Բաժիններ՝

Տավուշում 6-րդ անգամ տեղի կունենա Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում օգոստոսի 12-ին և 13-ին տեղի կունենա Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը։

«Այն հիմնադրվել է 2012 թ.-ին, և այս տարի մենք անց ենք կացնում արդեն 6-րդ փառատոնը, որի նպատակն այդ տարածաշրջանում տնտեսական, սոցիալական և մշակութային ենթակառուցվաքների զարգացումն է։ Այս տրամաբանությամբ են ձևավորվել  փառատոնի բոլոր բաղադրիչները։ Այն դիտարկվում է՝ որպես խթանիչ միջոցառում տարածաշրջանի ընդհանուր զարգացման համար։ Մենք ի սկզբանե կարևորել ենք գյուղատնտեսական արտադրությունը, հատկապես՝ հատապտուղների արտադրությունն ու վերամշակումը. սա շատ կարևոր է, և տարածաշրջանն այս առումով շատ յուրահատուկ տեղ է զբաղեցնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը։

Վերջինիս խոսքով՝ այս տարածաշրջանը մեղրի արտադրության մեծ ներուժ ունի, և փառատոնը նպաստել է մեղրի արտադրության ծավալների մեծացմանը, Տավուշը հարուստ է նաև անտառներով , որտեղ շատ են հատապտուղները. «դրա համար այս փառատոնը բրենդավորել ենք այդպես՝ մեղրի և հատապտուղների փառատոն»։

«Այս փառատոնի կարևոր առանձնահատկություններից է այն, որ առաջին հերթին՝ տեղի բնակիչների ավելի մեծ  մասնակցություն է լինում տարեցտարի, և ամեն տարի ինչ-որ նորություն է ավելանում փառատոնին։ Այս ավելացման մեջ ենթակառուցվածքների առումով պետք է նշեմ նաև տուրիստական որոշակի ենթակառուցվածքների, իհարկե, շատ սկզբնական զարգացումը։

Վեց տարի առաջ, երբ փառատոնը նոր էր սկսվում, հյուրանոցային և ռեստորանային որակյալ ծառայություներ գրեթե գոյություն չունեին։ Այս տարի ստեղծվեց պահանջարկ, որոշակի մշակույթ,  փորձեցին ձևավորել նաև որոշակի մակարդակ, որպեսզի մարդիկ հենվեն դրա վրա և ավելի բարձր մակարդակի սերվիս առաջարկեն տարածաշրջանում, բայց դեռ թերզարգացածություն կա այդ առումով»,- ասաց պարոն Չոբանյանը։ Նա հավելեց, որ անցած տարի զբոսաշրջիկների թիվը հասել է 2000-ի, և այս տարի մեծ է երիտասարդների ակտիվությունը։

Բանախոսն առանձնացրեց երկու թերություն. այն, որ Տավուշը սահմանամերձ գոտի է և մի փոքր ռիսկային տարածաշրջան է ներդրումների առումով, և երկրորդ՝ որ այն հեռու է մայրաքաղաքից և գրավիչ չէ հենց այդ պատճառով։

Ըստ պարոն Չոբանյանի՝ Տավուշի մարզում մշակութային առումով, առաջին հերթին՝ խնդիր կա տեղի ներուժը ներկայացնելու, երկրորդ խնդիրն այնտեղ մշակութային որոշակի մակարդակի ապահովումն է.

«Սա է պատճառը, որ ամեն տարի հրավիրվում են բարձրաժեք նվագարաններ, երաժիշտներ, որպեսզի այդ հնչեղությամբ տեղի բնակչությունն առնչվի հայաստանյան բարձրաժեք արվեստին։ Անցած տարվանից սկսած փառատոնի նախորդ օրը տեղի է ունենում «Ջազը սահմանին» միջոցառումը, որտեղ Պետական ջազ-նվագախմբի գլխավորությամբ տեղի է  ունենում ջազ փառատոնը, որին մասնակցում են ժամանած հյուրերը, և գիշերակացից հետո հաջորդ օրը մասնակցում են փառատոնին և վերադառնում։ Սա ավելի հեշտացնում ու բովանդակային է դարձնում հյուրերի մասնակցությունը և այնտեղ իրենց առօրյան»։

Պարոն Չոբանյանը տեղեկացրեց, որ այս տարի ևս  օգոստոսի 12-ին ժամը 18:30-ին տեղի կունենա «Ջազը՝ սահմանին» փառատոնը, որը կանցկացնի Հայաստանի Պետական ջազ-նվագախումբը, և դրանից հետո այլ ջազային խմբեր կշարունակեն փառատոնը մինչև ուշ գիշեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ: Հաջորդ օրը տեղի բնակիչները կներկայացնեն իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները, դրանցից պատրաստած ուտեստները։

«Սա միակ միջոցառումն է, որով տարածաշրջանը ներկայանում է արտաքին աշխարհին»,- նկատեց պարոն Չոբանյանը։

Լրագրողների հետ հանդիպումը շարունակեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, որի խոսքով՝ միջոցառումը շատ կարևոր է, նշանակալի, և նմանատիպ միջոցառումները հատկապես Հայաստանի հեռավոր մարզերի համար տնտեսական ակտիվությունը խթանելու, կայուն զբոսաշրջությունը զարգացնելու, մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելու նպատակով են իրականացվում։

Ըստ պարոն Ապրեսյանի՝ պետությունը երբևէ հեռավորության հետ կապված իր քաղաքականության մեջ խտրականության չի դրել և չի դնում, այն ուղղված է հեռավոր սահմանամերձ համայնքներում զբոսաշրջությունը, նմանատիպ միջոցառումները զարգացնելուն։

«Մենք կարող ենք ասել, որ ունենք կայացած փառատոներ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում, և փառատոներին մասնակցելու համար Հայաստան գալիս են զբոսաշրջիկներ։ Մեր զբոսաշրջային ընկերությունները համագործակցում են օտարերկրյա իրենց գործընկերների հետ, արդեն իսկ համաշխարհային շատ լրատվամիջոցներ անդրադառնում են այս փառատոներին։ Այս փառատոնին այցելող զբոսաշրջիկներ ևս կան, մենք կկարողանանք հասնել նրան, որ, իրոք, հատուկ փառատոնին մասնակցելու համար գալու են զբոսաշրջիկներ»,- ասաց պարոն Ապրեսյանը։

Իսկ Հայկ Չոբանյանը հավելեց, որ Բերդ տարածաշրջանն անկլավ է, և այդ առումով այն ստրատեգիական հսկայական նշանակություն ունի մեր երկրի համար։ Ըստ նրա՝ բնակչությունը ծերանում է, և գայթակղիչ չէ այնտեղ ապրելը՝ արտադրողի տեսանկյունից, այնինչ մենք պետք է հատկապես դա գայթակղիչ դարձնենք։
«Տարածաշրջանը թերակզու նման մխրճված է Ադրբեջանի մեջ,  և դրա համար պետք է պնդել, որ ծառայությունների մասով նույնպես հարկային արտոնություններ լինեն»,- հավելեց պարոն Չոբանյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս