Բաժիններ՝

«Հայաստանում մասնագիտական ճիշտ կողմնորոշում չի իրականացվում». Արևիկ Անափիոսյան

Արդեն հայտնի են ընդունելության քննությունների արդյունքները: Ներկայումս ընթանում է ընդունելության երկրորդ փուլը, որի նպատակը թափուր տեղերը լրացնելն է:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի դիտարկմամբ՝ եթե կան թափուր տեղեր, ապա խնդիրն այն է, որ ներկայումս մասնագիտական ճիշտ կողմնորոշում չի իրականացվում: Արդյունքում՝ ստացվում է, որ ով դիմել է՝ ընդունվել է:

«Մենք ունենք առաջարկ մասնագիտություններ ունենալու, բարձրագույն կրթություն ստանալու, բայց չկա ներքին պահանջարկ: Բացի այդ էլ՝ մեր բուհերը չեն կարողանում հաջողությամբ իրականացնել արտաքին պահանջարկ ձևավորելը: Շատ են խոսում բուհերի միջազգայնացումից, բայց ինչպե՞ս է իրականացվում: Արևմտյան առաջատար բուհերում տեղերի բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ. կա հստակ ձևավորված պահանջարկ աշխատաշուկայի կողմից, որին ավելանում են նաև միջազգային համագործակցության շրջանակներում առաջարկվող տեղերի պահանջարկները: Այսինքն՝ մասնագիտական կողմնորոշում է արվում, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- նշեց բանախոսը:

Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ Հայաստանում միայն ընդունելության տեղերն են ավելացնում՝ հույս ունենալով, որ կգան, իրենց մոտ վճարովի համակարգով կսովորեն, արդյունքում՝ իրենք կկարողանան ապահովել մյուս ֆակուլտետները:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններում թափուր տեղ չլինելու հաշվին պահում են, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետը:

«Եթե մասնագիտության հաշվարկ կատարվի, թե ֆիզիկայի ֆակուլտետում բակալավրը որքա՞ն կարժենա, վստահ եմ, որ ավելի թանկ կլինի, քան միջազգային հարաբերություններում մասնագետ պատրաստելը»,- ասաց Արևիկ Անափիոսյանը:

Խոսելով Հայաստանի Հանրապետությունում կրթության որակի մասին՝ Արևիկ Անափիոսյանը նշեց, որ ի սկզբանե կոնցեպցիան այնպես է կազմակերպված, որ չի նպաստում ոլորտի զարգացմանը:  Վերջինիս խոսքով՝ շատ տարածված մոտեցում է ամբողջ աշխարհում, որ սկզբում ընդունում են շատ դիմորդներ, հետո ընթացքում փորձում են մաղել: Բայց սա աշխատում է այն պարագայում, երբ իսկապես մաղում են՝ համալսարանից դուրս թողնելով այն ուսանողներին, որ չեն կարողանում իրենց արդարացնել:

«Բուհերը չեն կարողանում իրենց բյուջեով գոյատևել, դրա համար հենվում են վարձավճարների վրա: Խնդրի առաջ են կանգնում, քանի որ դուրս թողնելով ուսանողներին՝ վարձավճարները կքչանան»,- հավելեց բանախոսը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս