«Ազգային արխիվում պատրաստվում են ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը». Ամատունի Վիրաբյան
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ արխիվի վերջին ձեռքբերումների, նորությունների ու խնդիրների մասին:
Ազգային արխիվում պատրաստվում են ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը՝ միաժամանակ շարունակելով աշխատել Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման ուղղությամբ: Բանախոսը հավաստում է՝ արդեն ունենք տասնյակ-հազարավոր մարդկանց անուններ, բայց աշխատանքները շարունակվում են.
«Ես ասել եմ ու նորից կրկնում եմ՝ սա մի քանի տարվա գործ չի, այլ տարիների երկարաժամկետ աշխատանք, և այս պահին չեմ կարող ասել, թե երբ այն կավարտենք, քանի որ պարբերաբար նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս: Դա էլեկտրոնային տարբերակով է, և եթե որոշակի քանակի հասնենք, արդեն կհրապարակենք»,- ասում է Ամատունի Վիրաբյանը՝ միաժամանակ հավելելով, որ այսօր արդեն բաց են թուրքական բավականին մեծ թիվ կազմող արխիվներ, որ, ըստ էության հինգ տարի առաջ լուրջ սահմանափակումների էր ենթարկվում, սակայն մենք այստեղ լուծելու մեծ խնդիր ունենք՝ օսմաներեն լեզվին տիրապետողների թիվը մեր երկրում հասնում է անցանկալի մինիմումի:
Ինչպես տեղեկացնում է Ազգային արխիվի տնօրենը, աշխատանքները կատարվում են երկու ուղղություններով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ ևս փաստաթղթեր են պատրաստում՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, որի ավարտին Մոսկվայում տպագրվելու է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն, որտեղ նաև ընդգրկվելու են Ցեղասպանությանը վերաբերող փաստերը:
Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային արխիվը 2018 թվականին պատրաստվում է նշել Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Այս առիթով ևս արխիվում գործնական քայլեր են կատարվում. «Հայոց պետականության վերականգնումը Մայիսյան հերոսամարտի ճակատամարտերի արդյունք էր: Երեկ ՀՀ նախագահը պետական կառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, և Ազգային արխիվը կարևոր անելիքներ ունի այս ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է պատրաստել և հրապարակել Մայիսյան հերոսամարտերի լուսանկարների քարտեզներ, տեսանյութերի, փաստաթղթերի ցուցահանդես, որը փորձելու ենք ներկայացնել տարբեր երկրներում: Այս առնչությամբ սերտ համագործակցություններ կան հատկապես սփյուռքյան կազմակերպությունների հետ»,- ասում է պարոն Վիրաբյանը: