«Ելքն» առաջարկում է կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը և Մանե Թանդիլյանն առաջարկում են օրենսդրորեն կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը։
Պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծով, որ կոչվում է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» և քննարկվելու է վաղը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, սահմանվում է, որ Հայաստանում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ՝ առանց որևէ նախնական կամ այլ թույլտվության, ինչպես նաև չի պահանջվում լիցենզիա։
Նաև առաջարկվում է օրենքն ընդունելուց հետո մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը որևէ տեսակի հարկով չհարկել այս գործունեությունը։
Պատգամավորներն իրենց առաջարկը հիմնավորել են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ստեղծվում են նոր և բավականին լիբերալ սկզբունքներով աշխատող թվային վճարամիջոցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին գերազանցում է 1380-ը (ներկայումս շուկայում մեծ պահանջարկ է վայելում բիտկոինը, ինչպես նաև էթերիումը, ռիփլը, դեշը և այլն)։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են հարմարվում այս նոր արժույթներին, մի քանիսն անգամ փորձում են արգելել դրանց կիրառությունը, մինչդեռ մյուսներն արդեն իսկ օրինականացրել են կրիպտոարժույթով վճարումները։
Ըստ նախագծի՝ կրիպտոարժույթի գաղափարին դեմ արտահայտվող կողմերը պնդում են, որ դրանցով հնարավոր է ֆինանսավորել տեռորիզմը, զենքի անօրինական շրջանառությունը, և այլն։ Մինչդեռ, ակնհայտ է, որ աշխարհի ցանկացած արժույթով հնարավոր է գնել զենք, թմրամիջոցներ, զբաղվել մարդկանց առևտրով, և, որ այս բոլորի անօրինական շրջանառությունը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան ստեղծվել ու տարածվել են թվային արժույթները։
Ընդդիմացողների այլ խումբ պնդում է, որ էլետրոնային ակտիվը ֆինանսական փուչիկի կամ բուրգի տարատեսակ է, այնինչ այս փաստարկն անգամ թույլ քննադատության չի դիմանում, քանի որ բազմաթիվ պետություններ հրաժարվել են թղթային փողերի համար նախկինում գոյություն ունեցող և դրանց ապահովող ոսկե ստանդարտից՝ հիմնականում ոսկու պաշարների սահմանափակ լինելու և պատերազմների ժամանակ այդ պաշարների էլ ավելի կրճատման հետևանքով։
Այսինքն, ինչպես ցանկացած այլ արժեթուղթ, այժմ թե՛ թղթային, թե՛ թվային արժույթն արժի ուղիղ այնքան, որքան դրա դիմաց գնորդներն այդ պահին պատրաստ են վճարել։ Այլ հարց է, որ կրիպտոարժույթի մեջ ներդրում կատարելը բավականին բարձր ռիսկային է, սակայն հայտնի տնտեսագիտական անփոփոխ սկզբունքի համաձայն՝ ռիսկն ու եկամուտն ուղիղ համեմատական են, այսինքն՝ որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր կարող է լինել եկամուտը։
Ոլորտն առավելապես քաղաքացիական օրենսդրության կարգավորման դաշտում է, քանի որ մայնինգն իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական բնույթի գործարք, մասնավորապես՝ մի դեպքում դրանով զբաղվող անձը ստուգում և հաստատում է հիմնական գործարքը (կրիպտոարժույթի առուծախ) և իր մատուցած ծառայության դիմաց ինքն էլ պարգևատրվում որոշակի քանակությամբ կրիպտոարժույթով։ Մյուս դեպքում նա կարող է թողարկել նոր կրիպտոարժույթ և վաճառքի հանել այն։
Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից և մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել (ինչպես որ Գերմանիայում է դա արված՝ լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ՝ Էստոնիայում, այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է), քանի որ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ ունենալով որոշակի հզորությամբ HDD կամ սերվեր, ինտերնետ կապ, համապատասխան ծրագրային ապահովում և հմտություններ։
Իսկ քանի որ մի կողմից մայնինգը ենթադրում է գործողությունների ենթախումբ, որոնց միայն ճշգրիտ կատարման արդյունքում համապատասխան գործարքը կավարտվի ու կներառվի բլոկչեյնում, մյուս կողմից նախագծերի ներկայացված փաթեթով առաջարկվում է այդ գործունեությունն առայժմ ազատել հարկերից, հետևաբար՝ մայնինգով զբաղվող անհատների կամ ընկերությունների էլեկտրոնային հաշվառումը բացառապես վիճակագրական տվյալներ հավաքագրելու նպատակ է հետապնդում։