«ՀՀ-ում երբևէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ». Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Դանիելյանին

Դատական բարձրագույն խորհրդի հինգ հոգանոց կազմում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2-րդ պաշտոնի համար ներկայացրել են Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի թեկնածությունը։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, երբ ասել է, որ չի ստանձնելու երկրի ղեկավարի պաշտոնը.

«Դա պաշտոնակա՞ն հայտարարություն էր, թե՞ ինչպես պարոն Հարությունյանն է ասում՝ կարծիք էր հայտնում, և հիմա ինչ Դուք եք հայտարարում, պաշտոնապե՞ս եք հայտարարում, թե՞ կարծիք եք հայտնում։ Դուք՝ որպես Արդարադատության նախարար, ռեկորդակիր եք, որովհետև ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում եղել են պատմության համար աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Ինչպե՞ս եք դիտարկում ձեր այսօրվա կարգավիճակի համատեղելիությունը, երբ ձեր՝ Արդարադատության նախարար լինելու օրոք, քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվել են ապօրինի հետապնդումներ, հարձակումներ, որոնք պատշաճ քննության չեն արժանացել»։

Ի պատասխան՝ Դանիելյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի տեսակետն ինքը չէ, որ պետք է գնահատի. «Այդ հայտարարությունը եղել է բոլորին հասանելի եղանակով, հետևաբար՝ այդ հայտարարությունը չպետք է գնահատեն կամ մեկնաբանեն միայն նրանք, ովքեր ներկա են եղել։ Կան քաղաքական գործընթացներ, դրանց համատեքստում պետք է գնահատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ես այստեղ չեմ կարող մասնավոր կարծիք հնչեցնել։ Յուրաքանչյուր տառի համար ես պատասխանատու եմ, և իմ այս հայտարարությունը միայն պաշտոնական հարթությունում պետք է ընկալել»։

Կարդացեք նաև

Քաղբանտարկյալների մասով էլ Դանիելյանը հետևյալն ասաց. «Դուք շատ միանշանակ գնահատեցիք, իսկ միանշանակ գնահատելու հիմքեր ես չունեմ, առավել ևս, երբ դուք պնդում ենք, որ որևէ քայլ չի ձեռնարկվել, սա, մեղմ ասած՝ իմ կողմից խիստ վիճահարույց է։ Դուք շատ լավ գիտեք, որ անգամ ձեր առնչությամբ, երբ եղել է որևէ ահազանգ, ինձ համար երբևէ խոչընդոտներ չեն ստեղծվել, իմ հեռախոսահամարը միշտ ազատ է եղել։ Ձերև գործընկերները կհաստատեն, որ գիշերվա ժամը 3-4-ին մշտապես ինձ զանգել են, ես էլ արձագանքել եմ, և չեմ գտնում, որ հիմքեր ունեք պնդելու, թե այդ արձագանքը եղել է ոչ համարժեք։ Ինքս եմ շատ հաճախ այցելել ՔԿՀ-ներ, փորձել եմ հասկանալ՝ ինչպիսին է վիճակը»։

Փաշինյանը շարունակեց. «Ես ուզում եմ ձեր ընկալման մեխանիզմը գնահատել, ուզում եմ հասկանալ, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ պաշտոնապես հայտարարում է, դուք դա ընկալում եք՝ որպես պաշտոնական հայտարարությո՞ւն, թե՞ ուղղակի հայտարարություն։  Երկրորդ՝ ՀՀ-ում երբևէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ, այդ թվում՝ ես իմացա, որ ձեզ առաջադրել է ՀՅԴ խմբակցությունը, նրա այն անդամները, ովքեր 90-ականների կեսերին եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ քրեական հանցագործ»։

Ի պատասխան՝ Դանիելյանն ասաց, որ որպես Դատական բարձրագույն խորհրդի անդամի թեկնածու՝ պարտավորվում է որևէ քաղաքական դիրքորոշում չունենալ, և իրավական հարցեր է ակնկալում.

«Ձեր դիրքորոշումը երևի այն է, որ քանի դեռ չի ստանձնել այդ պաշտոնը, կարող է նաև քաղաքական բնույթի հարցերի պատասխանել։ Ես արդեն ասացի իմ դիրքորոշումը, ավելացնելու բան չունեմ, չեմ կարծում, որ ձեր գնահատականները պետք է հիմք հանդիսանան՝ իմ կողմից դրանց վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար։

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, խղճի բանտարկյալներին, ապա հավատացած եղեք, որ մեր պատկերացումները դեռևս զուտ գտնվում են քաղաքական հարթության վրա։ Դուք այսպես եք ընկալում՝ եթե որևէ մարդ ունեցել է քաղաքական գործունեություն կամ հայտարարություններ և որևէ կերպ դատապարտվել է ցանկացած արարքի համար, միանշանակ պետք է իր արարքը որակել քաղաքական, հետապնդումը՝ քաղաքական, բայց դրանք տարբեր երևույթներ են։

Անձը կարող է դատապարտվել նույնիսկ հիմնավորված քրեական հանցագործության համար, բայց համարվի քաղաքական բանտարկյալ, եթե նրա նկատմամբ վերաբերմունքը, խտրականությունն իր մեջ դրսևորվում է»։

Տեսանյութեր

Լրահոս