«Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում». այսօր Չարենցի հիշատակի օրն է
Մահացածի բժշկական ակտ. տղամարդու դիակ՝ միջինից ցածր հասակով՝ խիստ նիհարած, երկու ազդրերին՝ սրսկման հետքեր, սիրտը՝ դիակի բռունցքի չափ: 1937թ. նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ին, ըստ պաշտոնական վարկածի, բանտի հիվանդանոցում մահացել էր Եղիշե Չարենցը։
Այսօր Չարենցի հիշատակի օրն է։
Մինչ օրս պահպանվել է Եղիշե Չարենցի մահվան տեղեկանքը: Ըստ վկայությունների՝ նրան դիահերձել են, որի արձանագրությունը ևս կա, սակայն պաշտոնական վարկածներն ու փաստաթղթերը լռում են, դրանք ժամանակին տարվել են Հայաստանից: Թե ի՞նչ է կատարվել դրանից հետո՝ ովքե՞ր, ո՞ր ճանապարհով, ո՞ւր են տեղափոխել ու ամփոփել պոետի դին՝ ևս հայտնի չէ: Ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են մտնում վարկածներ, որոնց հավաստիությունը փաստող էական ապացույցներ հայթայթել չի հաջողվում:
1937-ին՝ Չարենցի բանտարկությանն ու մահվանը նախորդում են պոետի բարեկամ և գրչակից ընկերների սպանությունները: Ստալինյան ռեպրեսիայի միլիոնավոր զոհերից են դառնում նաև Ակսել Բակունցը, Ներսես Ստեփանյանը, Զապել Եսայանը և այլք: 1936-ի օգոստոսի 9-ին, երբ նշված գործիչները ձերբակալվեցին, ազատության մեջ մնաց միայն Եղիշե Չարենցը, ով, սակայն, սեպտեմբերի 24-ին տնային կալանքի դատապարտվեց, այնուհետև՝ նոյեմբերի 15-ին, ենթարկվեց հարցաքննության: 1937-ի հուլիսի 27-ին Չարենցն արդեն ձերբակալված էր՝ դատապարտվելով այնպիսի հոդվածներով, որ, եթե նույնիսկ հաջողվեր ապրել, անկասկած, կրկնելու էր Բակունցի գնդակահարված ճակատագիրը:
Ձերբակալությունից հետո պոետի՝ Երևանի բանտում անցկացրած երկու ամիսներն ուղեկցվել են շարունակվող անվերջ հարցաքննություններով, անլուր տանջանքներով ու անմարդկային տառապանքի դաժան վկայություններով: Դրանցից մի քանիսը պատմում են այն մասին, որ կյանքի վերջին օրերին, հատկապես մորֆիի բացակայությունից, Չարենցը հաճախ վարքի անհանգիստ դրսևորումներ էր ունենում: Իրավիճակին ինչ-որ կերպ լուծում տալու անհրաժեշտությունից դրդված, բանտի հիվանդանոցի անտարբեր աշխատակիցներն անհանգիստ գիշերներին գոտիներով կապում էին բանաստեղծի մարմինը՝ կամ մահճակալից, կամ պարզապես հիվանդասենյակում առկա փայտե սյունից, իսկ առավոտյան արձակում կապերը: Չարենցն ապրեց զրկանքներով լի կյանք, որ ձգվեց ընդամենը 40 տարի՝ ճակատագրի այնպիսի դրվագներով, որ զարմանալիորեն նույնանում է հայ ժողովրդի՝ 20-րդ դարի դժվարահաճ ճակատագրին: Կյանքի վերջին տարիներին Չարենցն այս մասին գրում է`
«Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ և ինքնուրույն,
Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն,
Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն,
Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում:
Մեծ եմ և վեհ՝ իմ օրերում
Ես այդ գիտեմ՝ հուր հավիտյան,
Ողջո՜ւյն իմ երգ, իմ խնդություն
Իմ օրերի անհուն մատյան»:
Պոետի մահվան 80-րդ տարելիցի կապակցությամբ, սպասվող նոր հրատարակությունների, պոետի անհայտ գերեզմանի, ինչպես նաև՝ անտիպների ճակատագրի առնչությամբ «168 Ժամը» ճեպազրույց ունեցավ բանաստեղծի թոռնուհու՝ Գոհար Չարենցի հետ.
