Բաժիններ՝

«ՀԴՄ-ների դերը մեծանալու է». Ինչո՞ւ են վերացվում խոշորի ու ՓՄՁ-ների տարբերակումները

«ՀԴՄ-ների դերը մեծանալու է։ Հարկային օրենսգրքով ՀԴՄ-ները հաշվանցման փաստաթուղթ չեն հանդիսանում, բայց շատ արտադրական ընկերություններ շուկայից են ձեռք բերում, իսկ վերցված ՀԴՄ-ն չի կարող հաշվանցել, որովհետև ՊԵԿ-ն ուզում է, որ և՛ մատակարարի, և՛ գնորդի տվյալները լինեն կտրոնի վրա։ Նոր ՀԴՄ-ների վրա երկու կողմերի ֆիսկալ տվյալները պետք է երևան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով ՊԵԿ-ի կողմից նախատեսվող փոփոխությունը, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների համար մեկ միասնական գին է սահմանվելու՝ 160 հազար դրամ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը հայտարարել է, որ փոփոխություններից հետո կվերացվի տարբերակումը, այսինքն՝ սահմանամերձ շրջաններում գրանցված կազմակերպություններն այլևս չեն ստանա անվճար ՀԴՄ կտրոններ։

Նոր ՀԴՄ-ներին անցումը նախատեսվում է հուլիսի 1-ից, ՊԵԿ-ը դեռ պետք է տեխնիկապես նախապատրաստվի, որ կարողանա սպասարկել դրանք։

Ըստ Գ.Մակարյանի՝ եղած ՀԴՄ-ները, հնարավոր է, կարողանան պահանջված չափանիշերն ապահովել, կամ գուցե պետք լինի ինչ-որ մաս ավելացնել. «Այսինքն՝ այս խոսակցությունը միարժեք չի։ ՀԴՄ փոխելու իմաստն այն է, որ լինեն այնպիսին, որ, եթե շուկայում ապրանք ես ձեռք բերում, գնորդի և մատակարարի տվյալները երևան և լինի թափանցիկ։ Դա արվում է ռիսկերը նվազեցնելու համար։ Մինչև հուլիս պետք է սպասենք։ Այսօր արդեն ՀԴՄ-ները չեն կարող հաշվանցման համար օգտագործվել։ Այսինքն՝ յոլա գնալու ժամանակ է առջևում, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։

Եվ քանի դեռ անցումային շրջան է, վերջնական գնահատական չեմ կարող տալ։

Իհարկե, լավ չի լինի, եթե որոշեն խոշոր ու փոքր տնտեսվարողների համար նույն գինը սահմանել, բայց պետությունը պայքարում է ստվերի դեմ և այդ նպատակով է նման քայլի գնալու»։

Հիշեցնենք, որ 2014 թ. կառավարությունը 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին էր սահմանել առավելագույնը 80 հազար դրամ, մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանվեց առավելագույնը 60 հազար դրամ: Գյուղերում, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը 50 տոկոսով զեղչվում էր: Սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվում էին անվճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս