Բաժիններ՝

Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 24­-ին կժամանի Հայաստան

Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին ապրիլի 24-­ին հնգօրյա այցով կլինի Հայաստանում և Լեհաստանում, բանակցություններ կվարի երկու պետությունների բարձրագույն ղեկավարության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Այդ մասին հաղորդում է Indiatoday գործակալությունը:

Այցի առաջին փուլում` մինչ ապրիլի 26­-ն, Անսարին կլինի Հայաստանում: Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Երևանում Անսարին բանակցություններ կվարի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Այցի նպատակը երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացումն է, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ու գործընկերության հետագա զարգացումը»,­- լրագրողներին ասել է Հնդկաստանի ԱԳՆ արևելյան հարցերով քարտուղար Փրեթի Սարանը:

Անսարին կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ: «Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին»,-­ նշել է Սարանը:

Ապրիլի 26-­ին Անսարին Հայաստանից կմեկնի Լեհաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս