«Մեր ծրագիրը Երևանը տանելու է զարգացման». Տարոն Մարգարյանը հանդիպեց Աջափնյակի բնակիչներին

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանի, Լևոն Իգիթյանի, Միքայել Դովլաթյանի, Արա Կետիկյանի, Արտավազդ Սարգսյանի հետ միասին նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպեցին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի խոսքով` վստահելով իրենց թիմին Երևանի բնակիչները կտեսնեն, որ այն ամենն ինչ ստեղծված էր, ունենալու է ստեղծագործական շարնակականություն:

«Ծաղկելու է Երևանը, բարեկեցիկ ու բարեկարգ քաղաքում է ապրելու երևանցին: Ուստի կրկին հայցում ենք ձեր վստահությունը: Տվեք ձեր վստահության քվեն պարոն Մարգայանին և իր թիմին ու մենք կունենանք շարնակաբար զարգացող Երևան»,­- ասաց փոխքաղաքապետը:

Նրա խոսքով` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած թիմը փորձառու է, տեսել է ամբողջ քաղաքն իր զարգացման հեռանկարի մեջ:

Արեյանը նաև վստահեցրեց, որ իրենց նախընտրական ծրագիրն իրատեսական է, չափելի արդյունքներով և ժամկետներով: Նրա ներկայացմամբ` չկա որևէ խնդիր, որի լուծման տարբերակն իրենց թիմը չիմանա:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ 4 տարի առաջ իրենց թիմով հանդես եկան «Ավելի լավ Երևան» ծրագրով և շատ աշխատանքներ իրականացրեցին դրա շրջանակներում, բայց դա չի նշանակում, որ դեռ անելիքներ չկան:

«Մեր թիմը, շփվելով բնակիչների հետ, լսելով բոլոր բարձրացված հարցերը, նախատեսեցինք հաջորդ 5 տարվա ծրագիրը, որը տանելու է Երևանի զարգացմանը: Հավատացեք մենք դա կարող ենք իրականացնել փորձառու թիմով, այն թիմով, որն օր ու գիշեր ծառայել է մեր երևանցուն: Մեր հիմնական խնդիրներից մեկը` բազմաբնակարանային շենքերի բնակֆոնդերի պահպանումն է: Այսօր բոլորս տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքերի համատիրույթյունների կառավարման մեջ բազմաթիվ խնդիրներ կան: Մենք` մեր թիմով, օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում: Պետք է ունենաք այնպիսի կառավարում, որ ներկայիս խնդիրները չլինեն: Շքամուտքների վերանորոգման, վերելակային տնտեսության, տանքիների, նկուղների խնդիրները երևանցիների համար դարձել են առաջնային: Կա տրանսպորտի խնդիր, որի համար նույնպես առաջարկում ենք բարեփոխումներ: Բոլոր բարեփոխումները մոտ ժամանակներս կներկայացնենք հասարակությանը»,­ ասաց քաղաքապետը` վստահեցնելով, որ փորձելու են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք սոցիալական խավերի համար լրացուցիչ բեռ չեն ավելացնելու:

Նա նաև հավելեց, որ իրենց թիմը եկել է ծառայելու և գլուխը կախ աշխատելու` հանուն երևանցու:

ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Արա Կետիկյանի խոսքով`եթե որևէ անհատ կամ թիմ պատասխանատվություն է ցանկանում ստանձնել այս երկրում բարեփոխումներ իրականացնելու համար` նախևառաջ պետք է սիրի իր ժողովրդին, երկիրը և հայրենիքը: «Ոչ միայն սիրի, այլև այնքան նվիրված լինի, որ պատրաստ լինի օր ու գիշեր անել ամեն ինչ հայրենիքի ամրապնդման ուղղությամբ: Այս երկրում և տարածաշրջանում մենք այլ անելիք չունենք: Տարոն Մարգարյանը բազմիցս ապացուցել է, որ գիտակցում է, որ հայրենիքը նախ սկսվում է սահմանապահ դիրքերից, որոնց ամրությունն ուղիղ համեմատական են մայրաքաղաքի հզորության կազմակերպվածության և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի հետ»,­- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս