Բաքվի վճռաբեկ դատարանը Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններին պարտադիր Ադրբեջան վերադարձնելու վճիռ է կայացրել
Բաքվի վճռաբեկ դատարանը Նիդերլանդներում գտնվող իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների գործով վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: Բաքվի վերաքննիչ դատարանը Յունուս ամուսիններին ուժով դատարան բերելու որոշում է կայացրել:
Դատարանի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ կա ամեն պատճառ Ադրբեջան վերադառնալուց հետո ամուսիններին կրկին ձերբակալելու համար:
Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը և նրա գործընկեր՝ «Ընդդեմ խոշտանգումների» համաշխարհային կազմակերպությունը, անդրադառնալով Յունուսների վերաբերյալ դատարանի որոշմանը` Նիդերլանդների կառավարությանը կոչ են արել ընդդիմանալ ամուսիններին պարտադիր կերպով Բաքվին հանձնելու ադրբեջանական դատարանի որոշմանը:
«2014թ-ի ձերբակալությունից հետո Յունուս ամուսինների մոտ ի հայտ են եկել լուրջ առողջական խնդիրներ և նրանք ներկայումս բուժում ենստանում Նիդերլանդներում»,-նշված է կազմակերպությունների հայտարարության մեջ:
Կազմակերպությունները Նիդերլանդների կառավարությանը կոչ են արել պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից դադարեցնել Յունուս ամուսինների նկատմամբ իրականացվող հետապնդումները: Ադրբեջանական դատարանի որոշումը անուղղակիորեն վտանգի տակ է դնում Լեյլա և Արիֆ Յունուսների կյանքի և առողջության անվտանգությունը:
Լեյլա Յունուսը իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ բանտում եղած ժամանակ իրենք մշտապես ենթարկվել են ճնշումների և ցանկացել են ֆիզիկապես ոչնչացնել իրեն և ամուսնուն: Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել էին պետական դավաճանության եւ այլ մտացածին քրեական հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում էին, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:
Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում էին, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառն Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն էր եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:
Այն ժամանակ ամուսինների գործով դատական նիստն անցկացվել է բարձր անվտանգության միջոցառումների իրադրությունում: Լրագրողներից եւ արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներից խլել էին պայուսակները, բջջային հեռախոսներն ու վկայականները: Դահլիճի առաջին շարքերը զբաղեցրել էին դատական պրիստավները եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչի պատճառով շատերը չէին կարողացել մտնել դահլիճ:
Յունուս ամուսինների փաստաբանները նիստում ունեցած ելույթում հայտարարել էին, որ նրանց նկատմամբ ներկայացված ոչ մի մեղադրանք հիմնավորված չէ եւ շինծու է:
Լեյլա Յունուսը հայտարարել էր, որ բանտախցում ամեն բան արվում է իրենց ֆիզիկապես ոչնչացնելու համար: «Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել»,-ասել էր նա: Դատարանն արհամարհել էր Յունուսի այդ հայտարարությունը, մերժել Յունուսներին իրար մոտ նստեցնելու փաստաբանների միջնորդությունը:
2015-ի նոյեմբերին Բաքվի վճռաբեկ դատարանը փոխել էր Արիֆ Յունուսի նկատմամբ կայացրած դատավճիռը` այն փոխարինելով երկրից չբացակայելու ստորագրությամբ, իսկ Լեյլա Յունուսը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 9-ին:
Իլհամ Ալիևը չի կարողանում ներել իր կատարած անօրինականությունները վեր հանող և աշխարհին ներկայացնող Յունուս Ամուսիններին: Ալիևյան վարչակարգը ամեն գնով փորձում է ամուսիններին վերադարձնել Ադրբեջան և ավարտին հասցնել նրանց ֆիզիական ոչնչացման «անավարտ մնացած» գործը։