«Ընդհանուր կրթական համակարգը դրված է «յոլա» տանելու ռեժիմի վրա». Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ այն, որ կա ընդամենը 10.000 դիմորդ, բայց համալսարանները հայտարարում են 20.000 տեղ, հոգեբանական պատճառներ ունի: Եթե բուհն ասում է, որ կա 150 տեղ՝ շատ լավ իմանալով, որ այդքան մարդ չի գալու, ապա դրանով բուհն ուզում է հասկացնել, որ տեղերն այնքան շատ են, որ ով էլ գա, կընդունվի:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ սա մի քանի գործոնների ազդեցության տակ ստեղծված իրավիճակ է: Առաջին գործոնն այն է, որ ՀՀ-ում պետական և բուհական համակարգը պետության կողմից անուշադրության է մատնված: Բուհերը պետական բյուջեից ստանում են իրենց եկամտի ընդամենը 15-20 %-ը:
«Բուհը համարվում է պետական, բայց ընդամենը 15-20 % է ստանում պետությունից: Հետևաբար՝ նրանք պետական չեն կարող լինել, պետությունն ուղղակի բաց է թողել բուհերին՝ ասելով՝ վարձ հավաքեք, բուհ պահեք: Դե՛, սրա արդյունքում էլ բուհերը սկսեցին նշաձողն իջեցնել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:
Բանախոսի նշած մյուս գործոնը արտագաղթն է: Նրա տվյալներով՝ 2016 թվականին ՀՀ-ից արտագաթել է 7100 աշակերտ, 2015 թվականին՝ 500: Սրա մոտ 1/12-րդ մասը շրջանավարտներն էին, որոնք պետք է դիմորդ լինեին: Ստացվում է, որ 500 դիմորդ կորցրեցինք: Վերջինս նաև նշեց, որ դիմորդների թիվը պակասում է անվճարունակ լինելու պատճառով:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ ՀՀ-ում հիմա մեծ թվով դիմորդներ գնում են արտասահմանյան բուհեր. Ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսարան:
Կրթության փորձագետի կարծիքով՝ մեր բուհեը չեն կարող լինել գիտահետազոտական՝ այն պարզ պատճառով, որ ՀՀ-ին այդքան գիտնական պետք չէ, և ավարտածների 5 %-ն էլ չի գնում գիտական ճանապարհով:
«Ընդհանուր կրթական համակարգը դրված է յոլա տանելու ռեժիմի վրա, և այս դեպքում որակի մասին խոսելն անիմաստ է: Ամբողջ պարադոքսն այն է, որ ստեղծված է մի իրավիճակ, որին ոչ ոք չի ցանկանում կպնել: Որպեսզի բուհերը տան որակ, պետք են արմատական փոփոխություններ, բայց միշտ առաջ են բերվում սոցիալական հարցերը»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը:
Անի Թորոսյան