Բաժիններ՝

«Մեր ակցիայի համակարգողները դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի չստորագրի այդ օրենքները». փաստաբան

ՀՀ փաստաբանները դատապարտում են ՀՀ արդարադատության նախարարության և Ազգային ժողովի Պետաիրավական ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» օրենքի նախագծում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու վարքագիծը:

Փաստաբանների տարածած հայտարարության համաձայն, իրենց նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ նախագծում բացակայում է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը, կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի՝ երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը:

Նման հրատապ եղանակով այս հարցի քննարկումը կազմակերպելը, երբ նույն նախագծերով 2019 թվականի հունվարի 1-ից պետք է դատական տուգանքի նորմերն ուժի մեջ մտնեն, ըստ փաստաբանների՝ վկայում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին:

Առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների, փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով, փետրվարի 7-ին ՀՀ փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են իրականացրել՝ հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Փաստաբանները պահանջում են ԱԺ-ից՝ նախագծի և նախագծին կցված մյուս օրենքների նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի հետ

Պարոն Հարությունյան, ըստ ձեզ՝ դատարանում փաստաբանների հանդեպ դատական տուգանքներ կիրառելու անհրաժեշտություն կա՞:

– Առաջին հարցին պատասխանում եմ, որ նման անհրաժեշտություն չկա, և չի ներկայացվել որևէ հիմնավորում, թե ինչու է անհրաժեշտ դա, ներկայումս կան գործող մեխանիզմներ, որոնք փոխելու որևէ անհրաժեշտություն չկա:

Տուգանքների կիրառումն ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ:

– Տուգանքների կիրառումն առաջին հերթին՝ կհանգեցնի փաստաբանների անկախության սահմանափակմանը, և լրացուցիչ լծակ կլինի դատավորների, այդ թվում՝ իշխանության ձեռքին՝ ոչ իրենց հաճո փաստաբաններին ճնշելու համար: Այսինքն՝ կհանդիսանա այնպիսի մի գործիք, որով ցանկացած փաստաբանի կարող են խնդիրներ ստեղծել՝ ազատորեն կատարելու իր պարտականությունները:

Փաստաբանների հանդեպ տուգանքների կիրառումը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ փաստաբաններն իրենց հերթին՝ կարող են բարձրացնել իրենց մատուցած ծառայությունների գները:

– Ինչ վերաբերում է փաստաբանների վարձատրությանը, դա ցանկացած փաստաբան ինքն է որոշում, թե կոնկրետ գործի կամ աշխատանքի համար ինչ վարձատրություն պահանջի, և, բնականաբար, այդ տուգանքները կանդրադառնան նաև փաստաբանի հոնորարի վրա։

– Որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը:

– Հետագա քայլերը քննարկում ենք, և համակարգողները կտեղեկացնեն: Գործադուլը և մնացած ակցիաները հետաձգվում են. մեր ակցիայի համակարգողները դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի չստորագրի այդ օրենքները, և այլ քայլերի մասին հետագայում կհայտարարվի լրացուցիչ:

 Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս