժգին քամին մեծ վնաս է հասցրել նաև Ապարանի Լուսագյուղ գյուղին։

Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանի խոսքով՝ գյուղի բնակիչների շրջանում մարմնական վնասվածքներ որևէ մեկը չի ստացել, իսկ նյութական վնասներն ահռելի են։

Կարդացեք նաև

«Մեր գյուղում տանիքներն ահավոր վիճակում են, քամին սրբել-տարել է տանիքների մի մասը, հենասյուները տապալել է, ծառերը մասին խոսք չկա, այնպիսի ծառ է արմատախիլ արել, որ մարդ նայում ու զարմանում է։ Ջարդուփշուր է արել ամեն ինչ։

Հիմա խմբերով դեռ գյուղում շրջում ենք, որ նոր վնասներ տեսնելու դեպքում արձանագրենք։

Այս պահին 22 տանիք չկա, քամին ամբողջությամբ տարել է, մի մասի տանիքներն էլ 60 տոկոսով է վնասվել»,- 168.am հետ զրույցում նշեց Լուսագյուղի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ գյուղում բոլորը զարմացած են տեղի ունեցած աղետից, թե ինչպես մի քանի րոպեում ամեն ինչ ավերվեց։

«Այսպիսի բան մենք չէինք տեսել, զարմանալու բան է, եկեք՝ ձեր աչքով տեսեք այս ամենը։

Մեր դպրոցի տանիքը նույնպես մեծ վնաս է կրել, հոսանքի երկաթի սյուները քամին հանել ու տապալել է։ Մարդկանց տներն ու այգիները վնասված են։

Գազի մատակարարումը մեր գյուղում այս պահին վերականգնված է։ Մեծ աշխատանք ենք տանում համայնքապետի հետ իրավիճակը շտկելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս