Կազանյան փաստաթուղթը վաղուց մերժված է, սակայն Մադրիդյան սկզբունքներն ուժի մեջ են
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն օրերս որոշ մանրամասներ է գաղտնազերծել Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ: Նա ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը 7 հոգով ավելացնելու վերաբերյալ, սակայն պահպանվում են տարաձայնությունները որոշ դետալների, ներառյալ՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց ֆինանսավորման կարգի և այլ տեխնիկական հարցերի շուրջ:
Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել ենք Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:
– Պարոն Դուբնով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ օրակարգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կազանյան փաստաթուղթն է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձ էր հղվում այդ հայտարարությամբ, և արդյոք հնարավո՞ր է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացներն առաջիկայում ավելի ակտիվանան։
– Սերժ Սարգսյանը, կարծում եմ, ճիշտ է, որովհետև Կազանի հանդիպումից հետո որևէ նոր լուրջ փաստաթուղթ չի հայտնվել, իսկ Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, փոփոխված Մադրիդյան սկզբունքներն են։ Սակայն, ըստ էության, Կազանյան փաստաթուղթն արդեն վաղուց մերժված է, իսկ Մադրիդյան սկզբունքները շարունակում են իրենց կյանքը, քանի որ դրանք բացառապես շրջանակային են, բանաձևեր են, որոնց հիման վրա կարող են հայտնվել շատ տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ Կազանյանը։
Գործընթացի որևէ արագացում չի կարող լինել, քանի որ այսօր իրականում հակամարտության կարգավորմամբ ոչ մի կողմը չի զբաղվում, յուրաքանչյուրը՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը, լուծում է ինչ-որ ռազմավարական խնդիրներ։ Այդ իսկ պատճառով միջնորդներին մնում է մտածել ոչ թե՝ հակամարտության գլոբալ կարգավորման մասին, այլ, որպեսզի հանկարծ տեղի չունենա լարվածության հերթական խոշոր բռնկում, ինչպես դա եղավ անցած տարի ապրիլին, կամ՝ մանր, ինչպիսիք ամեն ամիս տեղի են ունենում։
– Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ որևէ բան փոխել հնարավոր չէ։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին է հայտարարել, որ ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Համաձայն չե՞ք, որ հայկական կողմը պատրաստ է որևէ բան փոխել։
– Ոչ, ես կարծում եմ, որ հայկական կողմը պատրաստ չէ որևէ բան փոխել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, նրան բավարարում է, այսինքն՝ ստատուս-քվոն այսօր բավարար է։ Իսկ փոխել ինչ-որ բան կարող է և փորձում է միայն Բաքուն՝ ակնարկելով ռազմական ճնշման մասին։ Ահա և ամբողջ բանաձևը։ Իրավիճակի փոփոխության մեջ օբյեկտիվորեն հետաքրքրված չէ ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմը։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի առաջ քաշած բանաձևը՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»։
– Ըստ էության, նա կրկնել է Մադրիդյան սկզբունքների էությունը, որոնց շուրջ որոշ փոփոխություններով խոսակցությունը գնում է դեռ 90-ականներից։ Այսպես թե այնպես, այդ բանաձևը թաքցվում է զանազան ձևերով, բայց գլխավոր շարժառիթը նույնն է։ Ես կարծում եմ, որ ադրբեջանցի նախարարի հայտարարության մեջ չկա որևէ նոր բան, ուղղակի առաջարկվում է այն, ինչ Բաքուն միշտ է ասել՝ Հայաստանը պետք է ազատի շրջանները, Հայաստանը պետք է գնա ապառազմականացման, ի պատասխան՝ Ադրբեջանը խաղաղության մասին բանակցություններ կսկսի, և այլն։ Ադրբեջանի այս դիրքորոշումը, այս կամ այն տեսքով, կրկնվում է տարեցտարի, փուլ առ փուլ։
– Բայց ստատուս-քվոն դեռ որքա՞ն կարող է պահպանվել։
– Ստատուս-քվոն բավականին բարդ, կայուն, բայց և պայթյունավտանգ բան է, որովհետև, եթե կողմերից մեկին այն չի գոհացնում, ապա մշտապես ճնշումների ու ռիսկերի կենթարկվի, ինչը որ մենք տեսնում ենք։ Ես կարծում եմ, որ այս ստատուս-քվոն կասկածի տակ կդրվի բավականին հաճախ, տարբեր ուժգնությամբ, երբեմն մենք ականատես կլինենք զանգվածային ճգնաժամի, ինչպես 2016-ի ապրիլին, բայց իրադրության խոշոր փոփոխության որևէ հեռանկար ես դեռևս չեմ տեսնում։
– Շփման գծում ամեն օր կրակոցներ են հնչում, պարբերաբար զոհեր են լինում, անգամ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որևէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար։ Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի սահմանին զոհեր չլինեն, և հրադադարը պահպանվի։
– Ես կարծում եմ, որ այստեղ որևէ բան անելը շատ դժվար է։ Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։
Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, և ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։ Կարծում եմ՝ 2-3 շաբաթ անց դրա մասին կմոռանան թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Հրադադարի պահպանման առումով, կարծում եմ, պետք է անցկացվեն տեխնիկական բանակցություններ կողմերի դիրքերի հեռացման, անվտանգության ինչ-որ միջոցառումների մասին, որոնք, ցավոք, չեն կարող մնալ այն մակարդակին, որ, եթե կողմերը մոտեցել են 30 մետր, եկեք նրանց հեռացնենք 90 մետր։
Այդտեղ կարծես ոչ մի քաղաքական հարց չկա, բայց խնդիրն այն է, որ Բաքվի համար, որը հիմա սկսել է բավականին ակտիվ ճնշման քայլեր իրականացնել և պատասխան քայլերի դրդել հայկական կողմին, դա դառնում է քաղաքական հարց։ Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամարտության թուլացմամբ։ Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երևանը։
– Ռուսաստանը որոշել է ՀԱՊԿ գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, զենք մատակարարել: Դա կարո՞ղ է ազդել տարածաշրջանում իրադրության կամ ուժերի հավասարակշռության վրա։
– Ես չեմ կարծում, որ դա որևէ լուրջ փոփոխություն կբերի ուժերի բալանսի առումով, որովհետև Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ։ Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ։ Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ։ Բայց դա կշարունակվի, որովհետև բոլոր կողմերը դրանում, այսպես թե այնպես, հետաքրքրված են։
Մոսկվայի դրդապատճառները հասկանալի են, Ադրբեջանն իր փողերի դիմաց ստանում է բավականին ժամանակակից սպառազինություն, իսկ Երևանը՝ ոչ այնքան մեծ, ռուսական փողերի դիմաց ստանում է գուցե ոչ այնքան ժամանակակից, բայց բավարար քանակով զենք։
– Որոշ փորձագետներ, այդ թվում՝ ռուսական, կարծում են, որ ստեղծված իրավիճակում խաղաղություն հաստատելու միակ արդյունավետ միջոցն Ադրբեջանի քաղաքականությանը ռազմական պատասխանն է, քանի որ ագրեսորի հետ բանակցություններ վարելն անիմաստ է։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։
– Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը՝ Ադրբեջանը ռազմականապես ակտիվ է, Երևանը՝ ռազմականապես պասիվ, որը ոչ միշտ է ադեկվատ արտահայտվում շփման գծում, յուրաքանչյուր կողմն ապրում է իր ռազմական առօրյայով։ Ես կարծում եմ, որ և՛ մեկը, և՛ մյուս կողմը բավականին ակտիվ են այդ «անհանգստացնող հրաձգության» մեջ, թեև Ադրբեջանն իրեն բաժին հասած դերի պատճառով մի քիչ ավելի ակտիվ է։
– Թուրքիան և Ռուսաստանը կարգավորում են հարաբերությունները։ Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանում։
– Ես նախ՝ այնքան էլ վստահ չեմ, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են բավականին ջերմ հարաբերություններ ստեղծել։ Այս երկու երկրների մերձեցման ռեսուրսը մոտ է 0-ի, բայց այն բավականին համապատասխանում է նրան, ինչ որ միշտ եղել է։ Ես չեմ համարում Թուրքիային եռանդուն խաղացող Ղարաբաղյան հակամարտության գործընթացում և ընդհանրապես հայ-ադրբեջանական դիմակայության մեջ։ Թուրքիան մասնակցել է դրան 2008-ին, երբ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողեց, և դա եղավ Ադրբեջանի պահանջով և Ռուսաստանի մասնակցությամբ։ Բայց դա Թուրքիայի ակտիվության գագաթնակետն էր։
Թուրքիան փորձում է հնարավորինս հեռու մնալ հակամարտությունից, բայց մենք չգիտենք, թե ինչպես կզարգանան և ինչպես կփոխվի իրադրությունը նորացվող աշխարհում։ Այսօր Թուրքիան մի քիչ այլ Թուրքիա է, և, թե ինչպես կփոխվի նրա արտաքին քաղաքականությունը, ինչպես կփոխվի նախկին համակարգը, դեռևս բավականին դժվար է կանխատեսել։ Դա կախված է ոչ այնքան տարածաշրջանում իրավաճակից, նկատի ունեմ ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտությունը, այլ ավելի մեծ տարածաշրջանը՝ Սիրիա և այլն, նաև Անկարայի ու Եվրոպայի հարաբերություններից։