«Առաջիկայում նախատեսվում է տպագրության հանձնել Եղիշե Չարենցի նոր շարքերը, այդ թվում նաև՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ թարգմանված 32 տարբեր լեզուներով: Պոետի անհայտ գերեզմանի հետ կապված խոսակցություններն ընտանիքի ցանկությամբ փակվել են: Տարիների ընթացքում շատ տեղանքներ մատնանշվեցին, և բոլորը ստուգվեցին, բայց ապացուցող որևէ բան չհայտնաբերվեց: Իհարկե, կա մարդկանց մի խումբ, ովքեր ցանկացան ինչ-որ տեղ գտնել, որտեղ կարելի էր գերեզմանաքար տեղադրել, բայց հասկանալի է, որ դատարկ գերեզմաններ չեն լինում, և հատկապես՝ Չարենցի պարագայում սա անիմաստ մի բան կլիներ:
Ի վերջո, դա Չարենցի ճակատագիրն էր՝ չունենալ գերեզման, և ի՞նչ կարիք կա խեղաթյուրելու փաստերը: Ինչպես շատ հարցերում, այնպես նաև իր ձեռագրերի և, հատկապես՝ անտիպ ձեռագրերի պարագայում, Չարենցը եղել և մնում է շատ առեղծվածային կերպար: Անտիպների մի տպաքանակ Գևորգ Էմինի տղան՝ Արտաշես Էմինը, տարիներ առաջ վաճառեց ամերիկաբնակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելին, որից հետո մի խմբաքանակ ևս՝ Գրականության և արվեստի թանգարանից, այնուհետև «Փյունիկ» հիմնադրամը նրանից գնեց իր մոտ մնացած անտիպների ևս մի խմբաքանակ՝ պահ տալով դրանք Մատենադարանին, և որքանով ես տեղյակ եմ՝ Արտաշես Էմինի մոտ դեռ կա, մնացել է Չարենցի անտիպների որոշակի թվով խմբաքանակ: Հույս ունենք՝ շուտով դա ևս մեզ՝ թանգարանին կամ ժառանգներին կհասնի»:
Հիշեցնենք, որ այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում միջոցառումների հագեցած օրակարգ է սահմանվել: Առավոտյան Երևանում գտնվող Չարենցի հուշարձանի մոտ պոետի մահվան 80-րդ տարելիցի կապակցությամբ մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին: Բանաստեղծի տուն-թանգարանում նախատեսվում է բռնադատված մտավորականներին նվիրված ցուցահանդեսի բացում, այնուհետև՝ Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը նվիրված կոնֆերանս-քննարկում:
Կոնֆերանսի ծրագրում ելույթ կունենան Եղիշե Չարենցի թոռնուհի, տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը՝ «Չարենցի կյանքի վերջին տարիները», Պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը՝ «Մեծ տեռորի սկզբի մթնոլորտը Խորհրդային Հայաստանում և Եղիշե Չարենցի գործը», Բանասիրական գիտությունների թեկնածու Սեյրան Գրիգորյանը՝ «Եղիշե Չարենցի մոնոստիքոսները», գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը՝ «Մի փաստաթղթի պատմություն», Բանասիրական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը՝ «Եղիշե Չարենցը և միստիկան՝ իբրև կրոնի մարդկային չափում», Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ «Չարենցի մահվան կանխատեսումը», Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Ոսկանյանը՝ «Եղիշե Չարենցի և Ստալինի առնչությունները», Բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը՝ «Գիրք ճանապարհին և պետականությունը», Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մինասյանը՝ «Եղիշե Չարենց, մատենագիտական աշխատանքներ», Բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Մարտիրոսյանը՝ «Բանաստեղծի կյանքը՝ ա՞սք, անեկդո՞տ, թե՞ պատում» թեմաներով: