«Չարենցի մահվան կանխատեսումը». Դավիթ Գասպարյան
Եղիշե Չարեցնի մահվան 80-ամյա տարելիցի կապակցությամբ գրողի տուն թանգարանում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ ներկայացնելով պոետի մահվան մասին պատմող՝ «Չարենցի մահվան կանխատեսումը» խորագրով ընդարձակ զեկույց, որի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եղիշե Չարենցի մահվան՝ քաղաքական, բարոյահոգեբանական և ժամանակագրական հանգամանքների վերլուծությանը:
«168 Ժամ»-ը ներկա էր կոնֆերանսին և ներկայացնում է գրականագետ Դավիթ Գասպարյանի ելույթն առանց կրճատումների.
«Չարենցի կյանքի վերջին տարիների վերլուծությունն ակամա մարդու աչքի առաջ է բերում բանաստեղծի մահվան կանխատեսումների ողջ ճանապարհը: Չարենցի կերպարի մեջ ի սկզբանե հերոսն էր նստած՝ հերոս, ով պատրաստ էր ամեն ինչի՝ ինքնազոհաբերման, մահվան, վերջին զոհի, որովհետև հանդուգն էր ու առաջանցիկ: Այստեղ՝ թանգարանում մի ընտանեկան խմբանկար կա՝ ծնողների ու եղբայրների հետ՝ ինքն էլ այդ լուսանկարում կլինի տասը տարեկան՝ խուզած, կարճ մազերով: Այդ նկարի մեջ արդեն իսկ Չարենցի ապագա կերպարը կա: Նա, ով 1913 թվին գրեց ու արդեն 1914-ին տպագրեց իր առաջին՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը, հերոսություն արեց, որովհետև եթե Կարսի պես փոքր քաղաքում, այն էլ 17 տարեկան տղան մտածում է գիրք տպագրելու և դրանով հանդես գալու մասին, սա հստակ հերոսություն է: Հերոսությունն էր, որ ընդամենը 18 տարեկանում՝ 1915 թվականին, առանց ծնողներին զգուշացնելու, նա՝ որպես կամավորական մեկնեց կռվի դաշտ, հասավ մինչև Վան, այդ ճանապարհին տեսնելով ամեն ինչ՝ դժոխք, գեհեն, մահ և վերադառնալով՝ գրեց «Դանթեական առասպելը»: Չարենցն էր, որ երեք մահվան տեսիլներից առաջինում գրեց վերջին զոհի գիտակցության մասին: Ի՞նչ էր կատարվում իրականում: Ողջ երկրով մեկ տիրում էր դասալքության տենդը: Զորքը փախչում էր: Դասալիքներին պատժելու համար Երևանում երկու տեղ հրապարակային կախաղաններ էին տեղադրել՝ մեկը ներկայիս Շահումյանի հրապարակի տեղում, որտեղ եկեղեցի կար, մյուսը՝ կրկին ներկայիս իր անունը կրող դպրոցի տարածքում, որտեղ ևս ժամանակին եկեղեցի կար: Այս իրականությունն էր, որ Չարենցի մեջ արթնացրեց վերջին զոհի գիտակցումը: Չարենցն այն ստեղծագործողն էր, գրում էր այն, ինչ ապրում էր և ապրում այն, ինչ գրում էր: Իր ստեղծագործությունների վերլուծությամբ, օր առ օր կարելի է վերականգել թե՛ իր կյանքի կենսագրական մանրամասները, թե՛ երկրի պատմության շատ շատ դրվագներ:
Այդ նույն հանդուգն ու համարձակ քայլն էր, որ արվեստի ասպարեզում իրեն անդադար փորձության էր տանում: Կարծում եք հե՞շտ էր այն ժամանակվա՝ 1922 թ. սոված, խեղճ ու կրակ Երևանում «Երեքի դեկլարացիա» հռչակել: Սա, ինչպես Մահարին հետագայում դիպուկ բնորոշեց՝ մայրագյուղ Երևանը դարձրեց մայրաքաղաք Երևան՝ հռչակելով այն արվեստի կենտրոն, արվեստի մայրաքաղաք (մինչ այդ տարածաշրջանում այդպիսն էին համարվում Թիֆլիսը, Պոլիսը): Չարենցը դարձավ որպես արվեստի ու գրականության կենտրոն հռչակված Երևանի կնքահայրը: Այս տարերքն էր, որ նրան անընդհատ առաջ էր մղում:
1929 թվական
Եկավ մի պահ՝ 1929 թվականին, Կրասնոդարում Չարենցը մի բանաստեղծություն գրեց, որտեղ հիշում է իր առաջին ձերբակալության տարիներին Երևանի ուղղիչ տունը՝ բանտում նստած խուժան Խաչոյին և Վաչոյին: Ինքն իր հետ խոսելով Չարենցն ասում է. «Նրանց խբեցին, քեզ էլ են մի օր խբելու, բայց դու ընտրիր՝ մահվան ո՞ր տարբերակն ես նախատեսում՝ ի՞նչ անեն քեզ հետ… Լավ է կախեն: Իհարկե մի քիչ կճոճվես, բայց գոնե լեզու կհանես աշխարհին»: Սա պոետի ծաղրն էր՝ ուղղված ժամանակին և իր հանդգնությունը՝ ի հայտ բերելու այդ ամենը:
1930 թվական
Մահվան այս չարագուշակ տարերքը միշտ եղել է Չարենցի կյանքում: 1930 թվականին Չարենցը փորձել է ինքնասպանություն գործել՝ կտրելով զարկերակը, բայց փրկել են: Եկեք չմոռանանք, թե ի՞նչ թիվ էր 1930-ը: Եսենինն ու Մայակովսկին այն ժամանակների ձևակերպմամբ ասում էին ինքնասպանություն էին գործել, բայց հետագայում պատմության բացված էջերը ցույց տվեցին, որ դրանք կամավոր ինքնասպանությամբ մահեր չէին, այլ դիտավորյալ ինքնասպանության դրդած և նպաստած հոգեվիճակ, որի արդյունքում այդ հսկա մտածողները վերջ տվեցին իրենց կյանքին: Այդ զգացողությունն էր, որ ներքին դժգոհության հետ միախառնված՝ նրան հասցրեց այդ քայլին:
1933 թվական
Գալիս է 1933 թվականը: Չարենցը հրատարկչության գլխավոր աշխատողն էր: Բոլորի գրքերը լույս էին տեսնում, իրենը՝ ոչ: Իր «Գիրք Ճանապարհին» գիրքը կալանքի ենթարկվեց: Այս ընթացքում նա մի զարհուրելի, ահավոր նամակ է գրում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Մարետա Շահինյանին: Սա մի մարդու նամակ է, ով իր հայրենքիում, իր տարածքում շնչահեղձ է լինում, ուղղակի չի դիմանում: Դիմելով Մարետա Շահինյանին՝ Չարենցը գրում է. «Դու կենտրոններին մոտ կանգնած մարդ ես, միջնորդիր, որ գիրքս տպագրվի, որ այս վիճակից դուրս գամ: Նաիրյան աղիքը քեզ չկարողացավ կուլ տալ, բայց ինձ կուլ կտա (նկատի ուներ` Մարետա Շահինյանը 1927-30 թվականներին ապրել է Հայստանում և նրա գլխին էլ այստեղ պակաս օյիններ չբերեցին): «Գիրք Ճանապարհին»-ի կապակցությամբ Չարենցն ահավոր ապրումներ է ունեցել: Այդ նամակում էլ Մարետա Շահինյանին գրում է՝ քիչ է մնում ինքնասպանություն գործեմ: Այս տարերքը ծայրահեղ իրավիճակների հասցնելու, իր բողոքի արտահայտման կերպն էր:
1935 թվական
1935 թվականին Չարենցի հոգեբանական վիճակը շատ ծանրացավ՝ հրատարակչությունից իրեն հեռացման հանգամանքով պայմանավորված: Դրան հաջորդեց գրողների միությունից դուրս գալու մասին իր հայտարարությունը: Ինչպես և սպասվում էր՝ հայտարարությունը քաղաքական բովանդակություն ստացավ և անգամ Չարենցի ամենամտերիմ մարդիկ գումարված երկու ժողովներում (մարտի 8-ին և մարտի 13-ին) բացասական ելույթներ ունեցան այս առնչությամբ, որ հավանաբար այդպես հանձնարարված էր վերևից: Վերջապես հաջողվեց տպագրվել «Գիրք Ճանապարհին»-ը՝ հանելով այնտեղից «Աքիլլես և Պիեռո» ինտերմեդիան, որ պայմանական անցումներով գրված՝ Ստալին – Տրոցկի քաղաքական պայքարի մասին էր: Այս գործի առնչությամբ էր, որ Ստալինն արդեն ճանաչում էր Չարենցին, որովհետև գիրքը թարգմանել, ուղարկել էին Մոսկվա, որպեսզի նա կարդա: Թեև Ստալինը շատ լավ տիրապետում էր հայերենին և կան վկայություններ այն մասին, որ Կրեմլում նա Անաստաս Միկոյանի հետ խոսում էր հայերեն լեզվով, այնուամենայնիվ, Չարենցի այս աշխատանքը նա կարդում է հատկապես ռուսերեն թարգմանած և ԽՍՀՄ «Գլավլիտ»-ի մջոցով պատասխան ուղարկում, որտեղ նշվում է. «Փոխանցեք ընկեր Չարենցին, որ այս գործը՝ որպես գեղարվեստական ստեղծագործություն, շատ լավ է գրված, բայց առայժմ թող ձեռնպահ մնա այն տպագրելուց»: Իրականում Ստալինի այս պատասխանը փրկություն էր Չարենցի համար: Գրքից հանում են «Աքիլլես և Պիեռո»-ն և ժողովածուն տպագրվում է:
Այս բոլոր իրադարձությունները, սակայն, շատ ծանր նստվածք են թողնում Չարենցի վրա: Նույն 1935 թվականաին՝ Աղասի Խանջյանի մոտ այցելության ժամանակ (ում նա շատ բարձր էր գնահատում և ով բանաստեղծի «Դոֆիինը Նաիրական» շարքում շատ կարևոր կերպար էր), նրան պահակատան դռների մոտ խուզարկում են: Մինչ այդ նման բան երբեք չէր եղել: Չարենցն արդեն հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ և սա նույնպես նրա վրա շատ ծանր է նստում: Չարենցն այդ տարիներին գրված բանաստեղծություններ ունի, որտեղ ծաղրում և երգիծում է ոչ միայն իր գրական ընկերներին, այլ նաև նույնիսկ Խանջյանին: Խանջյանի մահվան հանգամանքը, սակայն, կարելի է ասել ջախջախում է Չարենցին: Սրան հաջորդում է Չարենցի ստեղծագործական առավել բարդ, խորը, լուրջ և հակաստալինյան բնույթի բանաստեղծական շարքերի գրությունը: Ստալինի մասին Չարենցը գրում է.
Հպարտ է ու բիրտ, դահիճ աններող
Բանաստեղծական արվեստի մուսան,
Արքաններն են երբ մկրտվում գուսան
Լավագույն դեպքում դառնում են Ներոն:
Էլ ինչ գրեր Չարենցը… սրանից առավել սուր ծաղր Սատալինի հասցեին դժվար էր անգամ երևակայել: Չարենցի կյանքի հետագա ընթացքը դեպի մահվան տանող շատ հստակ ուրվագծվող ճանապարհ էր: Նրա կյանքը փրկելու համար վերևներում մտադիր էին նրան ուղարկել արտասահման՝ իբրև երկարատև բուժում ստանալու նպատակով: Փաստաթղթերն արդեն պատրաստ էին, անգամ տարադրամն էին դուրս գրած, բայց Խանջյանի մահը փոխեց շատ բան, այդ թվում նաև Չարենցի տեղափոխումը Խորհրդային Հայստանի սահմաններից դուրս, որ նրա ապրելու միակ փրկության ուղին էր: Չարենցը մնաց գերության մեջ՝ արդեն հյուծված մարմնով ու հատկապես հոգեպես: Հայտնի փաստ է, որ այս ընթացքում՝ 1935-37 թվականներին Չարենցն ավելի շատ է գրել, քան 1912 թվականից մինչ այդ: Այդ ի՞նչ ստեղծագործական մոլուցք էր հավաքվել այդ մարդու մեջ՝ տանը նստած, հյուծված, հիվանդ վիճակում: Հուշերից հայտնի է, որ այդ տարիներին Չարենցը չափազանց քիչ շփումներ է ունեցել արտաքին աշխարհի հետ և հազվադեպ դեպքերում դուրս եկել տանից: Այդ ժամանակներում իր բանաստեղծական ընկալումների մեջ պարզվում է, սակայն, որ նա իր կյանքի ու մահվան հարցերն էր լուծում: Եկավ մի պահ, երբ Չարենցը դարձավ Աստծու պես բոլորին ներող, որովհետև տեսավ ու հասկացավ՝ «Հելիկոնը մեր երգի ողջը տարավ թիարան»: Անգամ նրանց, ում նա կարող էր ապտակել, քննադատել կամ ծաղրել, բոլորի հանդեպ ավագի մի ներողամտությամբ լցվեց, մի խաղաղություն, որովհետև տեսնում ու ցավալիորեն հասկանում էր՝ ողջ նաիրյան սերմն էր ոչնչանում:
1937 թվական
Ի վերջո, չարենցյան ողբերգությունը եկավ ու ավարտվեց նրա մահվան համապատկերով: 1937 թվականի ապրիլի 17-ից 21-ը հայ գրողների ընդհանուր ժողովի մասին եմ ուզում խոսել, որի մասին արխիվային պահոցներում ամբողջական ինֆորմացիաներ կան: Սա մի ահավոր բան էր, որտեղ ելույթ ունեցավ Մոսկվայից Հայաստան եկած գրականագետ Վալերի Կիրկոտինը, ով իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց. «Թշնամու ձեռքից մենք կարողացանք փրկել Իսահակյանին, բայց թշնամին բռնեց Չարենցի ձեռքը»: Սա ուղղակի մեջբերում է իր ելույթից: Սրան հաջորդում են Չարենցի ահավոր ծանր մինչև յոթանասուն էջն անցնող նամակներն՝ ուղղված Կենտկոմի առաջին քարտուղար Ամատուն Ամատունուն: Սրանք մահվան մատնված մարդու զգացողություններ էին: Այստեղ մի վճռորոշ դեպքի առնչությամբ էլ հստակորեն ուրվագծվում է Չարենցի շատ մոտալուտ մահը: Բանստեղծը ընտանիքին ուղարկում է Ծաղկաձորի՝ գրողների միության տանը հանգստանալու: Չանցած մի քանի օր, ընտանիքին վտարում են զբաղեցրած սենյակից: Չարենցը սայլով և վարձած զուռնաչիներով մեկնում է նրանց բերելու: Հասնելով Ծաղկաձոր՝ նա խիստ զայրացած արտահայտություններ է թույլ տալիս այն մարդու հասցեին, ում հանձնել էին իր ընտանիքի զբաղեցրած սենյակը, իսկ դա Ալին Մամեդով Սաֆար Հուսեին Զադեհն էր՝ Սովետական Միության «Մանիստան» հանդեսի գլխավոր խմբագիրը, ով նաև, ինքնաբերաբար, կենտկոմի անդամ էր: Չարենցի կինը դիտողություն է անում ամուսնուն՝ թե ժողովուրդը նայում է, ի՞նչ ես անում, ամոթ է: Նա էլ պատասխանում է՝ թող ժողովուրդը տեսնի, թե ինչպես է հայոց բանաստեղծն անցնում իր վերջին ճանապարհը: Նա արդեն գիտեր, որ սա իր վերջին ճանապարհն էր: Նրանք վերադարձան Երևան և հենց նույն օրը՝ 1937- թվականի հուլիսի 27-ին Չարենցնին ձերբակալեցին: Երբ արդեն եկել էին Չարենցի հետևից, բանաստեղծը կնոջն ասում է՝ ուզում եմ երեխաներին համբուրեմ նոր գնամ: Կինը պատասխանում է՝ դա վատ նշան է Չարենց, կվերադառնաս, նոր կհամբուրես: Երբ արդեն տան պատշգամբից կինը տեսնում է, թե ինչպես են բանստեղծին նստեցնում մեքնեայի մեջ ու տանում, նոր միայն հասկանում է, թե ինչ է իրականում կատարվում Չարենցի հետ:
Նախաքննությամբ Չարենցին մեղադրում էին այնպիսի հոդվածներով, որով Բակունցին գնդակահարել էին, իսկ այնտեղ հոդվածները չէին թուլացնում, այլ միայն հակառակը: Հետևաբար, եթե Չարեցը հալածական վիճակով բանտում չմահանար, նրան էլ է գնդակահարություն էր սպասում: Հուշագիրներ կան, ովքեր բանտում Չարենցի հետ են եղել, նրա կողքին՝ կյանքի վերջին օրերին, որոնց մասին գրում են, թե Չարենցն անընդհատ կրկնում էր. «Ինչո՞ւմն է իմ մեղքը, ինչո՞ւմ եք ինձ մեղադրում, էլ չեմ դիմանում, հոգիս տակնուվրա է լինում, շունչս կտրվում է, էլ չեմ ուզում դիմադրել հանուն ապրելու… Ինչպիսի՜ ծաղր՝ մահն ավելի գերադասելի է, քան կյանքն այս իրականությունում»:
Նրա ակնհայտ, երևացող (ասում եմ միայն երևացող) մեղքն իրականում այն էր, որ նա բաց զայրույթ էր արտահայտել կենտկոմի անդամի հասցեին, որն ընկալվել էր իբրև հայհոյանք՝ ուղղված ողջ երկիրն, ողջ Համկբկ-ին՝ Կոմունիստական կուսակցությանը…